Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական

Դեկտեմբեր 01,2001 00:00

Հայրը, որդին, Գինեսի գիրքը եւ… Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում գտնվող վարույթներում այնպիսի պատմությունների ես հանդիպում, որոնց գնահատական տալը հեշտ խնդիրներից չէ։ Զարմացնում են հատկապես ծնողական սիրո զանազան դրսեւորումները, որոնցում խորամուխ լինելը հասարակական կարեւորության հարցեր է վեր հանում։ Ասում են, իբր մի անգամ նա հեռուստատեսությամբ լսել է, որ Գինեսի գրքում ռեկորդ գրանցելու հոնորարը 400 հազար դոլար է գնահատվում։ Քանի որ ինքն առանց մասնագիտության ու աշխատանքի էր, բայց իրեն խիստ խելացի մարդ համարելու սովորույթ ուներ, հնարը շատ արագ է գտնում։ Փոքր որդի ուներ, որը սպորտով էր պարապում։ Ինչո՞ւ ոչ նա։ Մտասեւեռումը կլանում է նրա ողջ ուշադրությունը, անգործ այս տղամարդը հանկարծ մեծ ոգեշնչմամբ լծվում է որդուն մարզելու առաքելությանը։ Որդու վարժեցրած մկաններում նա արդեն հեռվում իրենց սպասող հարստությունն էր տեսնում։ Ամուսնալուծված կնոջ մոտից որդուն փախցնում է, տեղավորում ծեր մոր բնակարանում ու եռանդուն նվիրվում 5-ամյա տղայի ֆիզիկական կարողությունները գինեսյան մակարդակին հասցնելու գործին։ Արտաքուստ որդուն մեծագույն սիրով կապված այս հայրը ֆիզիկական ամենադաժան բռնությունների գնով բառացիորեն խոշտանգում է երեխային։ Երեխան մարդկանց աչքին հայտնվում է կապտուկներով, հարեւանները մինչեւ գիշերվա 3-ը, 4-ը լսում են պարապմունքներ կոչվածի աղմուկը, ծեր տատիկը ականատես է լինում փոքրիկի ծանր վիճակին, ոստիկանություն է դիմում։ Երեխային իր մոտ տանելու երեխայի մոր բոլոր ջանքերը զուր են անցնում, անհասկանալի պատճառով երեխան հոր մոտ մնալու ցանկություն է հայտնում։ Հայաստանում շատերը գիտեն այս երեխային, քանի որ նա իր երկրում ինչ-որ հաջողության, ի վերջո, հասել է՝ գրանցվել է հայոց դյուցազնագրքում։ Այս հաջողությունը թեւավորում է հորը, նա ավելի քան համոզվում է, որ ճիշտ ճանապարհի վրա է։ Երեխային ցուցադրական ելույթների է տանում մեծահարուստների մոտ, իր հրաշք բալիկի համար հովանավորություն խնդրում։ Այդ փողերով էլ ապրում են, մարզվում, որի ծանրաբեռնվածությանը չի դիմանում մանկական օրգանիզմը։ Վեց ամսվա ընթացքում ջարդվում են մեկ մի, ապա մյուս ձեռքերի ոսկորները։ Երեխան, չդիմանալով ցավերին, հրաժարվում է հոր առաջադրանքները կատարել, որի համար դաժան ծեծի է ենթարկվում։ Սիրող հայրը երեխային քացու տակ է գցում, հարվածում նույնիսկ գլխին, դեմքը կապտուկներով է պատվում։ Երեխան ենթարկվում է։ Մի քանի օր անց հայրը վերջապես բարեհաճում է ցավերից տառապող երեխային բժշկի տանել, ռենտգենը ցույց է տալիս, որ երեխայի դաստակի ոսկորը ջարդված է։ Սա դեռ բոլորը չէ։ «Մարզչի» հրամաններից հրաժարվելու համար երեխան ուրիշ կտտանքների եւս արժանացել է, որը սարսափի է մատնել նրան։ Հայր կոչվածը երեխայի ոտքերից բռնել ու նրա գլուխը մտցրել է վաննան լցված ջրի մեջ։ Մոմլաթե տոպրակը քաշել է երեխայի գլուխը ու, խեղդելու ահի տակ, հասել նպատակին՝ երեխան հաղթահարել է ուժից վեր առաջադրանքները։ ԴԱՀԿ ծառայությունում գտնվող դատական ակտի համաձայն, արդեն 7,5 տարեկան դարձած երեխային պետք է հանձնել մորը։ Թվում է, թե սրանից էլ հեշտ գո՞րծ, երեխան վերջապես վազեվազ կգնա մոր մոտ, չէ՞ որ, ազատվելու է տանջանքներից։ Բայց ոչ, երեխան պոկ չի գալիս հորից, հարվածում է բոլոր մոտ եկողներին, չի խնայում անգամ մորը։ Ուշադիր աչքը նկատում է, որ հայրն աննկատ մնալ ցանկացող շարժումներով ուղղորդում է երեխայի գործողությունները։ Երեխան, փաստորեն, վարժեցրած արարած է դարձել նաեւ մարդկանց հետ փոխհարաբերություններում։ Նրա մանկավարժական մեթոդների զոհ երեխան դպրոց չի գնում, բակ չի իջնում, ոչ մի ընկեր չունի, փոխարենը՝ հայ ազգի պարծանք դառնալու ճանապարհն է հարթում մտրակների սարսափի տակ։ ԴԱՀԿ ծառայության Աջափնյակ-Դավիթաշեն համայնքի հարկադիր կատարող Մանուկ Ալեքսանյանի համբերությունն անսահման էր թվում։ Երեխան երկու անգամ նրա հանդեպ ուժ է կիրառել, հաշվարկը պարզից էլ պարզ էր, հոր ցանկությունն էր՝ փոխադարձ կոպտության հրահրմամբ ժամանակ շահող միջոցների դիմել։ Վերջերս, վերջապես, երեխան իսկապես հարկադիր ճանապարհով հանձնվեց մորը։ Մայր ու որդի թաքնվել են, ապրում են՝ մի օր հայտնաբերվելու ահով։ Իր տուն վերադառնալ է վախենում նաեւ 78-ամյա կինը, որը այսպիսի «հզոր» տղա ունենալով հանդերձ՝ օրվա հացը արեւածաղիկ վաճառելով է վաստակում։ Ո՞վ է հիմա նրանց պաշտպանը։ Ո՞վ կարող է նրանց վերջապես ազատել այն տղամարդու հետապնդումներից, որը միայն ծեծելու, վախեցնելու ընդունակությունն ունի, ու այնքան թույլ արարած է, որ տղամարդկային ուժ կոչվածը կիրառել է փորձում ծեր մոր, 8 տարեկան երեխայի եւ նրա անչափ նիհարիկ, տառապյալ մոր վրա, որը, սակայն, այնքան ուժեղ է, որ կարողացավ երեխային խլել դաժան հոր ձեռքից եւ երեխային պահելու վաստակն էլ ունի, կրթությունն էլ։ Գինեսի ռեկորդի ցնորքներից փրկված երեխան մասնավոր պարապմունքներով պիտի առաջին դասարանի բաց թողածը լրացնի եւ վերջապես զբաղվի իր հիմնական գործով՝ դպրոց գնա։ ԼՈՒՍՅԱ ՄԵՀՐԱԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել