Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այս

Դեկտեմբեր 05,2001 00:00

ԱՐՏԱՀԵՐԹԻ ՊԱՀԱՆՋՈՎ՝ ԴԵՊԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Այս տարբերակը ցանկալի չէ, բայցեւ չի բացառվում «Թյուր է այն կարծիքը, որ քաղաքական երեք ուժերի համագործակցության ներսում տարաձայնություններ կան, որովհետեւ այդ համագործակցությունը ձեւավորված է ընդամենը մեկ խնդրի՝ իշխող ռեժիմի պաշտոնանկության եւ օրինականության վերահաստատման շուրջ: Կուսակցությունների Եռյակը ի սկզբանե խնդիր չի հետապնդել համագործակցության ներսում գալ ծրագրային ընդհանրության: ՀԺԿ-ն, «Ազգային միաբանություն» ու «Հանրապետություն» կուսակցություններն իրենց ջանքերը համատեղել են Հայաստանում նոր եւ արդեն օրինական իշխանությունների ձեւավորման ու, այդ ուղղությամբ իբրեւ առաջին քայլ՝ նախագահ Քոչարյանի պաշտոնանկության անհրաժեշտությունից ելնելով, եւ այսօր էլ վերջիններս այդ պահանջից չեն հրաժարվում: Այդ իմաստով համագործակցության ներսում տարաձայնությունների մասին խոսելը տեղին չէ»,- անդրադառնալով Եռյակի ներսում տարակարծությունների մասին լրատվամիջոցներում հնչող մեկնաբանություններին՝ ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Վերջինս նաեւ հայտարարեց, որ այսօր քաղաքական ուժերի ավելի լայն շրջանակ կա, որը պահանջում է Ռ.Քոչարյանի պաշտոնանկությունը, եւ, որի հետ «Հանրապետություն» կուսակցությունը համագործակցում է: Իբրեւ այդպիսի օրինակ՝ բերվեց «Սոցիալիստական Հայաստան»՝ սոցուժերի միավորման հետ այդ կուսակցության շփումները: Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը վերջերս հայտարարել էր, թե իրենք պատրաստ են սերտորեն համագործակցել հիշյալ Միավորման հետ: «Այլ խնդիր է գաղափարական, ծրագրային դաշինքի ստեղծումը, որի դեպքում կուսակցությունների համագործակցությունը նոր որակ է ձեռք բերում եւ գտնվում է այլ մակարդակում: Այդպիսի գործընթաց այս պահին թեեւ չկա, այդուհանդերձ, նման հնարավորությունը որեւէ կուսակցության վերաբերյալ մոտ ապագայում չենք բացառում: Ավելին, մենք արձանագրել ենք, որ ծրագրային ընդհանրությունների իմաստով քաղաքական դաշտում մեր բնական դաշնակիցը համարում ենք առաջին հերթին ՀԺԿ-ին»: Ս.Սուրենյանցին հիշեցրինք, որ, ի տարբերություն Եռյակի, սոցուժերը նախագահի պաշտոնանկության պահանջին զուգահեռ կարեւորում են նաեւ միասնական քաղաքական ծրագրի ներկայացումը հանրությանը: «Դրան ես միանշանակ համաձայն եմ, քանի որ, վերջին հաշվով, ժողովուրդը խնդիր ունի ոչ միայն ազատվել ապօրինի ռեժիմից, այլեւ՝ կանխատեսելի իշխանություն ձեւավորել եւ առաջիկայի համար ձեւակերպել իր առջեւ դրված խնդիրները: Բացի այդ, նաեւ մեր արտաքին գործընկերները պետք է երաշխիքներ ունենան, որ Հայաստանում հնարավոր իշխանափոխությունից հետո կարող են ձեւավորվել կանխատեսելի եւ հասարակության կողմից վերահսկելի իշխանություններ: Կարեւոր է նաեւ, որ քաղաքական ուժերի տեխնոլոգիական համագործակցությունը բարձրանա այլ մակարդակ՝ ձեւավորելով ծրագրային համագործակցության դաշտ»,- նկատեց երիտասարդ քաղաքական գործիչը: Եռյակի անդամ կուսակցություններից յուրաքանչյուրն առանձին-առանձին, իհարկե, հայտարարում է նախագահի պաշտոնանկության պահանջին իրենց հավատարմության մասին: Բայց վերջիններս խորհրդարանում համապատասխան աշխատանք, առաջին հերթին՝ քարոզչություն, տանելու համար ոչ միայն որեւէ ջանք չգործադրեցին, այլեւ միանգամից լռեցին՝ կարծես փորձելով մոռացության տալ սեփական գոյությունը: Մեր այն հարցին, թե կարելի՞ է ասել, որ կոնկրետ «Հանրապետություն» կուսակցությունն այլեւս վստահ չէ, թե կարող է հասնել նախագահի պաշտոնանկությանը եւ առաջիկայում արդեն ստիպված կլինի ձեռնամուխ լինել հերթական նախագահական կամ խորհրդարանական ընտրություններին, պարոն Սուրենյանցը պատասխանեց. «Մենք ապօրինի իշխանություններից օր առաջ ազատվելու եւ դրա արդյունքում կառավարման նոր համակարգ ստեղծելու խնդիր ենք հետապնդում: Դա ենթադրում է տարբեր տեխնոլոգիաների կիրառում, որից մեկը խորհրդարանում նախագահի պաշտոնանկության հարց բարձրացնելն էր: Դա այս խորհրդարանի պայմաններում ավելի դժվար լուծելի խնդիր է: ԱԺ-ում այդ գործընթացը, ըստ ամենայնի, գոնե այս նստաշրջանում տեղի չի ունենա: Ցավով պետք է նշել, որ ԱԺ-ն առայժմ իր ընտրությունը կատարել է՝ կողմնորոշվելով դեպի նախագահ Քոչարյանը եւ անտեսելով հասարակության, համենայն դեպս, մեծամասնության կարծիքը: Մյուսը՝ քաղաքական էլիտայի հետ ընդհանուր ծրագրի ձեւակերպումն է ու դրանով ընտրությունների մասնակցելը՝ միաժամանակ, օրակարգում ունենալով նաեւ արտահերթ ընտրությունների պահանջը: Ընդ որում, գաղափարապես մոտ կուսակցությունները միաժամանակ պետք է հասկանան, որ օրինականության վերահաստատման անհրաժեշտ պահանջից զատ պետք է ներկայացնել նաեւ երկրի զարգացման ծրագրեր, որոնք անպայման պետք է ուղղված լինեն 99-ի 27-ի քաղաքական հեղաշրջման հետեւանքների՝ 99-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների խեղաթյուրման վերացմանը, ի վերջո, ժողովրդի վստահության քվեն ստացած «Միասնություն» դաշինքի ծրագրերից բխող՝ ուժեղ եւ վստահելի իշխանությունների ձեւավորմանը, որը կար 99-ի մայիսի 30-ից մինչեւ հոկտեմբերի 27-ը»: Միաժամանակ Ս.Սուրենյանցը չբացառեց, որ նախագահ Քոչարյանի պաշտոնանկության պահանջից չհրաժարվելով հանդերձ, հնարավոր է, որ իրադարձությունների զարգացումները տանեն հերթական ընտրությունների: Այդ դեպքում, ըստ նրա, հնարավոր է, որ այդ պահանջն ու կուսակցության նախընտրական արշավը համատեղվեն. «Դրանք միմյանց ոչ թե բացառող, այլ փոխլրացնող եւ զուգահեռ պրոցեսներ են»: Վերջերս մամուլում հրապարակվեց, որ ԱԺ-ում նախագահի պաշտոնանկության ստորագրահավաքին փորձել են խոչընդոտել ոչ միայն իշխանամետ ուժերը, այլեւ՝ Եռյակը ներկայացնող պատգամավորներ, այդ թվում՝ Հայաստան խմբից: Ս.Սուրենյանցն առանց անակնկալի գալու այս առիթով կարծիք հայտնեց, որ, թերեւս, հեռանկարում այդ մասին խոսելու եւ կոնկրետ անուններ հրապարակելու անհրաժեշտություն լինի, եթե, իհարկե, այդ տեղեկությունները ստուգվեն եւ հաստատվեն: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել