Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք «Հայէներգո» ՓԲԸ-ի «Էներգոմատսերվիս» դուստր ձեռնարկության աշխատակիցներն ենք։ Մեր ձեռնարկությունը

Դեկտեմբեր 04,2001 00:00

Կնիքը չի տալիս Մենք «Հայէներգո» ՓԲԸ-ի «Էներգոմատսերվիս» դուստր ձեռնարկության աշխատակիցներն ենք։ Մեր ձեռնարկությունը մինչեւ 1999թ. դեկտեմբեր ամիսն անվանվում էր «Էներգամատակարարման» մասնաճյուղ եւ նորմալ աշխատում էր մինչեւ նոր տնօրենի՝ Հաբեթնակ Մարգարյանի (որը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եղբայրն է) գալը։ Նրա գալուց հետո մասնաճյուղը լուծարվեց, մարդիկ մնացին գործազուրկ եւ հիմնարկությունը 2000թ. օգոստոս ամսից վերանվանվեց վերոհիշյալ անվանմամբ՝ 15 հոգի աշխատողներով։ Այդ օրվանից սկսվեցին ձեռնարկության ծանր օրերը։ Հիմնարկությունը, ըստ էության, ոչ մի գործարք չի կատարել առայսօր։ Մեր հիմնարկությունը բոլորովին էլ աղքատ ձեռնարկություն չէ։ Հիմնական միջոցները 300 մլն դրամից անցնում են։ Առեւտրային գործարքների միջոցներով կարելի էր հեշտությամբ աշխատեցնել հիմնարկը եւ նորմալ գործունեություն ծավալել։ Սակայն տնօրենի «շնորհիվ» այն մատնվել է լրիվ անգործության եւ արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ աշխատակիցներն աշխատավարձ չեն ստացել։ 2001թ. սեպտեմբեր ամսից Հաբեթնակ Մարգարյանը վերջապես նոր նշանակում ստացավ եւ տեղափոխվեց «Հայմետաղառ» ՊՁ՝ որպես տնօրեն։ Մեզ դա ուրախացրեց եւ ենթադրեցինք, որ վերջապես ազատվեցինք այդ անգործունյա մարդուց եւ նոր տնօրենը կվերականգնի ձեռնարկության աշխատանքները։ Սակայն մեր հույսերը չարդարացան։ Մարգարյանը մեր ձեռնարկության կնիքը, շտամպը եւ բոլոր փաստաթղթերը վերցրել եւ չի հանձնում նոր նշանակված տնօրենի պաշտոնակատար Գ. Մկրտչյանին։ Կնիքը եւ փաստաթղթերը վերադարձնելու համար նրան բազմիցս դիմել են նրա նախկին վերադասները՝ «Հայէներգո»-ի տնօրենը, էներգետիկայի նախարարության պատասխանատու պաշտոնյաները, սակայն՝ ապարդյուն։ Նա հրաժարվում է կնիքը վերադարձնել, բացատրելով, որ ինքն այդ ձեռնարկությունը «կոնսերվացնում» է։ Իսկ մոտ ապագայում ձեռնարկության հիմնական միջոցները (300 մլն դրամ) կտեղափոխի «Հայմետաղառ», որը, մեզ հասած հավաստի տեղեկություններով, սեփականաշնորհվելու է Հ. Մարգարյանին։ Տնօրենի նոր նշանակումից հետո էներգետիկայի նախարար Կ. Գալուստյանի հրամանի համաձայն, պետք է կատարվեր ձեռնարկության ընդունում-հանձնում 10 օրվա ընթացքում (մինչեւ 10.09.2001թ.), որն առայսօր չի կատարվել։ Էներգետիկայի նախարարությունում մեր հարցով զբաղվող պաշտոնյաներն ամեն ինչ արեցին կնիքը վերադարձնելու համար (ասենք, որ նրանց մոտ կա մեր բողոք-դիմումը), սակայն նրանց ուժերից դա վեր է, ավելին, նրանց ինչ-որ վերադաս պաշտոնյաներ ասել են, որ չխառնվեն այդ գործին։ Ստացվում է, որ հանրապետությունում ոչ ոք Հ. Մարգարյանին չի կարողանում պարտադրել կատարելու իր պարտականությունները, որի արդյունքում 15-ից ավելի ընտանիքներ հայտնվել են ծանր տնտեսական դրության մեջ։ Ընդ որում, պահակախումբը՝ թվով 6 հոգի, 2001թ. հունվարից առայսօր ամեն օր պարտաճանաչ պահպանել է հսկայական նյութական արժեքներ եւ փոխարենը ոչ մի վարձատրություն չի ստացել։ Ավելին՝ նրանց բանավոր եւ գրավոր դիմումներին տնօրենը ոչ մի պատասխան չի տվել։ Նրանք նույնիսկ փորձել են գործադուլ անել, սակայն՝ ապարդյուն։ Ստացվում է, որ այսօրվա իշխանությունները, օգտվելով իրենց դիրքերից, անձնական հարստացման հարցեր են լուծում ոչ միայն պետության, այլ նաեւ հասարակ քաղաքացիների հաշվին։ Աշխատակիցների նամակը խմբագրություն ներկայացրեց ՎԱՐԴԱՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ «Հայէներգո» ՓԲԸ ղեկավարից ճշտեցինք, որ աշխատավարձի հետ կապված խնդիր, իրոք, գոյություն ունի այս ձեռնարկությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել