Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏՎԵՑ

Դեկտեմբեր 05,2001 00:00

ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏՎԵՑ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքն առաջին ընթերցմամբ ընդունելուց առաջ ԱԺ նախագահն արդարադատության նախարարից հավաստիացում ստացավ, որ այն անպայման ուղարկվելու է միջազգային փորձաքննության եւ պարզվելու է օրենքի համապատասխանությունը գործող Սահմանադրությանը։ Թեեւ երեկ օրենքն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ, բայց այդպես էլ չհրապարակվեց նման որեւէ եզրակացություն։ Նման փաստաթղթի գոյության վերաբերյալ Շավարշ Քոչարյանի «հետաքրքրասիրությունն» ԱԺ ղեկավարությունը փորձեց բավարարել միայն խոստումներով, թե կներկայացվի գրավոր եզրակացություն, որ այս օրենքը համապատասխանում է նաեւ գործող Սահմանադրությանը։ Գուցե այն երբեւէ կներկայացվի, բայց մինչեւ օրենքի ընդունումը գործող Սահմանադրության հետ այդ օրենքի հակասությունների հարցը պարզելու պայմանավորվածությունը։ «Եթե այդպիսի եզրակացություն լիներ, ապա, բնական է, այդքան բանավեճերից հետո այն կտրամադրվեր,- «Առավոտին» ասաց Շավարշ Քոչարյանը։- Այսինքն, միանշանակ կարելի է եզրակացնել, որ նման փաստաթուղթ չկա՛։ Կամ էլ, եթե կա՝ իրենց համար բարենպաստ եզրակացություն չէ, ուստի՝ ցույց չեն տալիս։ Եթե նշում են, որ «Քաղաքացիական ծառայության մասին» օրինագիծը համապատասխանում է Սահմանադրության փոփոխությունների նախագծին՝ կարելի է ենթադրել, որ Վենետիկի հանձնաժողովը միգուցե գտնում է, որ այն չի համապատասխանում գործող Սահմանադրությանը։ Բայց սրանք ընդամենը ենթադրություններ են, իսկ ճիշտ է միայն այն, որ իրոք եղել է պայմանավորվածություն՝ ուղարկել փորձաքննության եւ ստանալ այդ հարցի հստակ պատասխանը»։ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը կարեւորելը դահլիճում անվանեց «Տիզբոնյան վեճ»։ «Ես այդ հայտարարությունները կհիշեցնեմ այն պահին, երբ կսկսեն գովաբանել նախագահի Սահմանադրությունը՝ վկայակոչելով Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները»,- խոստացավ Շավարշ Քոչարյանը։ … Իսկ քվեարկությունից առաջ Հրանուշ Հակոբյանը հորդորում էր իր գործընկերներին, որ եթե այս օրենքը հակասում է Սահմանադրությանը՝ չի գործի, մոռանալով, որ բազմաթիվ օրենքներ գործում են նման հակասությունների պայմաններում։ Ինչ-որ մեկը խոսեց Սահմանադրական դատարանի մասին՝ անտեսելով, թե ինչ ծաղրուծանակի է վերածվել ՍԴ դիմելու ընթացակարգը ստորագրող-փոշմանող պատգամավորների պահվածքի հետեւանքով եւ ինչպես են այդ դատարանի կարեւոր որոշումները (օրինակ՝ «ԱրմենՏելի» մենաշնորհի վերաբերյալ) մնում թղթի վրա։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել