Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞ՐԲ ԿԴԱՌՆԱՆ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ

Դեկտեմբեր 01,2001 00:00

Ե՞ՐԲ ԿԴԱՌՆԱՆ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ Նոյեմբերի 28-ին Լոռու մարզի դատախազությունում, ուր հրավիրվել էր «Առավոտի» թղթակիցը՝ նոյեմբերի 21-ին «Առավոտում» տպագրված «ԱրմենՏելը» խառնում է հաշիվները» հոդվածի կապակցությամբ պարզաբանումներ տալու, տեղի ունեցավ քննարկում մարզի դատախազի տեղակալ Ալբերտ Ղազարյանի եւ «ԱրմենՏելի» Լոռու մարզային բաժանմունքի տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի միջեւ։ Քննարկումն ավելի շուտ եռակողմ բանակցության բնույթ էր կրում։ Հոդվածում նշված փաստերի կապակցությամբ, որը գրավոր ապացույցներով հիմնավորեց «Առավոտի» թղթակից Գայանե Հովսեփյանը, դատախազի տեղակալը խոստացավ առաջիկայում հանդես գալ գրավոր եզրակացությամբ, որն, իբրեւ հոդվածի արձագանք, կտրամադրվի «Առավոտ» թերթին։ Ա. Հովհաննիսյանը, համենայնդեպս, ընդունեց բաժանորդներին ներկայացվող հաշվարկների անտրամաբանական լինելը, խոստացավ, որ հունվար ամսից դրանք կշտկվեն՝ շնորհիվ նոր կոմպյուտերային ծրագրի։ Նոյեմբերի 29-ի դրությամբ, «ԱրմենՏելի» Լոռու բաժանմունքում միջքաղաքային խոսակցությունների վարձավճարների հաշվարկները (իրենց գրելով՝ «կոդերի» հաշվարկները) արված էին մինչեւ նոյեմբերի 20-ը ներառյալ, ինչի մասին բաժանմունքում փակցված էր գրավոր ծանուցում։ Սակայն այդ հաշվարկները շարունակում էին բաժանորդներին տրվող ստացականներում ներկայացնել՝ որպես առ նոյեմբերի 1-ը պարտք։ Այն դեպքում, երբ պարտքի տակ պետք է հասկացվի հաշվետու, այսինքն՝ նախորդ ամսվա, գումարը։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել