Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲԴ ԵՐՋԱՆԿԱՑՐՈՒ ԴԺԲԱԽՏՆԵՐԻՆ, ՀՄԱՅԱ՛Կ

Դեկտեմբեր 05,2001 00:00

ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲԴ ԵՐՋԱՆԿԱՑՐՈՒ ԴԺԲԱԽՏՆԵՐԻՆ, ՀՄԱՅԱ՛Կ Հմայակ Հովհաննիսյանն իր վերջին ասուլիսում քննադատել էր ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գործունեությունը, նշել, թե միջխորհրդարանական կապերը «զրոյական օգտակար գործողության գործակիցով են օգտագործվում», այդ ամենը համակարգված չէ. «Եվ նույնիսկ հասել է աբսուրդի։ Վերջերս Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ինձ ասացին, թե մենք որ գնում-գալիս ենք արտասահման՝ ոչ մի խնդիր չունենք, քանի որ արտաքին քաղաքականության համար պատասխանատու է ՀՀ նախագահը»։ «Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով այս հայտարարությունները՝ այդ հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն ասաց. «Ես համաձայն չեմ Հմայակ Հովհաննիսյանի այդ ձեւակերպումներին։ Չեմ ասի, թե մեր հանձնաժողովը շատ լավ է աշխատում, բայց աշխատում ենք Սահմանադրության մեջ հատկացված շրջանակներում։ Քիչ գործ չի արվում, բայց ամեն ինչը չէ, որ ներկայացնում ենք։ Հանձնաժողովը կատարում է իր բնականոն խորհրդարանական գործունեությունը։ Մենք չենք ասել, թե քանի որ արտաքին քաղաքականության համար պատասխանատու է ՀՀ նախագահը՝ մենք այդ առումով որեւէ խնդիր չունենք։ Այլ բան է ասվել։ Ես Երեւանում էի՝ ինձ մեղադրում էին, թե ինչ-որ փաստաթուղթ եմ ստորագրել Ղարաբաղի վերաբերյալ (Հովհաննես Հովհաննիսյանին բավական զվարճացրեց մեր այն հարցը, թե ի՞նքն էլ է ծախել Ղարաբաղը.- Ա. Ի.)։ Եվ ես ասացի, որ միջխորհրդարանական հարաբերությունների, շփումների ընթացքում լինում են փաստաթղթեր, որ մենք ստորագրում ենք, համաձայնում կամ ոչ, բայց իրականում դրանք գործադիր իշխանության խնդիրներն են։ Իսկ եթե Հմայակ Հովհաննիսյանը «զրոյական» է գնահատում մեր գործունեությունը… ես ուրախ կլինեի, եթե նա էլ մասնակցեր մեր աշխատանքներին, քանի որ մեր հանձնաժողովի անդամ է։ Ե՛վ հանձնաժողովում իր ներկայությամբ կերջանկացներ մեզ, ե՛ւ կբարձրացներ հանձնաժողովի որակական ցուցանիշները»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել