Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ

Դեկտեմբեր 05,2001 00:00

ԸՆԴԴԵՄ ԹՎԱԲԱՆԱԿԱՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ՀՀ հինգ կուսակցություններ (ԱԺԿ, ԱԺՄ, ՀԿԿ, «Հանրապետություն» եւ ՍԻՄ) երեկ հանդես եկան համատեղ հայտարարությամբ, ըստ որի, նշյալ կուսակցությունները որոշել են խորհրդարանին ներկայացնել Սահմանադրության մեկ միասնական նախագիծ։ Խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակիցները մտադիր են իրենց գործողություններով ակտիվացնել նաեւ հասարակությանը եւ գտնում են, «որ թվաբանական մեծամասնության դիկտատը հաղթահարելու համար» պետք է երկրում սահմանադրական շարժում սկսել։ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավար Ալբերտ Բազեյանը ասաց, որ թեպետ իրենց դիրքորոշումը երկրի կառավարման ձեւի նկատմամբ նույնքան կատեգորիկ չէ, որքան ԱԺԿ-ի դիրքորոշումը, սակայն միացել են հայտարարությանը։ Ըստ Ա. Բազեյանի, կառավարման ցանկացած համակարգ կարող է արդյունավետ գործել, եթե այդ համակարգի պատասխանատուները գործեն Սահմանադրության եւ օրենքի շրջանակում. «Գործող Սահմանադրությունն էլ կարող էր արդյունավետ լինել, եթե հարգվեր իշխանության կողմից»։ ՀԿԿ-ն ներկայացնող Ֆր. Խառատյանի պնդմամբ՝ Հայաստանում անձնիշխանության ռեժիմ է եւ դա պայմանավորված է ոչ թե անձով, այլ՝ գործող Սահմանադրությամբ. «Անձնիշխանության ռեժիմ սահմանող Սահմանադրությունն այս երկրում չպետք է գործի։ Անձնիշխանության պայմաններում չի կարող խոսք լինել ժողովրդավարության մասին»։ Կոմկուսը համոզված է, որ խորհրդարանական հանրապետությունը ժողովրդավարության ծաղկման միակ պայմանն է։ ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանը հայտարարեց, թե ՍԻՄ-ի համար «ազգային սահմանադրության կերտումը ազգային-ազատագրական պայքարի, հասարակության բարեփոխման, ազատականացման ամփոփումն է»։ Ըստ Հր. Խաչատրյանի, արդեն 10 տարի մեր հասարակությունը տապալել է այս գործընթացը, սակայն ՍԻՄ-ը հիմա էլ համոզված չէ, որ մեր ժողովուրդը բավականաչափ ազատ է ազգային սահմանադրություն կերտելու համար։ Հրանտ Խաչատրյանը, որը նաեւ ԱԺ-ի Սահմանադրական ժամանակավոր հանձնաժողովի փոխնախագահն է, ասաց, որ իրենք հանձնաժողովում կաշխատեն պահպանել օբյեկտիվությունը։ Իսկ հանձնաժողովի ստեղծումը կարելի էր գովելի համարել, «եթե չուրվագծվեր կանխակալ մոտեցումը եղած նախագծերի վերաբերյալ»։ Հանձնաժողովի մի քանի նիստերի ընթացքում, ըստ Հր. Խաչատրյանի, կոպիտ միջամտություններ չեն եղել, բայց «ուղղակի ներքին, լուռ պայքարի միջոցով կարողացանք բերել այն վիճակի, որ համենայն դեպս, հանձնաժողովում քննարկման օբյեկտիվությունը պահպանվի»։ Հրանտ Խաչատրյանի պնդմամբ, եթե սկսված սահմանադրական շարժումը ստանա նաեւ ժողովրդի եւ մտավորականների աջակցությունը, ապա «հանրապետության նախագահը նույնպես կհրաժարվի իր միակողմանի վերաբերմունքից (ես չեմ գտնում, որ սա իր անձնական նախաձեռնությունն է, մենք բոլորս շատ լավ գիտենք, թե 98-ից հետո ինչ դժվարություններով է անցել սահմանադրական բարեփոխումների այս ընթացքը, ինչպիսի մարդկանց ձեռքում է հայտնվել), եւ համոզված եմ, որ երկրի ղեկավարը պետք է հրաժարվի կողմնակալ վերաբերմունքից»։ Դրանից հետո ԱԺ-ի որոշելու խնդիրն է՝ քանի՞ նախագիծ դնել հանրաքվեի։ ԱԺՄ-ն ներկայացնող Լյուդվիգ Խաչատրյանը հարկ համարեց հիշեցնել, որ ԱԺՄ-ի հիմնական փաստարկը, թե ինչու Հայաստանում հարմար չէ նախագահ ունենալը, անցած տարիներին ապացուցվեց։ Շավարշ Քոչարյանի ներկայացմամբ՝ խորհրդարանից դուրս գտնվող կուսակցություններից հայտարարությանը պաշտոնապես միացել է միայն Դեմկուսը, մյուսների առջեւ եւս դռները բաց են։ Ըստ պրն Քոչարյանի. «ոմանց համար նախագահի ներկայացրած նախագիծը վերջնական ճշմարտությունների գիրքն է, համեմատություններից դուրս է… Իսկ ես ձեզ անկեղծ ասեմ, այս երկրում սրբեր չկան, եւ եթե չեն ուզում համեմատվել, դա ոչ թե նրանից է, որ գիրքն են սուրբ համարում, այլ նրանից է, որ գիրքը լուրջ թերություններ ունի։ Եվ եթե խոսենք այդպես, դա ավելի շատ սատանայի գիրքն է, քան Աստծո կողմից պարգեւատրված գիրքը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել