Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրի

Դեկտեմբեր 04,2001 00:00

«Ուսուցիչներիս չեն սիրում» Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի տիկին Ռեհանյանի անկեղծ խոստովանությունն ինձ համակեց կրթության ոլորտի բացթողումների վերաբերյալ ծանր խոհերով։ Սակայն մեր հետագա զրույցից բոլորովին այլ բան պարզվեց. «Դպրոցը գյուղում միակ աշխատատեղն է,- շարունակեց ուսուցչուհին,- մանկավարժներիս՝ որպես գյուղում միակ աշխատողների, նախաձով են վերաբերում բնակիչները»։ Միայն գյուղացիների հետ մոտիկից շփվելուց ու նրանց անհաղթահարելի բազում հոգսերին ծանոթանալուց հետո (30 ընտանիքի հետ առիթ ունեցա հանդիպելու) հասկացա ու մաշկիս վրա զգացի անջուր գյուղում (խմելու ջուրը գնում են՝ դույլը 50 դրամով), անլույս տներում (պարտքի պատճառով հոսանքազրկված են շատ տներ) մի կերպ, հրաշքով գոյատեւող մարդկանց նեղսրտությունն ու ցասումը։ Մի բանում միայն գյուղացիների բախտը բերել է. գյուղապետը լավն է, կարիքավորին հասնող, վիշտ ունեցողին՝ սատարող։ Երիտասարդ ղեկավարին (Սաղաթելյան) հարգում, սիրում ու վստահում են համագյուղացիները, բայց նա էլ ո՞ր մեկին հասնի։ Հատկապես շենքերի բնակիչները, որ ոչ աշխատանք ունեն, ոչ հող, ոչ եկամուտ, շտապօգնության խիստ կարիք ունեն։ Նույնիսկ դպրոցահասակ երեխաներ կան այստեղ, որոնց համար կրթությունը մատչելի չէ, դպրոց չեն հաճախում, հագուստ չունեն, դասագիրք չունեն։ Գյուղապետը հավաստիացրեց, որ կանի առավելագույնը՝ խիստ կարիքավոր երեխաներին դպրոց վերադարձնելու համար։ Մեզ մնում է հավատալ գյուղապետին, քանի որ նրա ջանքերի շնորհիվ հանրակրթությունից դուրս մնացած երեխաների թիվն այս ուստարում զգալիորեն պակասել է եւ գյուղի 2 դպրոցն էլ աշխատում է աշակերտներով ծանրաբեռ, սակայն երեք երեխա դեռ զրկված է ուսանելու հնարավորությունից. մեծ ողբերգություն է ընտանիքի, համայնքի, ազգի համար։ Ուրախալի է, որ մարզի ողջ տարածքում հանրակրթությունից դուրս մնացած ավելի քան 100 երեխա ընթացիկ ուստարում դպրոց է հաճախում. մարզպետարանի, քաղաքապետերի, գյուղապետերի աշխատանքն այս ուղղությամբ պտղաբեր եղան։ Գրեթե լուծված է նաեւ մարզում գործող 124 հանրակրթական դպրոցների ուսուցիչներով ապահովման հարցը։ Սակայն Դալարիկի թիվ 1 դպրոցում մայրենիի ուսուցչի խնդիր կա։ Լավագույն մասնագետը գյուղից մեկնել է եւ, ծնողների վկայությամբ, երեխաները մնացել են առանց հայոց լեզվի եւ գրականության ուսուցչի։ Իսկ տարաժամ ձմեռն այսօր անակնկալի է բերել նաեւ Դարալիկի բնակիչներին՝ բազմապատկելով նրանց անհաղթահարելի հոգսերը։ «Փարոսն» էլ մատից փուշ հանել կարող է միայն «ընտրյալներից», քանի որ, չնայած գյուղի 1057 բնակչից 560-ը ընդգրկված են ծրագրում, սակայն իրական օգնություն ստանում են միայն 120-ը։ Զարմանալի է, որ ծայրահեղ սուղ պայմաններում ապրող շատ ընտանիքներ տեղ չունեն այդ ծրագրում։ Առավել զարմանալի է, որ վերջիններս գյուղապետին չեն մեղադրում, այլ մարզպետարանի ոմն պաշտոնյայի։ Որքան բան ունենք անելու, որ ձմեռը հայի համար տարաժամ չթվա, որ կրթությունը մատչելի դառնա յուրաքանչյուրին, որ մեր բնակիչները սիրեն, ոչ թե նախանձեն ուսուցչին։ ԱԼՎԱՐԴ ԷՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել