Լրահոս
Օրվա լրահոսը

Նույնիսկ

Դեկտեմբեր 04,2001 00:00

Առանձնապես չեն անհանգստանում Նույնիսկ մութ ու խավար տարիներին, երբ ղեկավարությունը գյուղացուն պատճառաբանում էր, թե պետբյուջեն սուղ է, միջոցներ չկան, վակցինաները քիչ են եւ էլի հերթական «չկա»ներ, արմավիրցիների խոսքերով, մարզում ոչ մի անգամ սիբիրախտի եւ դաբաղի դեպքեր չէին գրանցվել։ Վերջին երկու տարիներին անասունների այդ վտանգավոր հիվանդության դեպքեր են արձանագրվել։ Խմբագրություն այցելած արմավիրցիների պնդմամբ, մարզում գրանցվել են սիբիրախտի 2 եւ դաբաղի հարյուրավոր դեպքեր։ Ըստ նրանց՝ «Նախորդ տարիների անասնաբույժը փոխվել է եւ խնդիրն այն է, որ գյուղացուն անվճար՝ օգնության կարգով, հասանելիք վակցինաները վաճառում են, իսկ գնելու հնարավորություն ոչ բոլորն ունեն։ Ստիպված գնում են եւ պատվաստում կատարում անասունների շատ գլխաքանակ ունեցողները (հիմնականում՝ եզդիները)։ Վտանգն այն է, որ սիբիրախտը հողային ինֆեկցիայի հիվանդություն է (100 տարի հետո էլ գործող է)։ Հարցին ուծում տալու համար բազմիցս դիմել ենք մարզպետ Ա. Հերոյանին»,- ասում էին նրանք։ «Առավոտը» նախ փորձեց պարզաբանումներ խնդրել մարզի գլխավոր անասնաբույժից, սակայն ոչ մի կերպ մեզ չհաջողվեց նրա հետ հեռախոսակապ հաստատել՝ տեղում չլինելու պատճառով։ Հետո դիմեցինք պրն Հերոյանին։ Խնդրի առնչությամբ մեր հարցին հետեւեց «Ես ձեր հարցին չեմ պատասխանի… Չէ՜ մի, միլիոնավոր դեպքեր» արհամարհական պատասխանը։ Չնայած պրն մարզպետի հեգնախառը պատասխանին, այնուամենայնիվ, հարկ ենք համարում նշել, որ «Նորք» կլինիկական ինֆեկցիոն հիվանդանոցում, իսկապես, անցյալ տարի սիբիրախտի դեմ բուժվել են 2, այս տարի՝ 1 վիրուսակիր։ Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արա Ասոյանի խոսքերով՝ այդ հիվանդների մոտ արտահայտված է եղել հիվանդության մաշկային ձեւը։ Պրն Ասոյանը միայն նշեց իրենց հիվանդանոցում բուժվածների կոնկրետ թիվը, սակայն չժխտեց, որ ինֆեկցիան տեղից տեղ չտեղափոխելու համար մարզերի հիվանդները բուժվել են տեղի հիվանդանոցներում եւ որոնց ինքն անձամբ այցելել է։ Նույնիսկ օրինակ բերեց՝ ասելով, որ Հոկտեմբերյանի հիվանդները բուժվել են տեղի հիվանդանոցում։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ Անկախ թեմայի հաճելիության աստիճանի, լրագրողն իր գործն է անում։ Պետական պաշտոնյան, տվյալ դեպքում՝ մարզպետ Ա. Հերոյանը, պարտավոր էր տրված հարցին կոռեկտ պատասխանել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել