Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում է, որ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները շատ բարձր են գնահատում Հայաստանի կրթական համակա

Դեկտեմբեր 01,2001 00:00

ՎԱՐԿԵՐԸ ԾԱԽՍՈՒՄ ԵՆՔ, ԻՍԿ ԱՐԴՅՈ՞ՒՆՔԸ Պարզվում է, որ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները շատ բարձր են գնահատում Հայաստանի կրթական համակարգին տրված վարկերի ծախսման արդյունավետությունը՝ համարելով այն ամենահաջողակ ծրագրերից մեկը։ Զարմանալու կարիք թերեւս չկա, եթե նկատի ունենանք, որ Հայաստանը երեւի այն քիչ երկրներից է, որ միանշանակ կատարում է ՀԲ-ի պահանջները, նույնիսկ եթե մեր իրականության համար դրանց արդյունավետությունը խիստ կասկածելի է։ Պետական այրերի արդարացմամբ՝ հիմնականում հենց այդ վարկերի հաշվին գոյատեւող համակարգը այլընտրանք չունի։ Եվ գուցե սա է պատճառը, որ ծրագրերն իրականացնում, սակայն ոչ մի լուրջ վերլուծության չեն ենթարկում՝ պարզելու, թե որքանով ենք դրանք մեզ հարմար ու արդյունավետ։ Երբեմն էլ ինչ-որ վերլուծություն արվում է, սակայն, եթե անգամ բացասական գնահատականներ են տրվում, ինչպես դպրոցները մեկ տողով ֆինանսավորելու կամ համայնքային ենթակայության հանձնելու ծրագրի դեպքում, միեւնույն է, ծրագիրը շարունակվում ու զարգանում է։ Իր վերջին մամուլի ասուլիսում ԿԳ նոր նախարար Լեւոն Մկրտչյանը, կարեւորելով ՀԲ-ի վարկերի դերը, անընդհատ շեշտում էր, թե պետք է լուրջ ուսումնասիրվի դրանց արդյունավետությունը։ Ամեն դեպքում, լավ է ուշ, քան երբեք, մանավանդ որ, հենց նախարարի խոսքից կարելի էր եզրակացնել, որ այդ ծրագրերում ամեն ինչ այդքան էլ ճիշտ ու հստակ չէ։ Դպրոցների կառավարման բարեփոխման ծրագիրը նախատեսում է, որ դպրոցը ղեկավարվում է խորհրդի կողմից, իսկ տնօրենը ընտրվում է։ Ձեւի իմաստով գուցե թե ամեն ինչ ճիշտ է ու առաջադիմական, սակայն իրականում խորհուրդները հաճախ ձեւական բնույթ են կրում, տնօրենի ընտրությունը արդար չի անցկացվում։ «Մենք այս իմաստով որոշակի եզրակացություններ պետք է անենք»,- նկատում է ԿԳ նախարարը։ Արդեն քանի տարի իրականացվում է, սակայն վերլուծված չէ դպրոցների օպտիմիզացիայի ծրագիրը։ Վիճակը նույնն է նաեւ դպրոցները համայնքային ենթակայության հանձնելու ծրագրի դեպքում։ Ըստ նախարարի, «հիմա ամփոփում պիտի լինի, որպեսզի կարողանանք հասկանալ, թե հանրակրթության համակարգը մենք ուր ենք տանում»։ Դպրոցները, ըստ աշակերտի թվի, մեկ տողով ֆինանսավորելու գաղափարը ինքնին եւս շատ ավելի նախընտրելի է։ Դպրոցն ինքն է որոշում ինչպես ծախսել իր գումարները, որտեղ ու ինչի հաշվին խնայել եւ ինչպես ավելի ռացիոնալ օգտագործել դրանք։ Սակայն առիթն ունեցել ենք գրելու, որ արդյունքում այդ դպրոցները շատ ավելի վատ են ֆինանսավորվում, քան մյուսները։ Բացի այդ, եթե պետությունը միայն աշխատավարձի հոդվածով է կարողանում դպրոցներին պետբյուջեից գումար հատկացնել, արդեն արժեզրկվում է այդ գաղափարի իմաստը։ Մյուս կողմից էլ դպրոցների տնօրենները դեռեւս սովոր չեն ղեկավարման նոր ձեւերով կառավարել։ Լ. Մկրտչյանի գնահատմամբ, գաղափարը լավն է, սակայն երբ փորձում ենք համեմատել ըստ աշակերտի թվի եւ հին ավանդական եղանակով ֆինանսավորվող դպրոցները, «տեսնում ենք, որ ձեւի տեսանկյունից ունենք արդյունք, բայց հետեւանքների իմաստով, որ դպրոցը պետք է փորձի ավելի օպտիմալ կադրային քաղաքականություն վարել, ուսուցիչների դրույքների հարցերը ճիշտ կարգավորել, այս իմաստով լուրջ տարբերություն չենք տեսնում։ Այս խնդիրը եւս լուրջ պիտի նայենք»։ Սոցիալական վատ պայմանների պատճառով դպրոցների տնօրենները չեն կրճատում այն ուսուցիչներին, որոնց կարիքը իրենք չունեն եւ, հետեւաբար, հաստիքների կրճատման հաշվին խնայողություն չեն կարող անել։ Սրա պատճառը, ըստ նախարարի, այն է, որ կրճատված ուսուցիչների ճակատագիրն անորոշ է մնում։ Մինչդեռ ծրագիրը հստակ պիտի սահմանի, թե ի՞նչ այլընտրանք պետք է առաջարկվի աշխատանքից զրկված ուսուցիչներին։ ՀԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Լ. Մկրտչյանը շեշտել է այս հարցի կարեւորությունը։ Մանավանդ որ, մինչեւ օրս լուծված չէ ուսուցիչ- աշակերտ ճիշտ հարաբերակցության խնդիրը։ Այն շատ հեռու է միջազգային չափանիշներից։ Հեռավոր մարզերում ուսուցչի պակաս կա, մինչդեռ, ընդհանուր առմամբ, հանրապետությունում ավելի շատ մանկավարժներ ունենք, քան անհրաժեշտ է մեր դպրոցներին։ ԿԳՆ-ն պատրաստվում է հերթական վարկը ստանալ ՀԲ-ից։ Մինչ այդ թերեւս արժե լուրջ վերլուծել արդեն տրված վարկերի ծախսման արդյունավետությունը։ Մանավանդ, եթե առանց այդ վարկերի ու դրամաշնորհների՝ «յոլա գնալ» չենք կարող։ ԿԳ նախարարի խոստովանությամբ՝ «Կրթության նախարարը շատ լավ վիճակում է, քանի որ միշտ կարող է ասել՝ ես իմ բյուջեն կատարել եմ, որովհետեւ մեր բյուջեն 80%-ով աշխատավարձ է»։ Բնականաբար, համակարգի պահպանման, էլ չենք ասում զարգացման համար, մենք, ըստ Լ. Մկրտչյանի՝ «ուզենք, թե չուզենք, պետք է ներգրավենք լրացուցիչ դրամական միջոցներ՝ տարբեր ծրագրերի միջոցով»։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել