Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրան-Զամին» ամենամյա փառատոնին մեկնելու մտադրությունը վերջին պահին փոխած Դրամատիկ թատրոնի փոխարեն՝

Դեկտեմբեր 05,2001 00:00

ՌԴ-ն ու Սլովենիան չժամանեցին «Իրան-Զամին» ամենամյա փառատոնին մեկնելու մտադրությունը վերջին պահին փոխած Դրամատիկ թատրոնի փոխարեն՝ բառացիորեն առանց նախապատրաստվելու, առանց ազդագրերի ու լուսանկարների Աղհվազ մեկնեց Համազգային թատրոնը։ Այն, հանդես գալով երեք ներկայացումներով, արժանացել էր փառատոնի առաջին մրցանակին։ Փառատոնին մասնակցում էին շուրջ 17 թատերական խմբեր (այդ թվում՝ նաեւ խմբեր Քուրդիստանից, Իրաքից ու «Թավրիզ» կենտրոնից)։ Իսկ Ռուսաստանի եւ Սլովենիայի ներկայացուցիչները չէին ժամանել Իրան։ Նրանք փորձել էին այդկերպ արտահայտել իրենց բողոքն ահաբեկչության դեմ՝ կապված իրանյան փառատոնի նախօրեին ԱՄՆ-ում գրանցված ինքնաթիռի վթարի հետ։ Համազգային թատրոնի գլխավոր ռեժիսոր Դավիթ Հակոբյանը, հիացած թատրոնի նկատմամբ հատկապես իրանական իշխանությունների եւ հանդիսատեսի հարգալից վերաբերմունքից, ցավով արձանագրեց դրա բացը Հայաստանում։ Վերջինիս խոսքերով՝ ինքը միշտ չէ, որ լավ է զգում դերասան կամ ռեժիսոր լինելու պատճառով։ Նույնը նկատեց նաեւ Սոս Սարգսյանը՝ թատրոնի համար հուսալով պետական հոգածություն ու պաշտպանվածություն։ Նա նաեւ հիշեց, որ, չնայած սեփական շենքի բացակայությանը, թատրոնն արդեն 10 տարի գործում է։ Այն հյուրախաղերով հանդես է եկել Լիբանանում, Սիրիայում, Վրաստանում, Արցախում եւ Հայաստանի բոլոր մարզերում, սակայն երբեք չի շեփորահարել սեփական հաջողությունների մասին։ Սոս Սարգսյանը կարեւորեց Համազգային թատրոնի՝ իրանյան փառատոնին մասնակցելը՝ դժգոհելով, որ «շլացած Արեւմուտքի արժեքներով՝ հայերս հաճախ մոռանում ենք Արեւելքի իրական բարոյական, պատմական ու մշակութային արժեքները»։ Իրանի դեսպանատան Մշակութային կենտրոնի տնօրեն Մոհսեն Աբու Թալեբին էլ խոսեց արեւելյան ժողովուրդների գերարժեքների մասին։ Նա առաջարկեց սերտացնել հայ-իրանական մշակութային կապերը, ինչի արդյունքում «չեն նկատվի չադրաների սահմանափակումները»։ Ի դեպ, վերջին 2 ամսվա ընթացքում արդեն 4 թատերախումբ է մեկնել Իրան, ուր նրանց ընդունել են հավուր պատշաճի՝ ընդգծված համակրանքով ու լիքը դահլիճներով։ Համազգային թատրոնի բոլոր սպասելիքները եւս այս առումով արդարացվել են։ Նրա ներկայացրած Սամվել Կոսյանի «Գուցե փրկվե՞նք» պիեսը մեծ հաջողություն է ունեցել Իրանում։ Թատրոնի գլխավոր ռեժիսոր Դավիթ Հակոբյանին առաջարկվել է հայկական պիես բեմադրել, իսկ դերասանուհի Նարե Հայկազյանին՝ Էլեկտրա խաղալ։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել