Լրահոս
Օրվա լրահոսը

Զուգահեռ հասարակության հրապարակախոսություն

Դեկտեմբեր 05,2001 00:00

ՉԵ՞Մ ՀԱՅՏՆՎԵԼ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԴԵՐՈՎ Զուգահեռ հասարակության հրապարակախոսություն Ցավ, ողբ, աղաղակ, որ արտաքին աշխարհից խուժում են մեր հոգիները, անշուշտ խանգարում են մեզ։ Դժվար է, երբ քաղաքական խնդիրները չեն ստացել իրենց վճռական լուծումը, երբ մարդիկ ապրում են չնայելով իրենց անցյալին եւ առանց իրենց միտքը սեւեռելու ապագա հորիզոնին, դժվար է ոչ միայն պահպանել ներքին էության մեջ վառվող լույսը, այլ նույնիսկ հոգու անանցանելի գեղեցկությունն ու խիղճը։ Զանգվածներն անտեղյակ եւ անայլայլ են մնում, ամեն ոք ընդունում է կատարվածը իբր անհրաժեշտություն։ «Մյուսները», թիմական խրամատներով իրարից բաժանված մարդիկ, իրար գտնում են զվարճության սեղանների շուրջ եւ նույն շահերի համար գործում միմյանց հետ։ Հոգուս խորքում հետեւում եմ այդ դեռ քողարկված պայքարներին եւ գտնելով այն մի քանի ձեռքերը, որոնք այդ խամաճիկների թելերը իրենց մատների մեջ բռնած՝ շարժման մեջ են դնում երբ ցանկանան եւ ինչպես ցանկանան։ Տեսնում եմ, թե ինչպես ոմանք ընչաքաղցությամբ եւ ոմանք էլ փառասիրությամբ իրենց ազատ կամքը եւ ազատ մտածումները հանձնում են այդ մթության մեջ շարժվող ձեռքերին։ Զզվանքը ավելի է ինձ խեղդում այն պահերին, երբ ավելի պարզորոշ տեսնում եմ անպատկառ տգեղությունը շղթայազերծ կրքերի, որոնք մարդկանց շարժման եւ գրգռության մեջ են պահում եւ երբեմն էլ նրանց տալով անհագ գազանների սոսկալի եւ գարշելի երեւույթ։ Ներկայումս արդյո՞ք բոլոր, բոլոր ճանապարհները փակված են։ Անտարբերությամբ դիտում եմ այն անզոր գալարումները, որ ոմանք ունեն դեռ տակավին։ Նրանք հույս ունեն նաեւ հաղթության վրա, որ շողշողուն ոսկիների պես պիտի ծածկի ողբն ու արցունքը։ Գիտեն, որ այս պարագային վերապրողները նույնիսկ երախտապարտ պետք է լինեն իրենց, որ հավատացին հաղթության։ Հարբած՝ կուրության արցունքով, պատրաստ են կատարելու զարհուրելի ոճիր, խեղդելու համար այն ձայները, որ չեն ներդաշնակում իրենց վայրենահաչ աղաղակներին։ Նրանք պարզապես տիրել են բռնատիրողների ամբարտավան ինքնավստահության եւ զարհուրելի անբարեխղճության կացությանը։ Ինչքան էլ տարօրինակ թվա, սակայն ճշմարտությունն այն է, որ մեր սերունդը անդիմադրելի ձգտում ունի դրամատիկական կացություններ ստեղծելու եւ հանդիսավոր կերպով ներկայացնելու որպես թատերական շարժուձեւ։ Այս թատերախաղն էլ արգելք է եղել տեսնել իրականությունը, որը խեղաթյուրել է մեր բանականությունը, ինքս խուսափելով այդ թատերաբեմից՝ արդյոք չե՞մ հայտնվել թատերախմբի մեջ՝ հակառակորդի դերով։ Դժվար է բացատրել քննադատի սուր աչքերով հայտնաբերած հոգուս միջի կյանքը, զվարթությունն ու լույսը, որ պարուրված է աշխարհային կյանքի փոշու շղարշով։ Արդյո՞ք զուրկ եմ եղել այնքան անկեղծությունից, որքան կարծում եմ։ Արդյո՞ք միայն օտարների եւ ինքս ինձ համոզելու համար… Եղան ժամանակներ, երբ մեծ զայրույթով եւ սրտացավությամբ լցվեցի… անգամ բնազդով ատեցի սուտը, կեղծիքը եւ նրանց բազմատեսակ ու բազմագույն դիմակները՝ չակերտավոր հերոսների դեմքերի վրա։ Այո, ատեցի, ատեցի նաեւ գոռոզությունը եւ փառքի անկշտում ախորժակը եւ այնքան աններող ու բուռն ատեցի, որքան այդ բոլորը ցրիվ ու անձեւ։ Ատեցի ուրիշների մեջ իմ սեփական կրքերն ու մոլորությունները։ Խորշում էի ինքս ինձանից, երբ պարզորոշ տեսնում էի իմ բարոյական արատները ուրիշների մեջ։ Հաճախ ինքս ինձ ցանկանում էի համոզել, որ գերագույն առաքինությունը մարդկային էակի անձնազոհությունն է։ Իմ էությունը բնազդորեն մերժում էր այդ տեսակ բարոյականի հիմնական սկզբունքները։ Ընդունելով անհավասար պայքարի շարժման գեղեցկությունը, չէի կարող չմտահոգվել այդ բոլորի ունայնության մասին եւ ըմբոստանում էի մասնավորաբար անհույս պայքարի ողբերգությունների եւ զոհերի առատության դեմ։ Սիրում էի կյանքը եւ նրա ընծայած ուրախությունները, հակամետ էի բավականանալու այն քչով եւ ամենօրյա հաճույքներով, որ ամենից խոնարհ պարագայի մեջ մարդ քաղում է իր իսկ էությունից։ Եթե բնավ ընդունակ է իր ներքին աշխարհը վերածելու ծաղկյա անուշահոտ պարտեզի։ Սիրում էի նաեւ կյանքը՝ արծարծված խարույկի պես եւ հուզվում ու շլանում նրա գերագրգռությունով։ Երբեք չէի կարող ըմբռնել նրանց մռայլ հպարտությունը, որոնք հարկ եղած ժամից առաջ ցանկանում էին նայել մահվան եւ փառասիրություն ունեին ընտելացած լինելով նրա հետ։ Մի՞թե ես նման եմ եղել սկանդինավյան հերոս Թոր աստծուն, որն իրեն համարել էր ամենակարող։ Բայց մի անգամ Թոր աստվածը ընկել էր մի երկիր, որտեղ հսկաների մի ցեղ էր ապրել։ Հսկաները ծիծաղել էին Թոր աստծո կարճ հասակի վրա։ Թոր աստվածը զայրացել եւ նրանց առաջարկել էր, որ փորձեն իրենց ուժերը։ Հսկաները ասել էին. «Ջուր խմիր այս եղջյուրից»։ Թոր աստվածը անվերջ խմել էր եւ չէր կարողացել դատարկել եղջյուրը։ Հսկաները առաջարկել էին մենամարտել մի զառամյալ ծերունու հետ, բայց Թոր աստվածը չէր կարողացել հաղթել նույնիսկ ծերունուն, չնայած ուժի լարվածությունից մինչեւ ծնկները թաղվել էր հողի մեջ։ Այնինչ, եղջյուրը միացած էր եղել ծովի հետ, նույնիսկ Թոր աստվածը ծովը սպառելու ուժ չի ունեցել, իսկ զառամյալ ծերունին ինքը մահն է եղել։ Եվ ես Թոր աստծո նման ուզում էի խմել ամբողջ ծովը, ուզում էի շուռ տալ մարդկային ճակատագիրը։ Իմ տիրական զգացումները ազատագրելով բոլոր կապանքներից եւ ստանալով իր բնական բնույթը, անհոգ եւ պարզորոշ ծավալվում են իմ չարչարված հոգու մեջ, դուրս նետելով այնտեղից բոլոր սեւ եւ սպիտակ ստվերները։ Բոլոր մարած լույսերը վառվում են վերստին իմ էության խորքում եւ անուշ բառերը մրմունջի նման բարձրանում են շրթներիս վրա, որոնց հետապնդած նպատակներով փոշոտել էին նրա բյուրեղային պայծառությունը։ Դեռ ապրող մտածումս դարձած մրրիկ, հորձանապտույտ շարժումներով զարնվում է փակ դռներին եւ ամեն մեկ աղաղակից հետո գրեթե մարմնական ցավ զգալով, հուսակտուր փափագում է մեկ բան։ Մահ կամ ազատություն։ ԱՐՄԵՆ ՄՆՋՈՅԱՆ ԱԱՆ քննչական մեկուսարան մահապատժի խուց

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել