«ԿՈՍՄԻԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԳՈՏՈՒՄ Նոյեմբերի 13-ին Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմաց «Գալակտիկա» ՓԲԸ-ի 20 նախկին աշխատակիցներ բողոքի ցույց էին անում, դժգոհելով ՓԲԸ-ի շուրջ ստեղծված իրավիճակից։ Նրանց հիմնական մեղադրանքները երեքն էին. ա) «Պարսկական հսկա բեռնատարները անթաքույց շարունակում են ձեռնարկության տարածքից դուրս բերել մետաղ, հաստոցներ, սարքավորումներ եւ այն ամենը, ինչ մետաղ է պարունակում»։ բ) ՓԲԸ-ի բաժնետերերի ժողովը չի հրավիրվում 1994-ից սկսած եւ, որ բաժնետերերի խորհրդի 3 անդամներ «ինքնակոչ» են եւ «պատահական ընտրված»։ գ) Իրենց ծառայողական բնակարաններից վտարելն ապօրինի է։ Ի դեպ, այդ ժամանակ բողոքավորներին լրագրողների հետ ընդունեց ԳԱԱ փոխպրեզիդենտը՝ Յուրի Շուգուրյանը։ «Առավոտը» որոշեց վերոնշյալ հայտարարությունների կապակցությամբ սեփական ստուգողական այց կատարել «Գալակտիկա» ՓԲԸ։ Այն գտնվում է Գառնի գյուղից 5 կմ հեռավորության վրա։ Եղանք «Կոսմիկական կենտրոն» փակ գոտում, որը, ճիշտ է, ցանկապատված էր եւ բաժանված արտադրական շինություններից, սակայն այնքան էլ «փակ գոտի» չէր եւ չէր վերահսկվում՝ իբրեւ պետական ստրատեգիական նշանակություն ունեցող օբյեկտ։ Մեր անսպասելի այցի ժամանակ գիտավանում էին գտնվում ՓԲԸ-ի գործադիր տնօրեն, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանը, խորհրդի անդամներ Էվելինա Թունյանն ու Ռաֆիկ Վեքիլյանը։ Վերջիններս մեր ստուգման ցանկության մասին իմանալով, հայտնեցին, որ միայն վերջերս են ավարտվել ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության Ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչության ստուգումները (բաժնի պետ Է. Գալստյանի, գլխավոր վերահսկիչ-վերստուգիչ Ռ. Բաղդասարյանի, «Գալակտիկա» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահ Ս. Հարությունյանի մասնակցությամբ)։ «Հարկայինն էլ է մեզ ստուգել։ Եվ ֆինանսական ոչ մի խախտում չի եղել։ Գուրզադյանի հետ աշխատողները այդ կարգի բաներ բացարձակապես չեն կարող անել»,- ասացին նրանք։ Երբ հանրահավաքում հնչած հաստոցների «թալանի» մասին հետաքրքրվեցի, նրանք ինձ տրամադրեցին «Շինարար» կոոպերատիվի նախագահ Ալեքսան Ենոքյանի դիմումը. «Սույնով խնդրում եմ ձեզ, որ իմ կոոպերատիվը սառեցված է եւ մոտակա տարիներին հույս չկա աշխատելու։ Խնդրում եմ թույլատրեք, որ ձեր տարածքով մեքենաներ մոտեցնեմ իմ օբյեկտին եւ իմ շինարարական նյութերն ու կառույցներն ապամոնտաժեմ, տեղափոխեմ, տանեմ» (15.10.2001թ.)։ Հետեւաբար, հաստոցների թալանը բացառեցին։ Եվ ինչ-ինչ տեղաշարժերը կապեցին վերոնշյալ կոոպերատիվի հետ։ Ինչ վերաբերում է բաժնետերերի ժողովի անցկացմանը, տիկին Է. Թունյանը տեղեկացրեց, որ այն հրավիրվելու է հունվարի 21-ին, ժամը 11-ին «Գալակտիկայի» տարածքում («Քանի որ բոլոր բաժնետերերը՝ սերտիֆիկատ ունեցողները, ասում են, որ ապրում են այստեղ, հայտարարությունը կփակցվի մեզ մոտ»)։ Ի դեպ, ֆինանսների նախարարության վերահսկողների ակտի համաձայն, «Գալակտիկայի» հիմնական միջոցների կազմում հաշվառված են 10 հատ երկհարկանի, 2 հատ հինգհարկանի բնակելի շենքեր՝ բաղկացած 120 բնակարանից, որից 3 բնակարանը նկուղային հարկում է։ 5 բնակարան օգտագործվում է իբրեւ հյուրանոց, մնացածը բնակեցված է ընկերության աշխատողների, ինչպես նաեւ նախկին աշխատակիցների կողմից։ Շրջեցի գրեթե բոլոր բնակարաններում։ Հիշեցնեմ, որ 48 նախկին աշխատակիցների իրենց ծառայողական բնակարաններից վտարելու հարցն էր բարձրացվել «Գալակտիկայի» ադմինիստրացիայի կողմից։ 17-ի նկատմամբ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը վճիռ էր կայացրել հօգուտ ադմինիստրացիայի։ «Առավոտին» նույնպես հետաքրքրում էր, թե պատասխանողներից քանիսն են ներկայումս ապրում իրենց վիճահարույց բնակարաններում։ Էդուարդ Կակոսյանը տանը չէր եւ նրանց հարեւանն, օրինակ (թիվ 7 բնակարանից), ասաց, որ Էդիկը ամիսը 1 կամ 2 օրով է գալիս։ Ռոբերտ Հովհաննիսյանի դռան դիմաց ահա այս աթոռն էր դրված հարկադիրի կողմից։ Ձյան արահետին ոտնահետքեր չկային. պատասխանողներ Արարատ Եղիկյանն ու Սոնա Ռուստամբեկովան նույնպես իրենց դռանն ուղղված մեր թակոցներին չպատասխանեցին։ Շքամուտքերի էլեկտրահաշվիչներին եմ նայում. կան հաշվիչներ, որոնք օգոստոսից պապանձվել են, հաշվիչներ, որոնցում 2 կվ ցուցանիշն է գրված։ «Փակ գոտու» բնակիչները, ովքեր բնակվում են, պատշգամբներում հավաքել էին ձմեռվա փայտը, իսկ բնակարաններում միացրած էր էլեկտրական հոսանքը։ Ճանապարհին հանդիպում եմ Սուրեն Գեւորգյանին (գլխավոր մեխանիկն է գիտավանի)։ Երբ հաստոցների դուրսբերման մասին ակնարկեցի, նա ասաց. «Գնել ենք նորը, երկուսը, հիմնարկի միջոցներով սարքել հաստոց, որոնք աշխատում են։ Եթե հաստոց դուրս չի բերվել, ինչ կարող եմ ասել»։ Գլխավոր էներգետիկ Յուրա Թադեւոսյանն էլ հայտնեց, որ մեկ սենյականոց ունի։ Նա դժգոհեց մեզնից, թե ինչու ենք առանց փաստերը ճշտելու հանրահավաքը ներկայացրել (մնում էր հանրահավաքում հնչածի համար էլ պատասխան տայինք)։ – Դուք բնակարանների վեճը համարում եք անարդարացի՞,- հարցնում եմ նրան։ – Ավելի շուտ՝ իզուր,- պատասխանում է նա։ «Ռեյդ» անցկացնելուց հետո հանդիպում եմ Գրիգոր Գուրզադյանին։ Վերջինս «խանդավառված» չէ «Գալակտիկայի» նախկին աշխատակիցների գործողություններով. նրանցից շատերն իր աշակերտներն են։ «Հրապարակ պետք չէ հանել այս ցավը,- ասում է նա,- դա նաեւ վարկաբեկող տարր իր մեջ ունի»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ