«Դա դիտավորյալ սպանություն չէր» «Առագաստ» սրճարանում նախագահին բարեւելու համար «անզգուշորեն» մարդ սպանած թիկնապահը ծայրահեղ դեպքում կազատազրկվի 3 տարով։ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն «Առավոտի» խնդրանքով ներկայացրեց կուսակցության դիրքորոշումն այն հարցի վերաբերյալ, որ դաշնակցական Պողոս Պողոսյանի սպանության առնչությամբ նախագահի թիկնապահ Աղամալ Հարությունյանին («Կուկու» մականունով) ներկայացվեց բավականին թեթեւ՝ անզգույշ սպանության մեղադրանք։ Թեեւ իրավաբանների գնահատմամբ՝ այդ արարքում կան ծանր հետեւանքներ առաջացրած իշխանազանցության (սահմանված պատժաչափն այս՝ ՔՕ 183 հոդվածի 2-րդ մասով 3-10 տարով ազատազրկումն է) եւ դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու հետեւանքով տուժողի մահվան (սահմանված պատժաչափը ՔՕ 105 հոդվածի 2-րդ մասով՝ ազատազրկում 5-10 տարի ժամանակով) հատկանիշներ։ «Մենք ի սկզբանե էլ ենթադրում էինք, որ այդ սպանությունը դիտավորյալ չի կատարվել,- ի պատասխան ասաց Արմեն Ռուստամյանը։- Սակայն բոլոր տիպի սպանության դեպքերի վերաբերյալ գործ հարուցելիս սկզբում քննում են դիտավորյալ սպանության վարկածը՝ պրակտիկայում այդպես է ընդունված։ Այս դեպքում, կարծում եմ, տեղին չէր այդպես մտածելը, թե կատարվել է դիտավորյալ սպանություն։ Ինչ վերաբերում է անզգույշ սպանության հոդվածի մատնանշմանը, պետք է քննել հանցանքի ծավալը, ապացույցները։ Եվ միայն այդ ամենի գնահատումից հետո կարելի է եզրակացնել, թե որ հոդվածին է ավելի շատ համապատասխանում կատարված հանցանքը։ Բնական է, այդպիսի գնահատականի համար անհրաժեշտ է ծանոթանալ գործի ամբողջական նյութերին։ Բայց այսօր, դժբախտաբար, չունենք գործի նյութերը եւ առկա ապացուցողական տեղեկատվությանը չենք տիրապետում։ Իսկ բավարար հիմքերի բացակայության պարագայում դժվար է գնահատել, թե արդյոք ճի՞շտ է որակվել կատարվածը։ 105 հոդվածի կիրառումը նույնպես գնահատելու հարց է, քանի որ խոսքը դիտավորությա՛մբ կատարված արարքի մասին է։ Ինչ վերաբերում է նրան, թե իշխանազանցությո՞ւն է սա արդյոք. դեպքը կատարվել է աշխատանքի՞ ժամանակ, թե՞ աշխատանքից հետո։ Այս ամենն ունեն իրենց հստակ որակումները, որոնք ենթադրում են ե՛ւ ՔՕ հոդվածների մեկնաբանություն, ե՛ւ առկա ապացուցողական հիմք։ Բնականաբար, երբ նախաքննության փուլն ավարտվի եւ Պողոս Պողոսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Սահակյանը ծանոթանա գործի ամբողջական պատկերին՝ ուսումնասիրի վկաների ցուցմունքները եւ բոլոր այլ ապացույցները՝ կկարողանանք գնահատել։ Բայց գնահատականի իրավունքը դարձյալ կվերապահենք իրավաբաններին, քանի որ շարունակելու ենք պահպանել գործը չքաղաքականացնելու եւ այն իրավական դաշտում պահելու մինչ այժմ մեր որդեգրած սկզբունքը»։ Ա. Ի.