Լրահոս
Օրվա լրահոսը

Ասում

Դեկտեմբեր 04,2001 00:00

«ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՎԱՏԸ» Ասում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը – Առաջին եւ առայժմ միակ հանրահավաքից հետո ընդդիմադիր եռյակը կարծես չի էլ մտածում նոր քայլերի դիմել։ Փաստորեն, ի սկզբանե դատապարտված էին եռյակի գործողությունները։ – Ի սկզբանե դատապարտված են կեղծիքներով, շանտաժով եւ բռնություններով՝ իշխանություն պահելու բոլոր փորձերը։ Դա հնարավոր է որոշակի ժամանակահատվածում, բայց, ի վերջո, նման իշխանությունը որեւէ հեռանկար չունի։ Իսկ ընդդիմություն լինել չի նշանակում ամեն օր հանրահավաք անել եւ երբեւիցե չի էլ ասվել, թե անմիջապես տեղի է ունենալու իշխանափոխություն։ Ասվել է, որ սկսվում է գործընթաց։ Ընդ որում, լայն իմաստով քաղաքական գործընթաց։ Այն, ինչ ձեռնարկվեց մեր կողմից, հասարակական պահանջի արտահայտություն էր։ Խոսել ձախողման մասին՝ անիմաստ է, քանի որ դա տեւական գործընթաց է։ Մենք ճիշտ չենք համարում հեղափոխական ճանապարհով իշխանափոխությունը, առավել եւս, անընդունելի ենք համարում իշխանափոխությունը պալատական հեղաշրջումների միջոցով, ինչի հետեւանքները մենք տեսնում ենք։ Ժողովուրդը (եւ ոչ թե մի խումբ մարդիկ) պետք է տնօրինի իր ճակատագիրը։ Մեր նպատակն է վերականգնել ժողովրդի հավատը իր ուժերի նկատմամբ։ Մենք համոզված ենք, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր հասնել անհրաժեշտ փոփոխությունների։ Այս ամենը լուրջ եւ հետեւողական աշխատանք է պահանջում, որին մենք պատրաստ ենք։ Ընդդիմության ակտիվության չափանիշը միայն հանրահավաքները չեն։ Անհրաժեշտության դեպքում դրանք էլ բացառված չեն։ – Սկսելով նախագահի պաշտոնանկության ստորագրահավաքը, դուք իրո՞ք հավատում էիք, որ խորհրդարանը կգնա այդ քայլին։ – Այս խորհրդարանից ամեն ինչ էլ սպասելի է։ – Ըստ որոշ վերլուծաբանների, ընդդիմությունը ծրագրեր չունի։ Իշխանափոխության եւ «Հոկտեմերի 27-ի» լիարժեք բացահայտման կոչերից բացի, ուրիշ ասելիք չունի։ – Դրանք պատվիրված ու անբարոյական շահարկումներ են եւ ոչ թե վերլուծություններ։ ՀԺԿ-ն ունի ծրագրեր, որոնցից չի շեղվել եւ չի շեղվելու։ – Այնուամենայնիվ, այս պահին ակնհայտ է, որ ընդդիմություն-Քոչարյան պայքարում հաղթեց Ռոբերտ Քոչարյանը։ – Նա իրոք հաղթած կլինի, եթե իր ձեռնարկած քայլերի շնորհիվ վերականգնի ժողովրդի վստահությունը իշխանության նկատմամբ, երկիրը դուրս բերի այս ծանր սոցիալ-տնտեսական եւ բարոյահոգեբանական ճգնաժամից, կասեցնի արտագաղթը, պատշաճ վերաբերմունք դրսեւորի «Հոկտեմբերի 27-ի» ոճրագործության նկատմամբ, ի վերջո, իրական արդյունքների հասնի ղարաբաղյան հարցի լուծման գործում։ Եթե այս ամենը չկա՝ նա դատապարտված է, ինչքան էլ «հաջողություններ» ունենա ընդդիմության հետ պայքարում։ – Վերջերս «Սոցիալիստական Հայաստանը» հայտարարություն արեց ՀԺԿ եւ «Սոցիալիստական Հայաստան» միավորման համագործակցության մասին։ – Ստիպված եմ կրկնել, որ առանձին հարցերի շուրջ ՀԺԿ-ն պատրաստ է համագործակցել տարբեր ուժերի, այդ թվում՝ նաեւ «Սոցիալիստական Հայաստանի» հետ։ Բոլոր դեպքերում, ՀԺԿ-ն ունեցել է եւ կունենա իր ուրույն դեմքը։ – Արամ Սարգսյանը տնտեսական գործունեությունից հրաժարվեց եւ ընտրեց միայն քաղաքականությունը։ Դուք դեռեւս շարունակում եք այդ երկուսը համատեղել։ Չե՞ք կարծում, որ կգա մի պահ, երբ դուք եւս ստիպված կլինեք, այսպես կոչված, ընտրություն կատարել։ – Արամ Սարգսյանը նպատակահարմար է գտել նման որոշում կայացնել։ Ինչ վերաբերում է ինձ, ապա քաղաքականությունից դուրս գալու մտադրություն չունենալով հանդերձ անտարբեր չեմ կարող լինել գործարանի ճակատագրի հանդեպ, քանի որ այն ես եմ ստեղծել՝ իմ կոլեկտիվի հետ միասին։ – Ի՞նչ վիճակում է «Մարսը» պարտքի դիմաց ՌԴ-ին հանձնելու գործընթացը։ – Ընդհանուր առմամբ, մենք միշտ հանդես ենք եկել եւ հանդես ենք գալիս Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության զարգացման եւ ընդլայնման օգտին։ Ինչ վերաբերում է գույք՝ պարտքի դիմաց բանաձեւի կիրառմանը մեր գործարանի նկատմամբ, ապա դա, թերեւս, կարող է արդարացված լինել այն դեպքում, եթե ապահովվի գործարանի առավել արդյունավետ աշխատանքը, նոր աշխատատեղերի ստեղծումը։ Ռուսաստանը շատ լայն հասկացություն է եւ կարեւոր է, թե կոնկրետ ով ձեռք կբերի գործարանը եւ զարգացման ինչ ծրագիր կներկայացնի։ Այդպիսի ծրագիր առայսօր չի ներկայացվել, մինչդեռ գործարանի կոլեկտիվն ունի իրատեսական ծրագիր եւ ի վիճակի է արդյունավետ շահագործել գործարանը։ – Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել եկող տարվա բյուջեն։ Ի՞նչ վերաբերմունք ունեք ներկայացվածի հանդեպ։ – Ներկայացված բյուջեի նախագիծը չի բխում կառավարության իսկ կողմից ընդունած սոցիալ- տնտեսական զարգացման գերակայություններից։ Օրինակ, շատ է խոսվում մեր ինտելեկտուալ ներուժի, բարձր տեխնոլոգիաների մասին, բայց գիտությանը հատկացվելիք ծախսերը բյուջեում կազմում են ընդամենը 1,1%՝ համապատասխան օրենքով նախատեսված 3%-ի փոխարեն։ Եվ այսպիսի օրինակներ շատ կարելի է բերել։ Միեւնույն ժամանակ, նախատեսված շատ ծախսեր պատշաճ ձեւով հիմնավորված չեն։ Կառավարության ուղերձում որպես գլխավոր նպատակ հռչակված է աղքատության նվազեցումը։ Սակայն ներկայացված բյուջեի նախագիծը ավելի է խորացնում հասարակության սոցիալական բեւեռացումը, քանի որ կրճատված են սոցիալական բնագավառին հատկացվող միջոցները։ – Պրն Դեմիրճյան, ի՞նչ առիթով եք մեկնում ԱՄՆ։ – Հայ համայնքների հրավերն է։ Հայրենիքից հեռու ապրող մարդկանց եւս հուզում եւ անհանգստացնում է այն ամենը, ինչ այսօր կատարվում է Հայաստանում։ Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել