Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իսկ մե՞զ մոտ

Դեկտեմբեր 05,2001 00:00

Ավստրիայում նացիստներն են Իսկ մե՞զ մոտ «Փոխենք ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածը՝ «ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական իրավական պետություն է» եւ ով ինչ ուզում է՝ թող անի»,- առաջարկում է Հայաստանում Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը։ Խնդիրն այն է, որ չնայած Սահմանադրական, օրենսդրական, միջազգային բազում նորմերի առկայությանը, Հայաստանում անընդհատ խախտվում են մարդու իրավունքները։ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության խորհուրդն էլ Միքայել Դանիելյանի հետ երեկ փորձում էր հստակեցնել «Մտքի, խղճի եւ կրոնի ազատության ապահովումը» Հայաստանում։ Այդ ոլորտի մեր օրենսդրությունը որակվեց իբրեւ «շատ վատ» եւ, եթե կարելի է դրանով մխիթարվել, ապա արձանագրվեց նաեւ, որ մեր հարեւան երկրներն ավելի վատ վիճակում են։ Իրավապաշտպանը մասնավորապես բողոքեց, որ «Կրոնի եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը սահմանափակում է նման կազմակերպության գրանցումը, եթե այն 200 անդամ չունի։ Համեմատելով Ավստրիայի հետ, որտեղ այդ թիվը 500-ի է հասնում, եզրակացրեց. «Միգուցե պատճառն այն է, որ Ավստրիայում նացիստնե՞րն են իշխանության. նման մի բան էլ մեզ մոտ է»։ Մինչդեռ ծավալված բանավեճի արդյունքում պարզվեց, որ եվրոպական բոլոր երկրներում էլ ոլորտին առնչվող օրենսդրությունը բավականին խիստ է։ Ասենք, Նյու Յորքում անգամ գործող քաղաքապետն արգելել է «Եհովայի վկաների» գործունեությունը քաղաքի տարածքում, Ավստրիայում կրոնական կազմակերպությունները պետք է 20 տարի գործեն առանց գրանցվելու եւ այլն։ Ի դեպ, «Եհովայի վկաների» մասին։ Բուռն քննադատության ենթարկվեց այդ կազմակերպության՝ մեր երկրում չգրանցելու փաստը։ ՀՀ կառավարությանն առընթեր Կրոնի գործերի պետական խորհրդի ներկայացուցիչ Վարդան Ասատրյանի պաշտպանվելու միակ միջոցն այն էր, որ «այդ կազմակերպությունը կանոնադրական հակասություններ ունի ՀՀ օրենսդրության հետ»։ Իսկ հիմնական խնդիրն այն է, որ ելնելով կրոնական համոզմունքներից, այդ կազմակերպության անդամները հրաժարվում են զինվորական ծառայությունից։ Ըստ Մ. Դանիելյանի, ներկայումս 18 մարդ (3-ը՝ Ղարաբաղից) բռնադատված են ծառայությունից խուսափելու համար, 1-ը սպասում է դատին, 5-ը պայմանական ազատության մեջ են, 38-ը ազատվել են վերջին համաներման ակտով։ Հայաստանում գրանցված 25 կրոնական կազմակերպություն, առաջիկա վերագրանցման ժամանակ, ըստ Մ. Դանիելյանի՝ «Կրիշնան եւ Բահայան դուրս կթռչեն, քանզի 200 թիվը չեն կարող ապահովել»։ Այս ամենն իրավապաշտպանը համարում է մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում եւ դա բացատրում է նրանով, որ հասարակությունը չի ուզում ընդունել «առողջ, ազնիվ» մտածելակերպ։ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհրդի նախագահ Աշոտ Բլեյանն էլ, հանդես գալով ի պաշտպանություն Առաքելական եկեղեցու, արձանագրեց, որ «Իշխանությունը կրոնը իր ձեռքին գործիք է դարձրել եւ վարկաբեկում է այն։ Հասարակությունը, որպես ամբողջություն, չի կարող որեւէ դավանանք կրել եւ մերժել որեւէ դավանանք»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել