«Պետք է հուշի Կարենին» «Հոկտեմբերի 27» քրգործի երեկվա դատական նիստը թվով 90-րդն էր։ Երեկ ամբաստանյալ Կարեն Հունանյանին հարցաքննում էր ամբաստանյալ Նաիրի Հունանյանը։ Հարցաքննության ավարտին կարող ենք արձանագրել, որ վերջինս ակնհայտորեն դժգոհ մնաց եղբոր որոշ պատասխաններից, ինչը չթաքցնելով՝ փորձեց ձայնը բարձրացնել. «Մի զայրացեք»,- հորդորեց դատավոր Սամվել Ուզունյանը։ Այն լռությամբ, առանց առարկելու, ընդունեց ամբաստանյալ Ն. Հունանյանը, որը միշտ չէ, որ ընդունում է իր հասցեին ասվածը։ Որտե՞ղ «վրիպեց» ամբաստանյալ Կ. Հունանյանը. մեր կարծիքով, մի քանի դրվագներ ներկայացնելիս, որոնք էապես տարբերվեցին եղբոր դատաքննական ցուցմունքներից։ – Սեպտեմբերին ներկայացրե՞լ եմ ամբողջական ծրագիր ապստամբության հետ կապված,- հարցրեց Ն. Հունանյանը։ Հետեւեց. – Այդ ծրագրին ես իմ մասնակցությունն եմ ունեցել… Գործողություններից տեղյակ եմ եղել։ – Ի՞նչ եք իմացել՝ ապստամբության գաղափարն ի՞մն է։ – Խոսակցություններ եղել են՝ մտահղացման, մտքի… Ես կասեի, իմն էլ է եղել, ուրիշ ոչ մեկինը չի եղել։ Կապված համաներմամբ ազատված մեղադրյալ Արմեն Հարությունյանի հետ՝ Կ. Հունանյանը հերթական սենսացիոն հայտարարությունն արեց. – Քանզի Արմենի հետ ոչ կատակել ենք… Եթե ես նման բան ասեի, նա մեզ հետ հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում կլիներ։ Դատաքննության ընթացքում, շփվելով Արմենի հետ, հստակ իմացել եմ, որ նրան էլ են ճնշել, որ նա ուրիշների ճնշումների տակ է ցուցմունքներ տվել։ Դատաքննության ժամանակ ե՞րբ է ամբաստանյալն իմացել ակնարկված ճնշումների մասին հարցին էլ, նա, առանց աչքը ճպացնելու, պատասխանեց. «Ընդմիջումների ժամանակ»։ – Հոկտեմբերի 27-ի թղթերի վրա արված գծագրի հատուկ քննարկում եղե՞լ է,- հարցրեց Ն. Հունանյանը։ – Խոսակցություններ են եղել։ Գծագրեր եղել են, հատուկ քննարկումներ չեն եղել։ – Բեջանովի հետ կապված. նրա համաձայնությունն ինչի՞ց էր բխում՝ հայրենասիրությունի՞ց, թե՞ շահասիրությունից։ Թեստ լրացնելու պես Կ. Հունանյանը պատասխանեց. – Բեջանովի համաձայնությունն իմ վճռականությունից էր, հայրենասիրությունից, երկրի ծանր սոցիալական վիճակից, իշխանափոխությանը վճռական լինելու հանգամանքներից։ Ակնհայտորեն, Ն. Հունանյանին դուր չեկավ նաեւ այս պատասխանը։ – Կոնկրետ գիտեի՞ք ով՝ ուր էր նստում։ – Նախագահության, վարչապետի նստելու տեղն իմացել եմ։ Փորձվեց մեկ անգամ եւս ստուգել, թե նախագահություն ասելով, ամբաստանյալն ինչ է հասկանում։ Իսկ նա հասկացել էր այն, ինչ հասկացել էր. «ԱԺ նախագահին գումարած երկու փոխնախագահները»։ Նորից հիշեցվեց Արմենակ Արմենակյանի դրվագը։ Ամբաստանյալն ասաց, որ իրենցից որեւէ մեկն Արմենակյանի վրա չի կրակել, ավելին՝ «ֆոյեում որեւէ մեկը չի եղել Դերոյից եւ Վռամից բացի»։ Ամբաստանյալ Ն. Հունանյանը երեք անգամ, տարբեր հարցադրումներով փորձեց եղբորը հուշել «հոգեկան խռովքի» գործոնը, սակայն Կարենը փորձում էր ինքնուրույն երեւալ, Նաիրիից անկախ եւ պասը չընդունելով շեշտեց. «Դահլիճ մտնելիս եւ ողջ ընթացքում հոգեկան զգացողությունս եղել է նորմալ, ուղղակի, ինչպես ցանկացած էքստրեմալ վիճակում, ուշադրության կենտրոնացվածության հանգամանք կար»։ Եթե հիշում եք, անկախ դիտորդի հետ մեր մի զրույցի ժամանակ (10.11.2000, «Առավոտ»), այսպիսի բան էր ասել. «Սակայն կարճ ժամանակ անց, հավանաբար, գիտակցելով իր ցուցմունքների կարեւորությունը, խմբի մյուս անդամների, հատկապես Կարենի համար, հարկադրված է եղել պատասխաններ հնչեցնել, հասկացել է, որ մյուսները պետք է հնչեցված բոլոր հարցերի կապակցությամբ նույնատիպ պատասխաններ ունենան, որպեսզի չվրիպեն։ Եվ առաջին հերթին Կարենը, որի կյանքի ուղին անբաժանելի է եղել Նաիրիի կյանքի ուղուց, ուստի, հատկապես պետք է հուշի Կարենին։ Իսկ Նաիրիի բազում հուշումները Կարենի շուրթերից կհնչեն ուշացումով, դատարանում՝ ամբաստանյալների համար Ն. Հունանյանի ցուցմունքները հրապարակելուց հետո»։ Այդպես էլ եղավ։ Հարցաքննությունը կշարունակվի դեկտեմբերի 3-ին։ Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ