Դո՛ւ ես կեղծում Վենետիկի հանձնաժողովի անդամ Կարլո Տուորին կրկին ԱԺ-ում իրարանցման պատճառ դարձավ։ Վերջինս «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ իր եզրակացության մեջ նշում է. «Վենետիկի հանձնաժողովը 2001 թ. հուլիսին իր նիստի ժամանակ ընդունել է ՀՀ փոփոխված սահմանադրության վերաբերյալ զեկույց։ Սահմանադրության նախագիծը հանդիսանում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագծի գնահատման գլխավոր հիմքը»։ ՀԺԿ պատգամավոր Ստեփան Զաքարյանի գնահատմամբ՝ ԱԺ ղեկավարության թույլ տված աղաղակող կեղծիքն այն է, որ նրանք Վենետիկի հանձնաժողովից պահանջել են այս օրենքը համեմատել դեռ չընդունված սահմանադրության հետ։ Եվ եթե, ըստ պատգամավորի, այս օրենքն ԱԺ-ն ընդունի, այն հակասահմանադրական կլինի։ «Վենետիկ է ուղարկվել ոչ թե գործող սահմանադրությունը, այլ փոփոխված սահմանադրությունը, գործող սահմանադրությամբ ասվում է, որ Հայաստանի գործադիր իշխանությունն իրականացնում է ՀՀ կառավարությունը, իսկ ՀՀ նախագահի ներկայացրած սահմանադրության նախագծում այս դրույթին ավելացված է. «օրենքով իրականացնում է ոչ միայն կառավարությունը, այլ նաեւ՝ օրենքով սահմանված գործադիր իշխանության գործառույթներ իրականացնող այլ պետական մարմիններ»։ Ըստ պատգամավորի, սա իշխանության «յուրացում» է, քանի որ գործող սահմանադրությամբ նախագահին նման իշխանություն տրված չէ. «Յուրացնում է, հետո սահմանադրությունը հարմարեցնում է իր արածին»։ Տիգրան Թորոսյանի խոսքերով, վերջին օրով փորձ է արվում շահարկել այդ եզրակացությունը, այնինչ, երբ հոկտեմբերին Հայաստանում է եղել Վենետիկի հանձնաժողովի քարտուղարի տեղակալը, Տ. Թորոսյանը նրան ասել է, որ Տուորին եզրակացությունը ներկայացրել է՝ հաշվի առնելով առաջարկվող փոփոխությունները։ «Նա խոստացավ պարզել եւ պարզելուց հետո ասաց, որ Տուորին հակասություն գործող սահմանադրության հետ կապված չի տեսնում, սակայն օգտակար է համարել մեզ ուղարկել նախագծի վերաբերյալ եզրակացություն՝ հաշվի առնելով նաեւ սահմանադրական փոփոխությունները։ Գործող սահմանադրությունը օրենքի նախագծին համապատասխանել-չհամապատասխանելու հետ կապված որեւէ խնդիր Տուորին չի տեսել, այդ պատճառով արել է լրացուցիչ աշխատանք՝ օրենքի նախագիծը դիտարկելով սահմանադրության փոփոխության փաթեթի նկատմամբ։ Եզրակացության մեջ սահմանադրությանը հակասող որեւէ բառ գոյություն չունի»,- նշեց Տ. Թորոսյանը։ Ի դեպ, երեկ Տ. Թորոսյանը նամակով դիմել է Վենետիկի հանձնաժողով, որ գրավոր պատասխանեն. «Դիմել եմ, որ գրավոր մեկ հարցի հստակ պատասխանեն. արդյո՞ք օրենքի նախագիծը հակասում է սահմանադրությանը»։ Ս. Զաքարյանը պատրաստվում է օրենքի քվեարկությունից հետո պատգամավորներին կոչ անել «չքվեարկել» օրենքի նախագծին, իսկ եթե օրենքն ընդունվեց, ապա, ինչպես նշեց Ս. Զաքարյանը, ԱԺ-ում իրենք ստորագրահավաքի գործընթաց կսկսեն՝ հարցը ՍԴ-ում քննարկելու համար։ ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ