Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակութային

Դեկտեմբեր 05,2001 00:00

ՊԱՀԵԱ ԵՎ ՊԱՀՊԱՆԵԱ ԶԱՐԺԵՔՍ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ Մշակութային արժեքների պահպանության վարչության, ավելի ճիշտ՝ այդ վարչության աշխատանքները կարգավորող օրենքների եւ որոշումների, այլ խոսքով՝ տարվող քաղաքականության հետ պրոբլեմներ ունեն նաեւ «սալոնչիկները»՝ մասնավոր պատկերասրահների տերերը։ Սկիզբը՝ նախորդ համարում Գեղարվեստական գործերի ցուցահանդես-վաճառքի համար նախատեսված սրահների թիվն օրըստօրե աճում է մայրաքաղաքում։ Շատերն են հասկանում, որ մշակույթը մեր աղքատ երկրի համար բիզնեսի լավագույն աղբյուր կարող է լինել։ Բնականաբար, արտ-բիզնեսով սալոնային մակարդակով զբաղվողները վաճառում են ոչ «վերնիսաժային աղբ». նրանց մոտ վաճառվող գործերը մշակութային արժեքներ են, հետեւաբար, ենթակա են արտահանման միայն եւ միայն Մշակութային արժեքների պահպանության վարչության կողմից տրվող արտահանման իրավունքի վկայագրի առկայության դեպքում։ Իսկ սա նշանակում է, որ գնորդը պիտի վճարի ոչ միայն նկարի համար, այլեւ դրա արժեքի 5 կամ 15%-ի չափով պետտուրք (կախված գործի ստեղծման ժամկետից)։ Բնական է, չէ՞, սրահների տերերի ընդվզումը։ Գալիս է արտասահմանցի գնորդը (իսկ պատկերասրահների «կլիենտուրան» հիմնականում արտասահմանցիներն են), վճարում է նկարի համար որեւէ գումար, եւ հանկարծ պարզվում է, որ բացի դրանից ինքը պետք է գնա Մշակութային արժեքների պահպանության վարչություն, նկարը հանձնի փորձաքննության եւ, արդյունքում, մի որոշ գումար էլ թողնի մեր պետությանը՝ բյուջեին։ Սակայն սրանով սրահների տերերի դժգոհությունը չի սահմանափակվում։ Ելնելով իրենց սեփական եւ, բնականաբար՝ նկարչի շահերից, սրահներում նրանք նկարները վաճառքի են դնում հնարավորինս բարձր գնով։ Հայտնվում է գնորդը, սակարկելով կամ առանց սակարկի, ի վերջո, գնում է նկարը եւ գնում Մշակութային արժեքների պահպանության վարչություն։ Այստեղ հեղինակավոր արվեստագետներից կազմված փորձագիտական հանձնաժողովը գնահատում է նկարը։ Գնորդի տված գումարի, ասենք, 1/4-ի չափով։ Իհարկե, մի կողմից լավ է, որ պետտուրք քիչ կմուծի, բայց մյուս կողմից՝ գնորդն իրեն խաբված է զգում։ Այս առնչությամբ վարչության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Վահան Գասպարյանի պարզաբանումը հետեւյալն էր. «Բնականաբար, սալոնների տերերն ուզում են ստեղծագործությունները թանկ վաճառել՝ դրսի գներով ու, քանի որ գնորդները հիմնականում արտասահմանցի են, այդ գները նրանց լիովին ձեռնտու են։ Թեեւ ասեմ, որ ձեւավորված գնային համակարգ նրանք գրեթե չունեն։ Ժամանակակից հեղինակի գործն, ասենք, կարող են վաճառքի դնել 2000 դոլարով, գնորդի հայտնվելուց հետո՝ հասցնել մինչեւ 1000-ի կամ նույնիսկ 500-ի։ Իսկ մեզ մոտ աշխատում են ճանաչված արվեստագետներ, թանգարանների աշխատակիցներ, որոնք հրաշալի գիտեն տեղի շուկան։ Առաջնորդվում ենք այստեղի գներով։ Մոտավորապես գիտենք, թե այստեղ նկարիչն արվեստանոցից ինչ գնով է վաճառում իր նկարը տեղացի գնորդին։ Ու փորձագիտական հանձնաժողովը դրանից ելնելով է գնահատում նկարը»։ Նույն իրավիճակն է տիրում գորգերի վաճառքի ասպարեզում։ Իսկ փորձաքննության ժամանակ ամեն ինչ հարթ ու սահուն չի անցնում։ Գործերը գնահատելիս տարբեր կարծիքներ են հնչում, բախումներ են լինում, վիճաբանություններ եւ, ի վերջո, քննարկումների արդյունքում որոշվում է գինը։ Այսքան պրոբլեմները վարչությանը կարծես հերիք չեն, նրանք ցանկանում են նոր ֆունկցիաներ էլ ձեռք բերել՝ հուսալով, թե դրանով կշտկեն առկա կնճիռները։ Ցանկությունը Մշակութային արժեքների պահպանության վարչության պետ Շողիկ Ասոյանը ձեւակերպեց այսպես. «Կուզենայինք որոշակի վերահսկողական ֆունկցիաներ ունենալ։ ՌԴ-ում, օրինակ, մշակույթի նախարարության համակարգում գոյություն ունի նմանատիպ օրգան, որին կանոնակարգելու, հսկելու որոշ իրավունքներ են վերապահված. տրված է սալոնների, հնաոճ առարկաների խանութների, վերնիսաժների գործունեությունը ու նաեւ՝ փորձագետներին լիցենզավորելու իրավունք։ Եթե նման հնարավորություն տրվի նաեւ մեր վարչությանը՝ ինչ-որ հարցեր կկարգավորվեն ե՛ւ գնային քաղաքականության առումով, ե՛ւ ճիշտ փորձագիտություն անցկացնելու առումով»։ Վերահսկիչ ֆունկցիան մի կողմ, այս վարչությանը տրված է շատ ավելի լուրջ ու հետաքրքիր ձեռնարկման իրավունք։ «ՀՀ մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին օրենքի» 14-րդ հոդվածով վարչությունը լիազորված է «ազգային պահպանական ցուցակների հիման վրա ստեղծել ՀՀ տարածքում գտնվող թե՛ պետական, թե՛ կոլեկտիվ եւ թե՛ անձնական սեփականություն հանդիսացող մշակութային արժեքների «տվյալների շտեմարանը»։ Ըստ տիկին Ասոյանի, այս ուղղությամբ բավականին գործ է արվել վերջին տարիներին. «Այս վարչությունն, ահա քանի տարի է, զբաղվում է այդ խնդրով։ Մենք համակարգչային լավ բազա ունենք, մեծ աշխատանք է կատարված։ Եվ եթե կարողանանք վերահսկել շարժը՝ առեւտուրը, ելքումուտքը՝ հրաշալի կլինի։ Նաեւ այս պատճառով կցանկանայինք վերահսկել մշակութային արժեքների առքուվաճառքով զբաղվող կազմակերպությունների գործունեությունը»։ Կարող է թվալ, թե այս վարչության հետ առնչվում են միայն նկարիչները (կամ ավելի լայն՝ դեկորատիվ-կիրառական արվեստով զբաղվողները), այնինչ, վարչության դուռը պարբերաբար թակում են նաեւ երաժիշտները։ Համերգային շրջագայություններից առաջ եւ հետո երաժիշտը գրանցում է գործիքի ելքն ու մուտքը։ Փորձաքննությանը, որին ներկա եղանք, մի երաժիշտ ներկայացրել էր իր ջութակը, որն, ի դեպ, դատելով փաստաթղթերից, բազմիցս «տարած-բերած» էր։ Այս անգամ նա գործիքը (150000 դրամ գնահատված) արտահանում էր ոչ թե ժամանակավոր, այլ մշտապես։ Ջութակի հետ երկու աղեղ էին, որոնցից միայն մեկն էր նախապես «հասցրել» գրանցվել եւ գնահատվել ջութակի հետ։ Մյուսը կամ պիտի նոր փորձաքննություն անցներ, կամ, կախված երաժշտի համբերատարությունից՝ մնար չգնահատված, բայց՝ հայրենիքում։ Եվ այնուամենայնիվ, նկարիչների եւ նրանց գործերի բիզնեսով զբաղվողների չափ ոչ ոք թերեւս չի առնչվում այս վարչության հետ։ Արտագնա ցուցահանդեսներից առաջ նկարիչները գրանցում եւ գնահատել են տալիս իրենց գործերը։ Այսօր այդ պրոցեսը բավականին պարզեցվել է։ Նկարիչը, անմիջապես գործն ավարտելուց հետո կարող է տանել նկարը, փորձաքննությունն անցկացնելուց հետո արտահանման իրավունքի վկայագիրը ստանալ (եթե, իհարկե, ինքն է արտահանողը, քանի որ վկայագիրը տրվում է գործը հանրապետությունից դուրս բերողի անունով) եւ սպասել այն բարեբախտ օրվան, երբ կհրավիրեն արտերկիր՝ ցուցահանդեսի։ Ընդ որում, վարչությունը շատ հաճախ ընդառաջում է մեր նկարիչներին՝ արտագնա փորձաքննություններ է անցկացնում։ Օրինակ, Ռավեննայի բիենալեից առաջ փորձագիտական հանձնաժողովն ամբողջ կազմով եղավ Նկարիչների միությունում եւ այնտեղ փորձագիտություն կատարեց։ Նման օրինակները եզակի չեն։ Քիչ չեն նաեւ դեպքերը, երբ մեկնումից մի օր առաջ նկարիչը գալիս է եւ խնդրում փորձաքննություն անցկացնել։ Ու չնայած փորձագիտության օրերը ֆիքսված են՝ շաբաթը 2 անգամ, սակայն հաճախ մասնագետները, ընդառաջելով շտապողներին, շաբաթվա մյուս օրերին էլ են իրենց գործն անում։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ Հ. Գ. Մշակութային արժեքների պահպանության թեման անսպառ է, եւ մենք պարբերաբար կանդրադառնանք դրան՝ ներկայացնելով տարբեր ու տարաբեւեռ կարծիքներ եւ տեսակետներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել