Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բնապահպանական խնդիրների վերահսկողությունը կառավարությունն այսօր չի կարեւորում, իսկ գործազուրկ մարդկա

Դեկտեմբեր 01,2001 00:00

ՉԵՆ ՄԵՐԺԻ, ԲԱՅՑ ԿՏԱ՞Ն Բնապահպանական խնդիրների վերահսկողությունը կառավարությունն այսօր չի կարեւորում, իսկ գործազուրկ մարդկանց համար կենսականը ամեն գնով աշխատանք ունենալն է։ Ալավերդիի «Մանես-Վալեքս»-ը (այժմ արդեն՝ «Հայկական պղինձ») առաջիկա տարիներին բնապահպանական իր հիմնախնդիրները լուծելու երաշխիքներ չի տալիս։ Ասենք, որ այստեղ առանձնապես մեծ էլ չէ դրա հասարակական պահանջը, քանի որ 1988թ. բնապահպանական շահարկումներին իրեն զոհ համարող Ալավերդին կենսական այդ խնդիրների նկատմամբ առայժմ անտարբերություն է դրսեւորում։ Դրա արդյունքում էլ հրապարակայնորեն չի քննարկվում, թե ինչ գնով է ալավերդցին ձեռք բերում իր աշխատելու իրավունքը։ «Մանես-Վալեքսը», որ գործում է մասնավոր սեփականության իր շահերի շրջանակներում, 1998-ից շրջակա տարածքում վնասակար ազդեցություն թողնելու համար տարեկան շուրջ 120 հազար ԱՄՆ դոլար բնապահպանական տուգանքներ է վճարում երկրի բյուջե։ Իր խնդիրն այդ հարցում ավարտած համարելով՝ երբեմն էլ նեղսրտում է, երբ Ալավերդիում իր հասցված վնասի հիշեցումով ֆինանսական աջակցություն են խնդրում։ Իսկ երկրի, մեղմ ասած, ոչ այնքան ազնիվ կառավարությունը, տարիներ շարունակ օգտվելով նոր տնտեսական համակարգում դեռեւս իր չարն ու բարին չհասկացող ժողովրդի անտեղյակությունից, այդ գումարները նրանց առողջությանը եւ բնությանը հասցված վնասի վերականգնմանը ի սկզբանե նպատակաուղղելու փոխարեն, անպաշտպան ժողովրդի հաշվին մի տեղ էլ կոծկել է «հաբռգած» ստվերայինների չվճարած հարկերի պակասը։ Չքննարկելով շարժառիթներն էլ, ասենք, որ ՀՀ Ազգային ժողովը 2001թ. մայիսի 15-ին ընդունել է «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» օրենք, որն ուժի մեջ է մտնելու 2002թ. հունվարի մեկից։ Ըստ օրենքի, իրենց տարածքում վնասակար ազդեցություն թողնող ընկերությունների կողմից պետական բյուջեին տրվող բնապահպանական վճարներից մասհանումներ են կատարվելու այդ տարածքների համայնքների բյուջեներ, որոնց չափը յուրաքանչյուր տարվա համար հաստատվելու է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով։ Դրանք լինելու են նպատակային միջոցներ եւ բացառապես ծառայելու են բնապահպանական ծրագրերի իրականացմանը, որն էլ ընդգրկում է ընկերությունների կողմից վնասակար ազդեցություններից տուժած բնության եւ մարդկանց առողջության վերականգնումը։ «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» օրենքը Ալավերդիում վաղաժամ քննարկումների եւ մտահոգությունների տեղիք է տվել։ Դա նաեւ խոսում է այն մասին, որ դրա ընդունումը նաեւ հասարակական մեծ պահանջի արդյունք է, արձագանքում է նաեւ ալավերդցիների դեռեւս 1998-ից սկսած դժգոհություններին։ Բնապահպանական ծրագրի իր նախագծի մի տարբերակ օրերս քաղաքապետ Կարեն Եսայանը փորձեց ներկայացնել Ալավերդիի քաղաքական կազմակերպությունների ղեկավարների քննարկմանը։ Քննարկումից ինքն էլ համոզվեց, որ այն իրատեսական չէ, որոշեց պարզապես լսել հրավիրվածների կարծիքը նախատեսվելիք միջոցառումների առաջնությունները որոշելու համար։ Այնուամենայնիվ, ներկայացված նախագծից հասկանալի դարձավ, որ պետական բյուջեի նախագծով Ալավերդիի համայնքին բնապահպանական ծրագրերի իրականացման նպատակով նախատեսված է տրամադրել 46 մլն դրամ, որից էլ նախագծում առաջարկվում էր բնապահպանական միջոցառումների համար՝ 23 մլն դրամ։ Դա նախատեսվում էր ծառերի տնկիների տեսքով սփռել Ալավերդիի սարալանջերին, մայթերին ու պուրակներում՝ չհիմնավորելով ֆինանսական ծախսումներն ու հետագա ճակատագիրը։ Իսկ առողջապահության ծրագրի համար նախատեսված կրկին 23 մլն դրամից 7,5 մլն դրամը նախատեսված է տրամադրել Ալավերդիի հիվանդանոց ՓԲԸ-ին եւ 3,5 մլն դրամը՝ Ալավերդիի պոլիկլինիկա ՓԲԸ-ին, որոնցից նույնպես պարզ չէր, թե ովքեր են օգտվելու այդ գումարներից։ 12 մլն դրամ նախատեսվում էր հատկացնել պրոֆհիվանդների հետբուժումային սննդի ապահովման համար բարեգործական ճաշարանին։ Վաղաժամ լինելու հետեւանքով խուսափելով այլ վերլուծություններից՝ ընդամենը ասենք, որ սոցիալապես անապահով ալավերդցիների համար վաղուց անմատչելի են առողջապահական հիմնարկները։ Եվ ինչպես վկայում են Ալավերդիի պոլիկլինիկա ՓԲԸ-ի մասնագետ բժիշկները, այստեղ հաշվառված 305 չարորակ ուռուցքային եւ 300-ից ավելի տուբերկուլյոզով հիվանդների թիվը իրականության նվազագույնն է, քանի որ շատ հիվանդ մարդիկ ֆինանսական ծանր միջոցների պատճառով պարզապես չեն դիմում բժշկի եւ այդպես էլ չբացահայտված հիվանդություններով մահանում են։ Նման պայմաններում Ալավերդիում կարեւորվում է ոչ միայն բնապահպանական ծրագրի իրատեսական կազմումը, այլեւ տրամադրված գումարների հրապարակային եւ արդար ծախսումները։ Իսկ օրենքը այս կապակցությամբ ընդամենը նշում է. «Ծրագրի կատարման նկատմամբ վերահսկողությունը իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով»։ Թե մեր անվերահսկելի երկրում, որտեղ օրենքներ չեն գործում, մասնավորապես թալանի որջ Լոռիի մարզում, այդ ո՞ր օրենսդրությամբ են վերահսկվելու աղքատ քաղաքի ու նրա տխուր մարդկանց համար կենսական այդ գումարները՝ այ հենց սա է մտահոգում Ալավերդիին։ ԼԱՐԻՍԱ ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ ՀԺԿ Թումանյանի տարածքային կազմխորհրդի քարտուղար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել