ՆԱԽԸՆՏՐԵՑ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՕՐԸ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Լալայան) երեկ շարունակվեց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի եւ «Իրավունք» շաբաթաթերթի լրագրող Գագիկ Նիկողոսյանի հայցի հիման վրա սկսված դատական նիստը։ Հիշեցնենք, որ լրագրողների հայցն ընդդեմ ԿԳ նախարարության՝ Գյումրիի պետական բուհերի ընդունելության քաղաքային քննական հանձնաժողովի էր։ Վերջինս լրագրողների պնդմամբ սահմանափակել էր նրանց իրավունքները՝ բուհերի ընդունելության քննությունները լուսաբանելիս։ Քննական հանձնաժողովը արգելել էր լրագրողներին քննասենյակում գտնվել քննությունների ավարտից մեկ ժամ առաջ եւ հրաժարվել տրամադրել հանձնաժողովի նիստերի արձանագրությունների պատճեները։ Պատասխանող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Սուսաննա Մխիթարյանը կատարվածն արդարացնում էր նրանով, որ «Շիրակի մարզը լրագրողների մեծ բանակ ունի, որոնց՝ բոլորի քննասենյակում գտնվելու ցանկության դեպքում հանձնաժողովը, բնականաբար, պիտի մուտքի ու ելքի որոշակի կարգ սահմաներ»։ Իսկ քննական հանձնաժողովի կազմի վերաբերյալ Ս. Մխիթարյանը ներկայացրեց հանձնաժողովի երկու՝ թիվ 4 եւ թիվ 8, արձանագրություն, որտեղ տարբերություններ կային անդամների թվի առումով։ Նրա՝ հայցի անհիմն լինելու վերաբերյալ մենախոսություն հիշեցնող ելույթից հետո, ժամը 12-ից սկսված եւ մինչեւ ժամը 17-ը ձգված դատական նիստն ընդմիջվեց մինչեւ դեկտեմբերի 13-ը։ Թեեւ գյումրեցի փաստաբանը դատավոր Լալայանին «հուշել» էր, որ հաջորդ դատական նիստի համար «ամենահարմար» օրը, իր կարծիքով, դեկտեմբերի 7-ն է։ Դատական նիստի ուշագրավ մանրամասները կներկայացնենք վաղվա մեր համարում։ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ