Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՈՒԺՆ ԷԼ ԳՅՈՒՂԱՑՈՒՆ Է ՊԱՏՈՒՄ

Դեկտեմբեր 01,2001 00:00

ՄԵՐ ՈՒԺՆ ԷԼ ԳՅՈՒՂԱՑՈՒՆ Է ՊԱՏՈՒՄ Օրերս էներգետիկայի նախարարության հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ ՀՀ Արմավիր, Արարատ, Սյունիք, Արագածոտն մարզերի մի քանի գյուղեր հոսանքազրկվել են՝ սպառված էլեկտրաէներգիայի դիմաց ժամանակին վճարումներ չկատարելու համար։ Նկատենք, որ զանգվածային անջատումների հետեւանքով հոսանքազրկվել են նաեւ բարեխիղճ վճարողները, ինչպես նաեւ՝ գյուղերում գործող ԱՀԿ-ները (ATC), բուժկետերը, դպրոցներն ու մանկապարտեզները։ Այս զանգվածային անջատումներից, բնականաբար, տուժողներն էլ շատ են։ Օրինակ, «Առավոտին» դիմած Անժելա Հարությունյանը հուզված պատմում էր, որ քանի օր շարունակ փորձում է զանգահարել հայրենի գյուղ՝ վատառողջ մորից տեղեկություն իմանալու, բայց չի հաջողվում։ Հետո պարզվել է, որ արդեն 10 օր է, որ հոսանքազրկված է նաեւ Գորիսի Շինուհար գյուղը։ Կնոջ խոսքերով. «Կենտրոնից հեռու գտնվող այդ գյուղի ժողովուրդը առանց այդ էլ սոցիալապես անապահով, ծանր վիճակում է։ Արդեն մի քանի տարի իրար հաջորդող սելավների, երաշտի հետեւանքով բերքը փչանում է։ Ֆինանսների բացակայության պատճառով գյուղատնտեսության գրեթե ոչ մի ճյուղ այնտեղ զարգացած չէ։ Աշխատատեղեր չկան, որ մարդիկ աշխատեն։ Իսկ հետո բողոքում են, թե հոսանքի վարձը ժամանակին չեն վճարում։ Որտեղի՞ց վճարեն, եթե խեղճ գյուղացին եկամտի ոչ մի աղբյուր չունի։ Երեխաները կոշիկ չունեն, որ դպրոց գնան։ Հասանելիք նպաստն էլ կամ ամիսներով ուշանում է, կամ տարբեր վարձերի (լույս, հեռախոս, հող, ջուր) դիմաց պահումներ են անում»։ Էներգետիկայի նախարարությունից մեզ այդպես էլ չհաջողվեց սպառիչ պատասխան ստանալ մարզերի ընդհանուր պարտքի չափի վերաբերյալ։ Պատճառաբանեցին, որ դրանք բարդ հաշվարկներ են։ Այդ դեպքում ի՞նչ ցուցանիշի հիման վրա են անջատումներ կատարելու վերաբերյալ որոշում կայացրել։ Մի բան ակնհայտ է, որ էներգետիկայի նախարարության՝ անվճարունակ գյուղացու նկատմամբ վարած «կոշտ» քաղաքականությունը չի ստվերում համակարգում կատարվող «նուրբ» թալանը։ Հավատացած ենք, որ գյուղացու ունեցած ընդհանուր պարտքը չնչին տոկոս է կազմում էներգահամակարգում տեղի ունեցող հսկայական գերկորուստների (մոտ 40%) համեմատ։ Սակայն դրա համար ոչ ոք չի պատժվում, այդ գործում «մատը խառը» ոչ մի պաշտոնյայի բնակարանի լույսը չի մարվում։ Ավելին, միանգամայն «քնքշորեն» ժամանակ է տրվում, ասենք, թերմոբաքերի օգտագործումից կուտակված էլեկտրաէներգիայի դիմաց վճարելու համար։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել