ԱՌԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ Մոսկվայում ընթացող ՖԻԴԵ-ի վարկածով շախմատի աշխարհի տղամարդկանց եւ կանանց առաջնությունում անչափ հաջող մեկնարկելուց հետո հայ շախմատիստների մեծ մասը երկրորդ շրջանի արգելքը չկարողացավ հաղթահարել։ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը միեւնույն 0,5։1,5 հաշվով համապատասխանաբար պարտվեցին Հու Յուհուանին (Չինաստան) եւ Եկատերինա Կովալեւսկայային (Ռուսաստան)։ Տղամարդկանց պայքարում Լպուտյանը տանուլ տվեց հոլանդացի Լյուկ Վան Վելիին, Վահանյանը՝ բելառուսցի Միխայիլ Գուրեւիչին, իսկ Չեխիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը՝ Զուրաբ Ազմայփարաշվիլիին։ Երկրորդ շրջանի հերոսներից մեկը գրոսմայստեր Աշոտ Անաստասյանն էր, որը վստահ ու վերելքով խաղաց հունգարացի Պետեր Լեյկոյի հետ եւ 2,5։1,5 հաշվով առավելության հասավ նրա նկատմամբ։ Աշխարհի առաջնությունը լուսաբանող լրատվամիջոցներն Աշոտի հաղթանակը դասում են սենսացիաների շարքը, սակայն մենք հակված ենք դա գնահատելու որպես միանգամայն բնական ու կանխատեսելի արդյունք։ Հաշվի ենք առնում, որ Անաստասյանը հատկապես վերջին տարիներին իրեն գերազանց կողմերով է ցուցադրում ամենաբարձրակարգ մրցաշարերում՝ շատ հաճախ անգնահատելի դեր խաղալով, ասենք, թիմային պայքարում Հայաստանի հավաքականի հաջողությունների գործում։ Ինչեւէ, Աշոտ Անաստասյանը Մոսկվայում դարձավ միակ հայ շախմատիստը, որը պայքարը շարունակում էր աշխարհի առաջնությունում։ 1/16 եզրափակիչում նույնպես նրա մրցակիցը բավականին ահեղ էր՝ Բոսնիա-Հերցեգովինայի ներկայացուցիչ, բազմափորձ Պրեդրագ Նիկոլիչը։ Ավաղ, Աշոտ Անաստասյանին այս անգամ չհաջողվեց հաղթահարել հերթական արգելքը։ Նա պարտվեց 0,5։1,5 հաշվով՝ դուրս մնալով հետագա պայքարից։ Այսպիսով, աշխարհի առաջնությունը այսուհետ կշարունակվի առանց Հայաստանի շախմատիստների մասնակցության։