Լրահոս
Օրվա լրահոսը

«Չգիտեմ,

Դեկտեմբեր 04,2001 00:00

ԿԱՄ ԲԺԻՇԿԸ, ԿԱՄ ԼՈՒՅՍԸ «Չգիտեմ, որ պետությունն է ինձ օգնություն ուղարկել՝ ձեթ, ալյուր։ Նրանցից շատ շնորհակալ եմ։ Բայց հիմա ես եկել եմ Քոչարյանին հարցնեմ՝ ինչի՞ ինձ կրակ չի տալիս, որի վրա ուրիշի տված օգնությունը եփեմ՝ ուտեմ»։ Երկրի նախագահ Քոչարյանին այս հարցը տալու համար Երեւանի բնակչուհի Փայլանուշ Գալստյանը «Առավոտի» խմբագրություն էր եկել։ Մեր հավաստիացումները, թե կներկայացնենք իր եւ իր ամուսնու՝ Վաչե Գալստյանի վիճակը, իր հարցն էլ կարձանագրենք, բավարար չէին ամուսինների համար. «Բայց Քոչարյանը կկարդա՞։ Ինքը կիմանա՞ մենք ինչ ենք հարցնում իրեն»։ Բա ո՞նց. Քոչարյանն ու իր աշխատակազմը էլ ուրիշ դարդ չունեն. մտահոգվեն, թե ինչ-որ թոշակառուներ ի՛նչ կրակի վրա պիտի ձեթ ու ալյուրից կերակուր եփեն։ Իսկ այս ընտանիքը Հայաստանի Հանրապետությանն այնքան բնորոշ վիճակում է, որ նրանց օրինակով կարելի է հստակ ցուցադրել, թե ինչ «պատվի ու հարգանքի» մեջ են լող տալիս երեկվա աշխատավորները՝ այսօրվա թոշակառուները։ 1935թ. ծնված Փայլանուշ Գալստյանը Գյումուշգէսում աշխատել է 35 տարի, Վաչե Գալստյանը՝ 42 տարի։ Տարիների ընթացքում, ինչպես ցանկացած խորհրդային աշխատավոր, «նեղ օրվա» փող են կուտակել, որը խնայդրամարկղի մի քանի գրքույկներով կազմում է մոտավորապես 85 հազար խորհրդային ռուբլի։ Փ. Գալստյանը այժմ ստանում է 4.300 դրամ կենսաթոշակ, Վ. Գալստյանը՝ 4.500։ Նրանց ընտանեկան բյուջեն ամբողջանում է 5.600 դրամ ընտանեկան նպաստով։ Միակ որդին ազատազրկման մեջ է։ Նրանք խնամում են վերջինիս զավակին։ Բազմաբնակարան շենքում ապրող Գալստյանների ջերմության միակ աղբյուրը էլեկտրաէներգիան է։ Մի քանի օր առաջ նրանց բնակարանը հոսանքազրկել են 47.200 դրամ պարտքի համար։ Գալստյանները մի քանի անգամ դիմել են իրենց պարտքը ներելու խնդրանքով։ Խոստացել են եւ… էլեկտրաէներգիայի մատակարարումը անջատել։ Ամուսիններին կասկածելու տեղիք է տալիս հատկապես հաշվիչի պտտվելու արագությունը։ Համենայնդեպս, չեն էլ նկատել, թե այդ գումարն ինչպես է հավաքվել։ Վերջին վճարման անդորրագրում մենք նկատեցինք, որ ամբողջ ամիս նրանք օգտագործել են ընդամենը 50 կվտ/ժամ էլեկտրաէներգիա։ Հոսանքի հետ երբեւէ գործ ունեցած որեւէ մեկը հաստատ կպատկերացնի, թե դա հոսանքի օգտագործման ինչ նվազագույն, ժլատագույն քանակ է։ Կոպիտ ասած՝ մի քանի լամպ, հեռուստացույց, երբեմն՝ էլեկտրական սալիկ։ Այնքան ծանոթ, այնքան կրկնված էր Փայլանուշ Գալստյանի պահանջը. «Բանկում գցած 85 հազար ռուբլի ունենք։ Թող մեր էդ փողը տան, ես էլ տանեմ հոսանքի փողը տամ»։ Ընտանեկան բյուջեի ծախսերի հատվածում չնախատեսվածներն էլ բնականաբար լինում են եւ, ըստ իրավիճակի, փոփոխվում են առաջնահերթությունները. «Էս ամիս գնացել եմ բժշկի, լույսի փողը չեմ մուծել՝ կտրել են»։ Իսկ բժշկի գնալը ցրտի մեջ կիսաքաղց ապրող թոշակառուի համար երեւի շքեղություն չէ, մանավանդ որ Փայլանուշ Գալստյանը աշխատանքի ընթացքում վնասվածք է ստացել, որի պատճառով գլխի վիրահատություն է տարել։ Նրանց խնդիրներին անդրադառնալու մեր խոստումը բողոքելու տեղիք տվեց ամուսիններին՝ ե՛ւ թոշակի, ե՛ւ նպաստի չափերից, եւ թոշակառուների նկատմամբ պետության եւ հասարակության վերաբերմունքից։ Իսկ լեյտմոտիվի կարմիր թելը սա էր. «Հիմնականում իմ բողոքը Քոչարյանի դեմ է»։ Սա նկատելի փոփոխություն է որոշ ժամանակ առաջ խմբագրություն այցելող կամ նամակով բողոքող քաղաքացիների վերաբերմունքում՝ առ երկրի առաջին դեմքը։ Ոչ շատ վաղուց ամեն մի բողոքարկու ցանկանում էր երկրի ղեկավարին անհատապես տեղյակ պահել իր վիճակի մասին՝ վստահ, որ «ցարը բարի է»։ Նրան շրջապատողներն են չար եւ թաքցնում են հասարակ քաղաքացիների վիճակը «ցարից»։ Իսկ հիմա նույնիսկ մեր հավաստիացումները, թե մինչեւ «ցար» հասնելը դեռ արժե ճամփա գնալ, ուրիշ օղակներում պատասխաններ փնտրել, բոլոր հարցերում չէ, որ անմիջական մեղավորն ու պատասխանատուն նախագահն է, անհամոզիչ են մարդկանց համար։ Հրաժեշտ տալիս Փ. Գալստյանը ձեռքը դրեց ամուսնու վերարկուի օձիքին եւ ասաց. «Մարդս ա, չէ՞, մենակ ես կարամ էդ բանն ասեմ. էս հագինը մեռելի պալտո ա»։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել