Լրահոս
Օրվա լրահոսը

Սիդնեյաբնակ

Դեկտեմբեր 05,2001 00:00

«Ուզում եմ կյանքիս մի հինգ տարին ազգիս տամ» Սիդնեյաբնակ գործարար Հակոբ Աբոլաքյանը 30 տարի մեքենա է նորոգել: Այսօր Ավստրալիայում նա ունի մեքենաների վերանորոգման գործարան եւ շինարարական ընկերություն: Կառուցում է առանձնատներ եւ վաճառում: Ընկերության վերջին մեծ շինարարությունը Սիդնեյում «Նաիրի» անունով փոքրիկ թաղամասն է: Հակոբ Աբոլաքյանը առաջին անգամ Հայաստան եկավ 1992 թվականին: «Երբ տեսա մեր քաջարի տղոց Շուշի գրավումը, ասացի, որ մենք ձեռնպահ չենք կարող նստել, պետք է մենք էլ մասնակցենք այս պատերազմին, միգուցե մեր ֆինանսով, մեր ժամանակով: Էդ իմաստով որոշեցի Ղարաբաղում ներդրում անել»: Հաջորդ անգամ, 1996-ին, Հակոբ Աբոլաքյանը եկավ Ղարաբաղ եւ ներկայացրեց Ստեփանակերտում հյուրանոց կառուցելու իր ծրագիրը: Մի քանի տարի նա շարունակաբար ներկայացնում էր տարբեր ծրագրեր: Եվ միայն 2000 թվականին ամեն ինչ հստակեցվեց: «Երբ գնացի Ավստրալիա՝ Սիդնեյ, հավաքեցի Ավստրալիո մեր բիզնեսմեններին, ասացի տղերք, ինչ որ ես անում եմ, դուք էլ ինձ հետ կմիանաք, եւ կանենք ազգային պարտականությունը»: Այնուհետեւ 20 բիզնեսմեններով ստեղծեցին «Հայք» անունով ընկերություն: Սակայն երբ եկավ փող դնելու պահը, վախեցան եւ միայն վեց հոգի համաձայնեց կես մլն ավստրալական դոլար ներդրում անել: Ինչո՞ւ գործարարները հրաժարվեցին ներդրումային ծրագրեր իրականացնել Ղարաբաղում: «Հավատ չկա: Կառավարության բյուրոկրատիան շատ դժվար է: Հայաստանի եւ Ղարաբաղի օրենքները ավստրալական, ամերիկյան եւ եվրոպական սիստեմներին մի քիչ խոտոր են գալիս: Էդ խոտոր եկած բաները տակավին իրենց չէին համոզում, որովհետեւ ամեն հինգ մատը նույնը չէ, ես շատ ազգային եմ, մյուսը շատ ազգային չի»: Հյուրանոցի կառուցման համար ուզում էր Ավստրալիայից ապրանքներ բերել. «Ահագին դժվարություններ ունեցա մի կոնտեյներ այստեղ բերելու համար: Հարկը՝ 30 տոկոս, էս թղթերը, էն թղթերը: Անգամ մը ես կյանքումս ոչ կոնտեյներ կբերեմ, ոչ էլ էդ մասին կմտածեմ, եթե օրենքները չփոխվեն: Ավստրալիո լրիվ հայությունը, որ 30-35 հազար է (աղքատը, միջակը, բիզնեսմենը, հարուստը) լրիվ Ղարաբաղով են ապրում, հավատացեք սրան, ես լավ ուսումնասիրել եմ»: Գործարարը հատկապես մեծ խնդիրներ է ունեցել «Զվարթնոց» օդակայանում: Նրա կարծիքով, այստեղ տիրող վիճակը տհաճ տպավորություն է թողնում ցանկացած հյուրի վրա: Եվ այլեւս չվերադառնալու որոշումով է մարդ մեկնում Հայաստանից: «Օրինակ մը տամ ձեզի, երբ ես արտահանելու էի այստեղից ծիրանը, գարեջուրը եւ այլն: «Կոտայք» գործարանը ինձ մի 100 շիշ գարեջուր տվեց, որ ես ուղարկեմ որպես նմուշ, որ առաջիկայում մեծ քանակությամբ տանեմ: Գիտեք օդակայանում երեք ժամ կեցել եմ եւ ինձանից լիցենզիա են ուզում: Ասացի, եղբայր, նմուշ է, ինչո՞ւ չեմ կարող ղրկել: Ես հիմա չեմ կարող նախագահին բողոքել, ես չեմ կարող ոչ մեկին բողոքել, ես ի՞նչ պետք է անեմ, որտե՞ղ պետք է խոսեմ: Նախագահը ասում է՝ ես ո՞ր մեկին գործից դուրս հանեմ: Բայց էնտեղ նստող մարդը պիտի հասկանա, որ իմ գործը Հայաստանի օգտին է, էս մի 10 դոլարանոց ապրանքը տանում եմ նմուշ, որ 1000 դոլարների օգուտ տամ, ինձ դժվարություն մի տուր: Էդ դժվարությունները, որ տեսնում են մարդիկ, ընկճվում են, ամեն մարդ ինձ նման չէ եւ հետ է գնում, ասում՝ Հայաստանն էլ, Ղարաբաղն էլ: Օդակայանում ինձ ասացին ծիրան ունես, փական ունես, հինգ հատ գարեջուր ունես, ամեն մեկի համար պիտի սերտիֆիկատ ունենաս: Էդպիսի բան աշխարհում չկա: Մի ուրիշ բան էլ ասեմ: Ես եկել եմ այստեղ մի 21 օրով, վիզա եմ առել, հիսուն դոլար վճարել եմ: Եվ ես իբրեւ մարդ հավանել եմ Երեւանը եւ ուզում եմ երեք ամիս էլ մնալ: Ինչո՞ւ այստեղ մնալու համար ամեն օրվա դիմաց երեք դոլար պիտի վճարեմ: Ճանապարհների՞ համար, դյուրությունների՞ համար, ջուրի պակասությա՞ն համար: Ընկերս ասում է եկել եմ 21 օրով, մնալու եմ մինչեւ հոկտեմբերի վերջը, ամեն օր ծախսում եմ 100 դոլար քեֆիս համար, բայց դժվարիս է գալիս իմ եւ տիկնոջ համար էդ երեք դոլարը տալու: Էդ ինչի՞ համար է, ես չեմ հասկանում: Աշխարհում չեմ տեսել նման բան: Ֆրանսիա, Թուրքիա ինձանից ոչ փող են ուզում, ոչ էլ վիզա են ուզում: Եթե մենք ուզում ենք այստեղ մարդ գա, էդ դրությունը կառավարությունը պետք է վերացնի»: Ավստալահայ հինգ գործարար Հակոբ Աբոլաքյանի գլխավորությամբ մոտ 250 մլն դրամ ներդնելով՝ 2001 թ. Ստեփանակերտում կառուցեցին հյուրանոց: Աբոլաքյանն անընդհատ հսկում էր, բոլորին խորհուրդ տալիս, սովորեցնում, միջամտում: «Եթե չես հետեւում, անպայման սխալ են անում, փնթի են աշխատում, մի գործն անում են կրկնակի»: Չնայած բազում դժվարություններին՝ գործարարը այսօր Հայաստանից արտահանում է «Կոտայք» գարեջուր, «Արարատ» կոնյակ, «Սիգարոն» ծխախոտ եւ տարբեր տեսակի փականներ: Հակոբ Աբոլաքյանը գնել է նաեւ Ստեփանակերտի կահույքի գործարանը, որը շուտով կգործարկի: Ավստրալացի մի գործարարի հետ նախատեսել է կառուցել գործարան, որտեղ կպատրաստվեն շինարարության մեջ օգտագործվող ալյումինի, պղնձի կարկասներ: Գործարանի կառուցման ընթացքում կներդվի 600 հազար ԱՄՆ դոլար: Կնոջ՝ Վարսենիկի հետ այժմ ապրում է Ստեփանակերտում: Որոշել է նաեւ, որ իր որդին, երկու աղջիկները եւ ութ թոռները ամեն տարվա վեց ամիսը պետք է ապրեն Ղարաբաղում: «Ես 65 տարեկան մարդ եմ եւ ուզում եմ իմ կյանքից մի հինգ տարի ազգիս տրամադրեմ»,- ասում է Հակոբ Աբոլաքյանը: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Հետաքննող լրագրողների ընկերակցություն home.media.am/hetq

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել