Լրահոս
Օրվա լրահոսը

Ասում

Դեկտեմբեր 06,2001 00:00

«ՄԵՐ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՐ ԱՐԺԱՆԻՔՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ» Ասում է «Արժանապատիվ ապագան» 1999 թվականի խորհրդարանական ընտրություններից անմիջապես առաջ ստեղծված «Արժանապատիվ ապագա» կուսակցությունը, ըստ էության, երեկ իր առաջին համագումարը հրավիրեց։ Ժամանակին այս կուսակցության անունը անմիջականորեն կապվում էր վարչապետ Արմեն Դարբինյանի հետ։ Այսօր Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը փորձեց այդ կապի բացատրությունը տալ, ասելով, որ ինքը չի եղել կուսակցության անդամ, սատարել է «Արժանապատիվ ապագա»-ին եւ շարունակելու է սատարել՝ առանց լիարժեք անդամ դառնալու։ 99-ի խորհրդարանական ընտրություններում այս կուսակցությունը հավաքեց 3,8 տոկոս ձայն։ Իսկ Պարույր Հայրիկյանի կուսակցությունը՝ 0,2 տոկոս։ Պրն Հայրիկյանն այնքան էր ազդված այս փաստից, որ ողջույնի խոսք ասելով կուսակցության համագումարում, խնդրեց, որ նախորդ անգամվա պես, առաջիկա ընտրություններում «ԱԱ»-ն չխլի «ԻՄ»-ի ձայները։ Համագումարի ընդունած բանաձեւը փաստեց, որ կուսակցության առաջնահերթ մարտավարական խնդիրն է դառնում «ակտիվ մասնակցությունը ԱԺ-ի եւ Հայաստանի նախագահական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին»։ Լյուդմիլա Հարությունյանը հարմար էր գտել խոսքի ընթացքում վերլուծել երկրի տասը տարիների թերություններն ու արժանիքները։ Շեշտվեց, որ կարեւորագույն ձեռքբերումներն են անկախության հաստատումը եւ պետականության հիմքերի ձեւավորումը, Ղարաբաղի անկախացման անդառնալի գործընթացը։ Իսկ այսօրվա ճգնաժամը հաղթահարելու համար հարկավոր է գոյատեւումից անցնել զարգացման, վերացնել աղքատությունը եւ այլն, ընդհանրապես որեւէ կուսակցության համագումար հիմնական զեկուցողի մակարդակով սովորաբար խելոք եւ ճիշտ բաներ է ասում երկրի այսօրվա եւ վաղվա զարգացումների մասին, սակայն, որպես կանոն, դրանք մնում են միայն սիրուն խոսքեր եւ իրականում գործում են բացարձակապես ուրիշ օրենքներ։ Օրինակ, տիկին Հարությունյանի պնդմամբ, այսօր երկրի տնտեսությունը չի կառավարվում հայրենասիրությամբ. «Մենք այլեւս այն հայերը չենք, որոնք հայրենասիրության համար պատրաստ էին զոհողությունների, այլեւս ազգը բաժանված է կուսակցությունների միջեւ, դրա համար օրենքի ուժը պիտի սահմանվի մեր երկրում»։ Տիկին Հարությունյանը քաղաքական ճամբարների մասին խոսելիս ասաց, թե երկու ճամբար կա՝ նախագահական եւ հականախագահական, սակայն, ըստ տիկին Հարությունյանի. «Հայաստանի քաղաքական դաշտը չի կարելի այդպես վերլուծել։ Քաղաքական դաշտը ձեւավորվում է գաղափարախոսության հիման վրա, եւ հենց գաղափարախոսությունն է հիմնական ջրբաժանը եւ չափանիշը»։ Ըստ այդմ, Լ. Հարությունյանն ընդունում է, որ Հայաստանում կա դիմություն եւ ընդդիմություն. «Դիմություն պետք է ճանաչել պրեզիդենտին եւ նրան սատարող ուժը, ոչ թե որովհետեւ սա պրեզիդենտին սատարող ուժն է, այլ, որովհետեւ իրենք հստակ գաղափարախոսություն են այսօր հետապնդում եւ նաեւ կուրս ունեն։ Ճիշտ է, դա լավ հայտարարված չի, բայց կարելի է տեսնել տարբերությունը։ Շատ մեծ տարբերություն կա Ղարաբաղի հարցի լուծման մեջ, կա տարբերություն, թե ինչպես է գործող իշխանությունն ուզում հաղթահարել ճգնաժամը»։ Տիկին Հարությունյանի պնդմամբ՝ այս հատկանիշներից ելնելով կարելի է արձանագրել, որ կա դիմություն՝ ուժեղ առաջնորդով։ Սակայն Հայաստանում կա նաեւ ընդդիմություն՝ դարձյալ ուժեղ առաջնորդով։ Ո՞րն է այդ ընդդիմությունը, ըստ «Արժանապատիվ ապագայի». «Սա ռադիկալ-աջակողմյան օպոզիցիոն ուժն է ի դեմս ՀՀՇ-ի, սեփական կուրսով, Հայ դատում իր սեփական դիրքորոշումով, ղարաբաղյան կոնֆլիկտի մեջ սեփական դիրքորոշումով, միջոցներով եւ մասսայական ինֆորմացիայի միջոցներով»։ Լ. Հարությունյանի պնդմամբ, այսօր Հայաստանում չկա կոմունիստական ընդդիմություն, թեպետ կոմունիստներն ունեն իրենց ընտրողները. «Կա նաեւ սոցիալ- ժողովրդավարական աջակողմյան որոշակի կոնսիլիդացված զանգված, բայց որը չունի մշակված կուրս, չունի իր դիրքորոշումը շատ հարցերում եւ չունի շատ մեծ ներուժ՝ ընտրություններում կարեւորագույն մի բանի հասնելու»։ Իսկ այն ուժը, ինչն այսօր ընդդիմություն է, տիկին Հարությունյանի պնդմամբ՝ բոլորովին ընդդիմություն չէ. «Այս ուժը պայքարում է իշխանության եւ սեփականության վերաձեւման համար, այլ ոչ թե իդեոլոգիայի համար։ Այս ուժը սպասարկում է կարեւորագույն խնդիրը այսօր՝ սեփականության բաժանումը հոկտեմբերի 27-ից հետո, եւ այս ուժը արդյունք է պատերազմից դեպի խաղաղության անցման ժամանակահատվածի։ Բայց այս ուժը չի արտահայտել իր իդեոլոգիան եւ դեռ ճանապարհ ունի անցնելու։ Այս ուժը ինքը կասի, թե ինքը ինչ է»։ Տիկին Հարությունյանի նշած «այս ուժի» մեջ են, ըստ նրա՝ «Երկրապահի» մի մասը, ՀՀԿ-ի մի մասը, ՀԺԿ-ի մի մասը, «ԱՄ»-ը, որը ղեկավարվում է երեք լիդերների կողմից»։ Ընդհանուր առմամբ, տիկին Հարությունյանի զեկուցումը կառուցված էր խիստ նրբանկատ, հոգեբանին վայել զգուշավորությամբ։ Նույնիսկ, եթե հպանցիկ խոսվում էր գործող իշխանության թերությունների կամ սխալների մասին, այդ բանն արվում էր գրեթե մայրական հոգատարությամբ։ Վստահաբար կարելի է ասել, որ «Արժանապատիվ ապագան» առաջիկա ընտրություններում կլինի նախագահ Քոչարյանին սատարող եւ նրանից սատարում ակնկալող հերթական քաղաքական ուժը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել