Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գյուղատնտեսության նախարարի եւ «Ագրոարդյունաբերողներ» խմբի հեռակա բանավեճը իսկական հանք է պիկանտ մանր

Դեկտեմբեր 05,2001 00:00

Գոտկատեղից ներքեւ ու վերեւ հարվածներ Գյուղատնտեսության նախարարի եւ «Ագրոարդյունաբերողներ» խմբի հեռակա բանավեճը իսկական հանք է պիկանտ մանրամասների սիրահարների համար։ Երեկ պատասխանելու հերթը դարձյալ հասավ ԱԺ պատգամավոր Վռամ Գյուլզադյանին։ Նա ազդարարեց, թե իր նախկին հայտարարության բովանդակությանը խմբի ղեկավարը ծանոթ չէր եղել։ Սակայն անգամ անզեն աչքով էր անհնար չնկատել Հմայակ Հովհաննիսյանի եւ Վռամ Գյուլզադյանի հայտարարությունների ոճի, փաստարկների եւ որակումների ընդհանրությունը։ Այսպես, ՄԱԱ-ում Հմայակ Հովհաննիսյանը Զավեն Գեւորգյանի մասին այսպես էր արտահայտվել, թե «այդ մարդը, որպես նախկին ռայկոմի քարտուղարների կարկառուն ներկայացուցիչ», չի կարողանում ձերբազատվել որոշ պատկերացումներից։ Երեկ Վռամ Գյուլզադյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե գյուղնախարարը «ռայկոմի քարտուղարի հանգով» փորձում է իրենց դաս տալ. «Ամո՛թ է, որ դուրս չեք եկել ռայկոմի քարտուղարի թմբիրից եւ կարծում եք, թե ռայկոմական պատվերով խոսելը եւ գրաքննությունը կարող է գործել պատգամավորական խմբում»։ Հմայակ Հովհաննիսյանն իր ասուլիսում նշել էր, թե գյուղատնտեսության նախարարության շենքի ձախ թեւը տրամադրվել է Զավեն Գեւորգյանի Ագրարային կուսակցությանը։ Նույն փաստարկն օգտագործելով՝ երեկ Վռամ Գյուլզադյանը առավել մանրամասնեց. «Նախարարության 2-րդ մասնաշենքը դատարկում եք՝ աշխատակիցներին խցկելով մյուս մասնաշենքի սենյակները՝ կալանավայրի խտությամբ, իբր ջեռուցման ծախսերը կրճատելու բարի նպատակով։ Բայց չար լեզուներն ասում են, որ պատրաստվում եք վաճառել եւ գնել»։ «Բուռն թափով, գործադիրի գործը թողած, սկսել եք կուսակցական շինարարության անհեռանկար գործը, դրան ուղղելով նախարարության մարդկային, տեխնիկական եւ նյութական ռեսուրսները,- երեկ նաեւ ասաց պրն Գյուլզադյանը։- Տոտալիտար ռեժիմին բնորոշ մտածելակերպով ու գործելաոճով ստեղծվող, գործադիրի բացասական իմիջ ունեցող մի թեւի կողմից վերահսկվող չինովնիկական կուսակցությունը չի կարող մրցունակ լինել քաղաքական դաշտում»։ Իսկ Հմայակ Հովհաննիսյանն ասուլիսում պնդել էր, թե գյուղատնտեսության նախարարի կուսակցական գործունեությունը «ճչացող ձեւով» հակասում է իշխանության թեւերի տարանջատման սկզբունքին. «Նախարարը գործադիր կառույցի ղեկավար է եւ իրավունք չունի մտնել այդ դաշտը»։ Վռամ Գյուլզադյանի հայտարարության մեջ Հմայակ Հովհաննիսյանի ասածներից թերեւս միայն տարբերվում էին որպես գյուղատնտեսության նախարար Զավեն Գեւորգյանի գործունեության վերաբերյալ հետեւյալ պնդումները. «Ձեր նախարարության օրոք նախարարությունում կոռուպցիան աճել է։ Այդ ընթացքում, շրջաններում գտնվող գյուղատնտեսական քոլեջներում պետպատվերով տեղերը համարյա 100%-ով կրճատվել են եւ քոլեջները կանգնել են փակման վտանգի առաջ՝ կոռուպցիայի պահանջները չկատարելու պատճառով»։ Եվ ի վերջո, Զավեն Գեւորգյանին վերադարձրեց իր իսկ ասածը՝ «Յա՛ն տուր, ախպե՛ր»։ «Օրինաց երկրի» շարքերից լսվեց մի ճիչ. «Ապրե՜ս, Վռա՛մ»։ … Այսօր կառավարության հետ հարցուպատասխանին մասնակցելու համար խորհրդարան կգա նախարար Զավեն Գեւորգյանը։ Սուր զգացողությունների սիրահարներին առաջարկում ենք պոկ չգալ հեռուստաէկրաններից։ Թերեւս նոր մանրամասնե՞ր լինեն ի ցույց դրված «այիբների» վերաբերյալ։ Ա. Ի. Հ. Գ. Ուշագրավ է, որ ԱԱԺՄ խմբի ներկայացուցիչները «ճչացող ձեւով» են արձագանքում իշխանությունների տարանջատման սկզբունքը ոտնահարելով՝ Ագրարային կուսակցությունը նախարարի հովանավորելու իրողությանը։ Բայց «ճիչը» դադարում է, երբ խոսքն, ասենք, բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի ենթակայության ներքո գտնվող «Կայունություն» կուսակցության մասին է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել