Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլի Հայաստանի 2001թ. չեմպիոն «Փյունիկը» շարունակում է շնորհավորանքներ ընդունել։ Մոտ ժամանակներս

Դեկտեմբեր 01,2001 00:00

«ՓՅՈՒՆԻԿԻ» ՀԱՄԱՐ ԱՆԵԼՈՒ ԵՄ ԱՄԵՆ ԻՆՉ» Ֆուտբոլի Հայաստանի 2001թ. չեմպիոն «Փյունիկը» շարունակում է շնորհավորանքներ ընդունել։ Մոտ ժամանակներս էլ ՀՖՖ-ն պաշտոնապես կմեծարի թիմին։ Ֆուտբոլում բարձունքները նվաճվում են կոլեկտիվ աշխատանքով։ Բայցեւայնպես, հաջողությունը ձեռք չէր բերվի, եթե «Փյունիկ» ակումբի թիկունքին կանգնած չլիներ նրա հովանավոր Ռուբեն Հայրապետյանը՝ ֆուտբոլի անմնացորդ սիրահար մի մարդ, ով գերադասում է «անտեսանելի» մնալ՝ իրականում շատ բան անելով հայկական ֆուտբոլի զարգացման համար։ «Առավոտի» մարզական մեկնաբանի զրույցը Ռուբեն Հայրապետյանի հետ, հուսով ենք, շատ բան կհուշի մեր չինովնիկներին ու մյուս գործարար մարդկանց։ – Պրն Հայրապետյան, կրկին շնորհավորելով հանրապետության նորընծա «Փյունիկին», հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ է սպորտը ձեզ համար եւ ինչո՞ւ ձեր ընտրությունը կանգ առավ ֆուտբոլի՝ հատկապես այս ակումբի վրա։ – Թող տարօրինակ չթվա, բայց սպորտով չեմ զբաղվել։ Պարզապես, շատ եմ սիրել այն։ Եղել եմ Խորեն Հովհաննիսյանի մեծ երկրպագուն։ Երբ Խորիկը ֆուտբոլը թողնելուց հետո, արդեն որպես մարզիչ, թիմ էր հավաքում, ցանկացա աջակցել նրան։ Այդ ժամանակվանից էլ սկսվեց մեր համագործակցությունը։ – Ու հաջողությունը իրեն երկար չսպասեցրեց։ Ո՞րն է գաղտնիքը։ – Մենք կարողացանք համերաշխ կոլեկտիվ ստեղծել, որտեղ առաջնայինը կարգապահությունն է։ Զգացած կլինեք, որ «Փյունիկի» ֆուտբոլիստները գուցե ամենակարգապահն են խաղադաշտում։ – Առաջնությունն այս տարի բավական ուշ սկսվեց։ Ֆեդերացիայի եւ ակումբների ղեկավարների միջեւ խոր հակասություններ կային։ Վերջիններս գրեթե վերջնագրի տեսքով լուրջ պահանջներ էին առաջադրում։ «Փյունիկը», կարծես թե, մի տեսակ չեզոք էր։ – Ոչ, այդպես չէ։ Մենք էլ էինք մասնակցում ակումբների ակցիաներին։ Մենք էլ դժգոհություններ ունեինք։ Հատկապես՝ մրցավարությունից։ Ու դրանում մեղադրելու ոչինչ չկար։ Հովանավորները գումարներ են ներդում, բայց մրցավարի մեկ վրիպումը, կոպիտ սխալը ի չիք էր դարձնում նրանց ծրագրերը, ակնկալիքները։ Բոլոր թիմերն էլ պայքարում են եվրոգավաթների խաղարկությանը մասնակցելու իրավունքի համար։ Դա ոչ միայն հեղինակություն է, այլեւ, գաղտնիք չէ, որոշակի փոխհատուցում։ Այնպես որ, դժգոհությունը բնական էր։ Բայց մենք մտածեցինք նաեւ, որ պետք չէ մեկ-երկու մրցավարի պատճառով վտանգել առաջնության անցկացումը, վնաս հասցնել ֆուտբոլին, առավել եւս, իրավիճակը ծառայեցնել ինչ-ինչ նպատակների։ Վերադառնալով ակումբների ղեկավարներին, պիտի ասեմ, որ նրանք էլ են մտածում հայկական ֆուտբոլի դերի բարձրացման մասին՝ ֆեդերացիայի չինովնիկներից ոչ պակաս։ Որքան բարձր լինի մեր ֆուտբոլի հեղինակությունը, այնքան ավելի կշահեն թե՛ ֆեդերացիան, թե՛ ակումբները… Փառք Աստծո, այդ ամենը հարթվեց, առաջնությունը, ընդհանուր առմամբ, նորմալ անցավ։ – Հիմա «Փյունիկին» միջազգային մրցելույթներ են սպասվում… – Նախապատրաստվելու ենք լրջորեն։ Ինքս արդեն բավականաչափ փորձ ունեմ՝ երկու-երեք անգամ անհաջողության ենք մատնվել։ Հիմա մասնագետ-մարզիչների հետ միասին փոխել ենք ռազմավարությունը։ Նախկինում պատասխանատու խաղից 10-15 օր առաջ էինք սկսում նպատակային հավաք անցկացնել։ Հիմա կոնկրետ հանդիպմանը նախապատրաստվել սկսելու ենք 7-8 ամիս առաջ։ Այդպես ավելի արդյունավետ կլինի, ֆուտբոլիստներին ավելի լավ փորձարկելու, կոլեկտիվ խաղը կարգավորելու շատ ժամանակ կունենանք։ Ուզում ենք, որպեսզի հայկական ֆուտբոլը դրսում գոնե մեկ-երկու քայլ առաջ գնալ կարողանա։ – Առաջին փորձությունը, թերեւս, հունվարին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ երկրների չեմպիոնների առաջնությո՞ւնը կլինի։ – Այո։ Եվ այդ մրցաշարին նախապատրաստվելը մտնում է ընդհանուր ծրագրի մեջ։ Չեմ ասի, թե մեծ նպատակներ ենք դրել մեր առջեւ։ Մրցակիցներն ուժեղ են լինելու։ Բայց որ ձգտելու ենք գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրել, միանշանակ է։ Մոսկվայում կերեւան թիմի ուժեղ եւ թույլ կողմերը, որոնք շատ կօգնեն հետագա աշխատանքները կազմակերպելիս։ – Ցանկացած ծրագիր իրականացնողները ֆուտբոլիստներն են։ Ամեն օր տաղանդներ չեն ծնվում։ Եկեք խոսենք կադրերի ընտրության մասին։ – Միակ ճիշտ ճանապարհը տեղում հերթափոխ պատրաստելն է։ Հարկավոր է զարկ տալ մանկապատանեկան ֆուտբոլին։ Առանց դրա ապագա չկա։ Ունենք մեր մարզադպրոցը, որտեղ ամեն օր տարբեր տարիքային խմբերի երեխաներ են մարզվում։ Եվ պատկերացրեք, որ տաղանդներ կան։ Հիշեք այս խոսքերս, արդեն հիմա ունենք տղաներ, որոնք մի քանի տարի հետո տոն են տալու ֆուտբոլին եւ ոչ միայն Հայաստանում։ Նրանք են դառնալու ազգային հավաքականի հիմնական կորիզը եւ խոսել են տալու իրենց մասին անգամ Եվրոպայում։ Կարեւոր է նաեւ մարզիչների ընտրության խնդիրը։ Օրինակ, ինքս Ֆրանսիայից հրավիրել եմ մասնագետի, որի աշխատանքի պտուղներն արդեն երեւում են։ Օրերս «Փյունիկի» պատանեկան թիմերից մեկը 7։0 հաշվով հաղթեց Արարատի «Արաքսին», որի խաղացողներն ավելի բարձր տարիքային խմբում են։ – Ֆուտբոլն առաջին հերթին սպորտ է։ Բայց նաեւ համարվում է մեր ժամանակների ամենամեծ բիզնեսը։ Աշխարհի լավագույն ակումբներն էլ միմյանցից խաղացողներ են գնում ու վաճառում։ Կարծես «Փյունիկում» լեգեոներականների հարցն էլ լուծվում է։ – Իմ համոզմամբ, ֆուտբոլը Հայաստանում առաջիկա 5-10 տարիներին ձեր նկատի ունեցած բիզնեսը չի կարող լինել։ Հայկական ֆուտբոլը ներկայիս մակարդակով գների սանդղակում ամենացածր տեղերից մեկն է զբաղեցնում։ Բայց մենք ֆուտբոլիստ ենք հրավիրում ոչ թե ավելի վատ վիճակում գտնվող երկրներից, այլ Հարավսլավիայից, Ֆրանսիայից, Մալիից։ Այսինքն, թանկ տեղից բերում ենք էժան շուկա։ Ես իմ առջեւ շահույթ ստանալու նպատակ չեմ դրել, համենայնդեպս, առաջիկա 5 տարում։ Իմ արածն այսօր, ըստ էության, բարեգործություն է։ Ցանկությունս առայժմ հայկական ֆուտբոլը տեղից շարժել-արթնացնելն է։ Ես ու ակումբների մի քանի այլ հովանավորներ գիտակցում ենք, որ այսօր ներդրած գումարների դիմաց հատուցում չի լինելու։ Կրկնում եմ, ինքս կարեւորում եմ մանկապատանեկան ֆուտբոլը, ուրախանում, որ «Փյունիկը» չեմպիոն է դառնում, հերթափոխը՝ հաջողություններ ունենում։ Բայց գլխավորը դա չէ, այլ այն, որպեսզի հնարավորինս շուտ մեր ազգային հավաքականը 11 լիարժեք ֆուտբոլիստ ունենա։ Եթե Մամադու Դիավարան այսօր խաղար Կիեւի «Դինամոյում» կամ Մոսկվայի «Սպարտակում», կգնահատվեր 7-8 մլն դոլար։ Բայց փյունիկցի Դիավարայի արժեքը, լավագույն դեպքում, 20-25 հազար դոլար կարող է լինել։ Հետեւաբար, հարկավոր է, որպեսզի Հայաստանի թիմերի վարկանիշը բարձրանա, որ տարիների գործ է։ Այ, դրանից հետո կարելի կլինի մտածել ֆուտբոլային բիզնեսի մասին։ – Ձեր ասածների նախապայմանը ՀՀ առաջնություններում խաղամակարդակը բարձրացնելն է։ Դա էլ իր հերթին կախված է ներդրումների չափից, նյութատեխնիկական բազայի առկայությունից։ Մի բան, որ բոլոր ակումբները չէ, որ կարող են ապահովել։ – Այդ խնդրի լուծումը շատ պարզ է։ Այն ակումբները, որոնք ի վիճակի են հոգալ այդ հոգսերը, ինքնուրույն են անում դա։ Իսկ մյուսներին պետք է աջակցի պետությունը։ Օրինակ, Հայաստանում անտերության մատնված քանի՞ քայքայվող ստադիոն կա։ Թող դրանք անհատույց հատկացնեն մյուս ակումբներին ու թող պարտադրեն, որ դրանք ծառայեցվեն իրենց նպատակին։ Համոզված եմ, որ այդ բազաները կարգի կբերվեն ու դրա համար շատ մեծ ծախսեր չեն պահանջվի։ Ֆուտբոլը զանգվածաբար զարգացնելու ավելի լավ տարբերակ կա՞։ Պետք է իրավասու ատյաններում տեսնեն, որ մարզաձեւը Հայաստանում սկսել է կենդանանալու նշաններ ցույց տալ։ Դա կատարվում է նաեւ մարզերում։ Ես դա նկատում եմ, որովհետեւ, եթե կարելի է ասել, ի պաշտոնե պարտավոր եմ իմանալ, թե ինչ է կատարվում հանրապետությունում, առավել եւս՝ խաղադաշտում մրցակից ակումբների ճամբարում։ Ասեմ ավելին, մի քանի ակումբների հովանավորներով որոշել ենք առաջիկա 10 տարիների ընթացքում բառիս իսկական իմաստով ստեղծել սուպերակումբներ, ինչպիսիք կան զարգացած ֆուտբոլային երկրներում։ Տա Աստված, որ այս ծրագիրն իրականացնենք։ Ես «Փյունիկի» համար անելու եմ ամեն ինչ։ Իսկ մյուսները կարող են ոտքի կանգնել քիչ առաջ նշածս ճանապարհով։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել