Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ

Դեկտեմբեր 05,2001 00:00

ԳԼՈՒԽՆԵՐԸ ԲՌՆԵԼ՝ ՓԱԽԵԼ ԵՆ Ոչ մեկը չի ցանկանում մեր բաշխիչ էլցանցերը գնել։ Գնորդ չկա։ Ի՞նչ փոխվեց այս ընթացքում։ Ինչո՞ւ աշխարհաքաղաքականի վերածված այս տնտեսական հարցի շուրջ մարեց հետաքրքրությունը։ Էներգետիկայի ոլորտի անցուդարձին քաջատեղյակ ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանի խոսքերով՝ «ով վերցնում՝ մեր ԲԷՑ-երի հաշվեկշիռը նայում է, միանգամից գլուխը բռնում՝ փախչում է։ Որովհետեւ տեսնում են, որ տարեկան այդ համակարգից 50 մլն դոլար գողացվում է, որի «դեմն առնելու» համար հարկավոր է 10 տարի։ Իսկ 10 տարի ոչ մեկը այստեղ գումարներ «չի կորցնի», թեկուզ՝ աստիճանաբար հետ բերելու պայմանով»։ Հենց գերկորուստներն են գաղտնիքը, որ շահութաբերությամբ չաշխատելու, ամիսներով աշխատավարձ չստանալու պարագայում նույնիսկ էներգետիկայի համակարգն ամենաձգտելի աշխատատեղեր պարունակողն է։ Չնայած որոշ մասնագիտություններ այստեղ, այնուամենայնիվ, «շահութաբեր» չեն, եւ այդպիսի մասնագետները ստիպված են լինում մամուլի միջոցով պահանջել իրենց ամիսներով չստացած աշխատավարձը։ Ինչպես պատգամավորն է նկատում՝ «դուք պատկերացնո՞ւմ եք, ամենաշահութաբեր ոլորտը պետք է լինի, այսօր 4-5 ամսվա աշխատավարձի պարտք ունի»։ Նա կրկնեց իր առաջարկությունը՝ «հավատարմագրային կառավարման հանձնեք ինձ (ԲԷՑ-երը), համոզված եմ, 1-2 տարում ամեն ինչ կկարգավորվի», սրանով ակնարկելով, որ իհարկե, սրա ելքն էլ կա, որը միտումնավոր չի օգտագործվում, որովհետեւ «այնտեղից հազարավոր մարդիկ են ուտում։ Միայն ցանցերն են, որ ե՛ւ շահութաբեր են, ե՛ւ հազարավոր մարդիկ են օգտվում։ Օրինակ, բենզինից 2-3 մարդ է օգտվում, սիգարետից՝ 4-5, սպիրտից՝ մի 10, հացահատիկից՝ 2-3, շաքարավազից՝ 1։ Մինչդեռ չինովնիկների մի մե՜ծ բանակ էներգետիկ համակարգի հաշվին ապրում է եւ շատ լավ է ապրում։ Նույնիսկ շարքային աշխատողներն են շատ լավ ապրում»։ Մինչեւ մեր բաշխիչ ցանցերի համար գնորդ կճարվի, երկրի ղեկավարները փորձում են այս համակարգի խնդիրները լուծել։ Օրինակ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Ռուսաստանին ունեցած էներգետիկ վառելիքի դիմաց պարտքի վերադարձման վերաբերյալ բանակցություններ է վարում, նկատելով, որ դրանք 1994-ից կուտակված պարտքեր են, հիմա դրանք չեն գոյանում։ Սրա առնչությամբ «Առավոտի» հարցին ի պատասխան Մանուկ Գասպարյանն ասաց. «Իմ կարծիքով, Հայաստանում ամեն ինչ գաղտնի է կատարվում, իսկ Անվտանգության խորհուրդը չի գործում։ Վերջերս Վլ. Պուտինը Նոր Ուրենգոյում Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց եւ ասաց, թե Ռուսաստանում գազն ինչ արժե, ՌԴ-ից դուրս եկողն ինչ արժե։ Մենք իմացանք, որ միջնորդներից պետք է հրաժարվեն։ Բայց մենք չգիտենք, թե Հայաստանում մեր Անվտանգության խորհուրդն ինչով է զբաղված։ Հայաստան-Ռուսաստան ինչ-որ միջկառավարական հանձնաժողով է ստեղծված, որը սովորաբար երկրի վարչապետն է ղեկավարում։ Այնպես եղավ, որ Սերժ Սարգսյանն է ղեկավարում։ Ես դեմ չեմ։ Որ պարտքը պիտի փակենք՝ էլի դեմ չեմ։ Բայց ինչի՞ հաշվին պիտի փակենք»։ ԱԺ պատգամավորը պահանջում է պարտքի մարման գործընթացը վերահսկվի. «պետության սեփականության միջոցների՞ց պիտի փակենք, համաձայն եմ՝ փակենք։ Բայց չէ՞ որ տված ձեռնարկությունների վաճառքից առաջացած գումարը պետք է գնա բյուջեի «սեփականաշնորհման հոդված»։ Պետք է այս գործողությունը շղթայական կատարվի։ Այդ դեպքում Սերժ Սարգսյանը կանի, թե մի ուրիշը՝ մեկ է»։ Պարտքերի առնչությամբ նկատեց. «Չի կարելի ասել, որ դա հին պարտք է։ Տարեցտարի մեր պարտքն ավելանում է եւ պետք է ավելանար։ Մինչեւ 1994-95թթ. հիմնականում մազութ ենք վառել։ Տնտեսության մեջ 1996-ից հետո է սկսել աճել գազի սպառումը։ Պարզ չէ՞, որ գազի գումարները պետք է ավելանային։ Վերցրեք, ծավալները համեմատեք. եթե այն ժամանակ ստանում էինք օրական 1 մլն խմ գազ, այսօր՝ 5-5,5 մլն խմ։ Եվ այս գազի ուղիղ կեսը ստանում էինք 148 մլն դոլարով վաճառած ապրանքի դիմաց («Գազարդի» քողարկված վաճառքը)»։ Այս 148 մլն դոլարն, ի դեպ, պարզվում է, որ շարունակում է շրջանցել պետբյուջեն։ Պարոն Գասպարյանի տեղեկություններով, այսօր էլ շարունակում ենք դրա դիմաց գազ ստանալ։ Սրան «մնացել է ընդամենը 1 ամիս եւ այդ 148 մլն-ը կսպառվի», որից հետո պարտքերն ավելի արագ են աճելու։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ Հ. Գ. Հանուն արդարության հարկ ենք համարում նշել, որ Մ. Գասպարյանի հետ մեր հարցազրույցը տեղի է ունեցել մինչեւ նրա՝ Սերժ Սարգսյանի ընդունարանում հաճախ հայտնվելու վերաբերյալ մամուլում տեղ գտած, իր որակմամբ՝ կեղծ հրապարակումները։ Այսինքն, սույն տեսակետներով նա այդ տեղեկատվության պատասխանը չի տալիս։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել