Լրահոս
Օրվա լրահոսը

Դատաիրավական բարեփոխումների ճանապարհին կարեւորագույն հանգրվաններից է կալանավայրերը ՆԳ նախարարության

Դեկտեմբեր 04,2001 00:00

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔԱՐԸ Դատաիրավական բարեփոխումների ճանապարհին կարեւորագույն հանգրվաններից է կալանավայրերը ՆԳ նախարարության ենթակայությունից արդարադատության նախարարությանը հանձնելը։ Նման փոփոխությունն ունի նշված հիմնարկներն ապառազմականացնելու, այնտեղ հայտնված յուրաքանչյուրի իրավունքները պահպանելու, կալանավորվածներին, ձերբակալվածներին, դատապարտյալներին նվաստացումներից, արժանապատվությունը ոտնահարող գործողություններից, ֆիզիկական կտտանքներից, բռնություններից եւ այլ նմանատիպ երեւույթներից զերծ պահելու նպատակ։ Այս նպատակների իրականացումը բավականին դժվար խնդիր է, քանի որ այս ոլորտում ամեն ինչ արվել է հակառակը՝ գործել են օրենքներ եւ դրանցից դուրս, բայց համակարգի հավանությանն արժանացած երեւույթներ եւ մեթոդներ, որոնք խնդիր են ունեցել ոչնչացնելու մարդու «ես»-ը, նպաստել անձի կողմից հանցագործության անդառնալի ճանապարհի ընտրմանը եւ հանցագործների շարքերի համալրմանը։ Այս ամենի արդյունքում հանցագործ աշխարհում ձեւավորվել են գործող հարաբերություններ, որտեղ յուրաքանչյուր օրինապահի նկատմամբ թագավորում է անթաքույց ատելությունը, արհամարհանքը։ Բնական է, որ այս դեպքում հանցագործ աշխարհի ներկայացուցիչները եւս օրինապահների կողմից արժանանում են նմանատիպ վերաբերմունքի։ Արդարադատության նախարարության ծանրագույն խնդիրներից մեկը այս ատելության հնարավոր մեղմացումն ու վերացումն է։ Այս խնդիրների իրականացման ծանրագույն դժվարությունն ավելի ցայտուն է դառնում, եթե հաշվի առնենք, որ կալանավայրերում աշխատողների զգալի մասը երկար տարիներ աշխատել են մինչեւ ականջները կոռուպցիայի եւ կաշառակերության մեջ թաղված ՆԳ նախարարությունում եւ հիմնականում նրանք են եղել համակարգի այս ոլորտում ծեծուջարդի, անձի արժանապատվությունը նվաստացնող եւ տմարդի բազմապիսի այլ գործողությունների հեղինակներն ու կատարողները։ Այս անձինք հիշյալ աշխատանքային «պարտականությունների» կատարման ընթացքում ենթարկվել են մասնագիտական յուրահատուկ «դեֆորմացիայի», եթե «կաշվից էլ դուրս գան» ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ հոգեպես, ե՛ւ բարոյապես ի վիճակի չեն հարմարվելու այսօրվա պահանջներին, ավելին՝ եթե հաշվի առնենք այս անձանց հիմնականում միջին եւ ցածր ոլորտների աշխատողներ լինելը՝ ակնհայտ է, որ նրանց հետագա աշխատանքն ի չիք կդարձնի վիճակի բարելավմանն ուղղված ցանկացած օրենքի գործունեություն։ Այս առումով կարեւորագույն խնդիր է անմիջապես դատապարտյալների հետ աշխատող անձնակազմի՝ հերթափոխերի, ջոկատների պետերի, տեսուչների ընտրության, նրանց հետ տարվող աշխատանքի հարցը։ Այլապես ոչինչ չի փոխվի, ոչինչ չի ստացվի։ Օրինակ՝ եթե թիվ 15 ՈՒԱՀ-ում ադմինիստրացիայի ղեկավար կազմը դատապարտյալների հետ անմիջական աշխատանքում ցուցաբերում է անհատականացված վերաբերմունք, գործում է օրենքի եւ օրինականության, դատապարտյալների արժանապատվության պահպանման շրջանակներում, ապա բավական է, որ նույն հիմնարկում ողջ մթնոլորտն էլեկտրականացվի միայն հերթափոխի պետ Սաքո Վարդանյանի եւ Էդիկ Մանուչարյանի ներկայությունից։ Եթե առաջինն ունի անհավասարակշիռ, այս կամ այն երեւույթի նկատմամբ ծայրահեղության հասնող անհամարժեք, անկառավարելի վերաբերմունք դրսեւորողի համբավ, ապա երկրորդը հայտնի է աշխատանքային իր ողջ իրավունքների ու պարտականությունների շրջանակը Ս. Վարդանյանի անձնական ցանկություններով պայմանավորողի եւ հանուն դրա տարաբնույթ ինտրիգներ ստեղծողի։ Մենք առավել քան համոզված ենք, որ սպասվող վերափոխումներին համակերպվելու, այն ընդունելու ֆիզիկական, հոգեկան նման անկարողությամբ անձինք այս համակարգում մեծաթիվ չեն, բայց նրանց գործողությունները դառնալու են մեկ տակառ ջուրը կեղտոտող կաթիլը։ Այս առումով արդարադատության նախարարությունը պետք է կարողանա մինիմումի հասցնել ՆԳ նախարարությունից փոխանցվող նեգատիվ երեւույթները, այլապես ինքն էլ կարճ ժամանակում կարժանանա ՆԳ նախարարության այսօրվա տխուր համբավին։ Արդարադատության նախարարության կողմից այս համակարգը կարգավորելուն խոչընդոտողներից են նաեւ այն աշխատակիցները, որոնք, ըստ ՆԳ համակարգում գոյություն ունեցող չգրված օրենքների, համազգեստը եւ վկայականը օգտագործում են որպես առօրյա այլ երեւույթներից խուսափելու կամ իրենց անլիարժեքության բարդույթը ե՛ւ շրջապատում, ե՛ւ աշխատավայրում ինչ-որ բանով փոխհատուցելու միջոց եւ արդյունքում ի վիճակի չեն պահանջվող անհրաժեշտ հարաբերություններ կառուցել ո՛չ դատապարտյալների, ո՛չ կալանավորվածների (նրանք առայսօր եղել են բարկություն պարպելու կամ ձեռքերի «քորը» անցկացնելու միջոց), ո՛չ էլ աշխատանքային ընկերների հետ։ Մեր կարծիքով, արդարադատության նախարարությունը քրեակատարողական ոլորտում ե՛ւ նոր կադրերի ընտրման, ե՛ւ հների շարքերը մաքրազարդելու համար մեծապես շահած կլինի, եթե այդ գործում ընդգրկի հոգեբան, մանկավարժ մասնագետների եւ հաշվի առնի նրանց եզրակացություն-երաշխավորությունները։ Վերջին հաշվով պետք է ստեղծվեն ե՛ւ իրավական, ե՛ւ բարոյական պայմաններ, որոնք կապահովեն ազատազրկվածների վերադարձը դեպի հասարակություն, ընտանիք, պետություն։ ՍԵՐԳԵՅ ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել