Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ կարող է տալ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի այժմ քննարկվող փոփոխումը

Դեկտեմբեր 01,2001 00:00

Պարալիչի վտանգի տակ Ի՞նչ կարող է տալ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի այժմ քննարկվող փոփոխումը Այժմ ակտիվ քննարկման փուլում է գտնվում «Տեղական ինքնակառավարման մասին» գործող օրենքի փոփոխման հարցը։ Փոփոխման ընդհանուր դրույթները ներկայացված են մամուլով եւ հեռուստատեսությամբ։ Այս կապակցությամբ իր մասնագիտական կարծիքն է հայտնում ՀՀ վարչատարածքային բաժանման սխեմայի գլխավոր հեղինակ եւ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին», «ՀՀ-ում Տեղական ինքնակառավարման մասին» գործող օրենքների համար հիմք ծառացած նախագծերի համահեղինակ, «Էդուարդ Եգորյան» ստրատեգիկ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռուբիկ Եգորյանը։ «Գործող «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի «ռեւիզիան» ներկայացնող նոր օրինագիծը, դատելով հեղինակների բացատրություններից, ենթադրում է՝ Հայաստանում գործող երկաստիճան (2) դեմոկրատական համակարգը, որն, ի դեպ, գործում է անցումային փուլի համարյա բոլոր ունիտար պետություններում, միանգամից փոխարինել երեքուկես (3,5) աստիճանի նոր համակարգով, որը, ի դեպ, իր օրինակը չունի աշխարհի ոչ մի ունիտար երկրում։ Նախ՝ մարզպետների պաշտոնը դառնում է ընտրովի (սա լրացուցիչ 1 աստիճան) եւ նորամուծվում է «համայնքների միավորում» նոր՝ ո՛չ ընտրովի, ո՛չ նշանակովի, այլ «հավաքվող» մի կիսաստիճան (եւս 0,5 աստիճան), որը ունի ֆունկցիաներ երկու տիրույթից էլ։ Այսպիսի արտասահմանադրական եւ ունիտար պետություններում նմանակը չունեցող մի մարմնի «խցկումը» Հայաստանի միանգամայն ունիտար կառավարման համակարգի մեջ կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանը աշխարհում հայտնի դասական երկաստիճան դեմոկրատական կառավարման համակարգի հարթությունից տեղափոխվի մի նոր, չփորձարկված կառավարման հարթություն՝ դրանից բխող բոլոր հնարավոր բացասական հետեւանքներով։ Կարելի է, իհարկե, անդրադառնալ նաեւ այնպիսի հարցերի, ինչպիսիք են «համայնքների ղեկավարներին անվստահություն հայտնել-չհայտնելու», «մարզերի բյուջե ունենալ-չունենալու» կամ «մարզպետների (այդ թվում նաեւ Երեւանի քաղաքապետի) ընտրել-չընտրելու» հարցերին, սակայն ինքնին հասկանալի է, որ գործող ՀՀ վարչատարածքային համակարգը ստեղծողները շատ մանրամասն քննարկել են այդ բոլոր հարցերը։ Արդյունքում ընդունվել են այն որոշումները, որոնք աշխատող են թե՛ Հայաստանում, թե՛ բոլոր նմանօրինակ մոդելով ապրող ԱՊՀ եւ աշխարհի այլ ունիտար երկրներում եւ արդարացված են թե՛ գիտական, թե՛ գործնական առումով։ Հայաստանում վարչատարածքային համակարգի արդյունավետ աշխատելու պրոբլեմները ոչ թե մոդելային, այլ միանգամայն այլ տիրույթում են։ * Չկա «Տարածքային կառավարման մասին» օրենք (1996թ. որոշակի պատճառներով միասնական «Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մասին» օրենքի նախագծից առանձնացվեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը եւ ընդունվեց, իսկ տարածքային կառավարումը կարգավորվեց ՀՀ նախագահի հրամանագրով։ * Երկիրն ունի փոքր բյուջե եւ կարողանում է միայն սուղ միջոցներ հատկացնել տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանը, իսկ տեղական ռեսուրսները չեն բավարարում տեղերում ինքնազարգացում ապահովելու համար։ * Պետությունը դեռ չի կարողանում վարել լիարժեք եւ հետեւողական տարածքային զարգացման քաղաքականություն։ * ՀՀ բյուջեն համայնքների կտրվածքով ոչ թե «նպատակային» է, այլ ավելի շուտ՝ «ծախսային»։ * Որոշ համայնքների եւ մարզերի ղեկավար ապարատները ամբողջական չեն տիրապետում գործող մոդելին եւ չեն կարողանում օգտագործել մոդելի պոտենցիալ հնարավորությունները։ * Եվ, ի վերջո, ընդհանուր պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման իրավագիտակցության մակարդակն ու ավանդույթները դեռ չեն հասցրել լիարժեք ձեւավորվել կառավարման բոլոր մակարդակներում։ Թվարկված պրոբլեմների լուծմանը եւ ոչ թե մոդելային աղավաղումներին պետք է ուղղել բարեփոխումների սլաքը։ Ընդհանրապես կառավարման մոդելի «ռեւիզիա» պետք է անել շատ հազվադեպ ու շատ զգույշ, եւ այն էլ միայն պատմական զարգացման մի փուլից մյուսին անցնելու ժամանակ, բայց ոչ տվյալ փուլի զարգացման ընթացքում՝ 4-5 տարին մեկ։ Պատմությունը ուսուցանում է, որ պետությունների քայքայման ամենաարդյունավետ մեթոդը այդ պետության կառավարման համակարգի քայքայումն է։ Սրա լավագույն եւ թարմ օրինակն է ԽՍՀՄ-ի քայքայումը, որն ուներ ռազմական, ոստիկանական եւ պետական անվտանգության հզոր կառույցներ, բայց հեշտ ու հանգիստ քայքայվեց, քանի որ հենց կառավարման համակարգի ձեւափոխմանն էին ուղղված Գորբաչովի սկսած ռեֆորմները եւ Բելավեժյան համաձայնությունը։ Այսպիսով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի քննարկվող փոփոխությունները դժվար թե որեւէ լավ բան տան ինքնակառավարման համակարգին, բայց դրա փոխարեն իրենց մեջ պարունակում են կառավարման համակարգի պարալիչի պոտենցիալ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել