Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆԱՆՑ ԿԵՆՏՈՆԸ՝ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՏԱՆԻՔ

Դեկտեմբեր 05,2001 00:00

ԿԱՆԱՆՑ ԿԵՆՏՈՆԸ՝ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՏԱՆԻՔ Կանանց իրավունքների կենտրոնը նոյեմբերի 25-ից սկսած անց է կացնում 16-օրյա բողոքի ակցիա՝ ընդդեմ գենդերային բռնության։ Այն (ակցիան) աշխարհում անց է կացվում 1991 թվականից։ Կենտրոնի կազմակերպիչները փաստում են, որ այն արդեն իր շուրջն է համախմբել 90 երկրների շուրջ 800 կազմակերպություններ։ Ուստի, Կանանց իրավունքների հայաստանյան կենտրոնն էլ վերցրել ու որոշել է զբաղվել մեր երկրում կանանց նկատմամբ իրականացվող բռնությունների վերաբերյալ հարցերով։ Եվ ստացած գրանտի օգտագործումն էլ արդարացնելու նպատակով տպագրել բազմաթիվ ու բազմաբնույթ բրոշյուրներ ու բազմագույն թռուցիկներ։ Հետո էլ սոցիոլոգիական հետազոտություններ է անցկացրել բռնությունների ենթարկված 1200 կանանց շրջանում եւ արդյունքները տպագրել հայերեն, ռուսերեն ու անգլերեն լեզուներով, որ աշխարհը կարդա ու իմանա, որ Հայաստանն էլ կարգին երկիր է՝ հարուստ բռնությունների բոլոր տեսակներով (հոգեբանական, ֆիզիկական, սեռական)։ Կանանց իրավունքների կենտրոնը հայ կանանց այսուհետ «լուսավորելու» է իր բրոշյուրներով՝ վերջապես հասկացնելու համար, որ «բռնությունը ազգային դեմք ու սահմաններ չունի»։ Միջոցառման կազմակերպիչների կարծիքով, իրենց Կենտրոնի խնդիրը ոչ թե «մարմնավաճառ կանանց ընտրած «ուղուց» հետ պահելն է, այլ սեփական բրոշյուրների տարածումը, ուր նշված է, թե ինչ է մարդկանց առեւտուրը»։ Պարզվում է՝ Կանանց իրավունքների կենտրոնով բռնությունների ենթարկված տղամարդիկ էլ են հետաքրքրվում. զանգահարում են թեժ գիծ կամ հյուրընկալվում Կենտրոնի գրասենյակում։ Անգամ խնդրում են. «Չի՞ լինի, մեր իրավունքներն էլ պաշտպանեք, ինչո՞ւ կանանց իրավունքների կենտրոն կա, իսկ տղամարդկանց իրավունքների կենտրոն՝ ոչ»։ Դե, Կանանց իրավունքի կենտրոնն էլ մարդկանց խորհուրդներ տալուն ու ընդամենը նրանց մասին զանազան բրոշյուրներ ու գրքույկներ տպագրելուն զուգահեռ, որոշել է սրանից հետո սեռական խտրություն չդնել ու անպաշտպան տղամարդկանց համար եւս բարոյական տանիք լինել։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել