Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կամ վարչապետի անհաջող էքսպերիմենտը

Դեկտեմբեր 01,2001 00:00

Հետեւություններ անելու ժամանակը Կամ վարչապետի անհաջող էքսպերիմենտը Մինչ հայրենի կառավարությունը համոզմունք է հայտնում, որ 2002թ. կապահովի այս տարի նախատեսվածից 27 մլրդ դրամով ավելի հարկային մուտքեր, Արժույթի միջազգային հիմնադրամը, այլեւս «չկերակրվելով» կառավարության համոզմունք-խոստում-ցուցումներով, ուղղակիորեն պահանջում է ընթացիկ եռամսյակում ապահովել 53 մլրդ դրամ հարկային մուտքեր։ Նաեւ կասկած չի հարուցում, որ կառավարությունն այս եռամսյակում գործնականում չի կարող ապահովել այդ թիվը, մանավանդ հոկտեմբերին հազիվ հավաքվեց 15,3 մլրդ դրամ՝ նախատեսված 17 մլրդ դրամի փոխարեն։ Այս դեպքում ինչի՞ վրա է կառավարությունը հույսը դնում, երբ գալիք տարվա համար բարձրացնում է «պլանկան»։ Թե՛ ՀՀ վարչապետը, թե՛ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը պաշտոնապես հայտարարեցին, որ հարկային մուտքերի ավելացումը լինելու է հարկային վարչարարության խստացման հաշվին։ Թերեւս հասկանալի է, թե ինչու կառավարությունը հույս չի դնում իր իսկ կողմից ակնկալվող 7,5% տնտեսական աճի վրա եւ հարկային մուտքերի ավելացումը չի պայմանավորում տնտեսական հնարավոր աճով. այս տարի պաշտոնապես արդեն հնչեցված 9,5% տնտեսական աճը եւս, ինչպես պարզ դարձավ, ոչ մի կերպ չանդրադարձավ հարկային մուտքերի ապահովմանը, որի առնչությամբ կարելի է դատել հետեւյալ կերպ. կամ ցուցանիշներն են ուռճացված, կամ ստվերային տնտեսությունն է աճել։ Թեեւ պաշտոնական աղբյուրները շրջանառում են այլ՝ «էներգետիկ» տարբերակը։ Սա արդեն նման է վատ պարողին խանգարող «հանգամանքին»։ Ինչեւէ, կառավարության վերոնշյալ որոշման նախագիծն ընդունելի կարելի է համարել թեկուզ այն պատճառով, որ մեզանում ստվերային տնտեսությունը, իրոք, վտանգավոր չափերի է հասնում եւ, որ այն իսկապես խոչընդոտում է մեր հասարակության սոցիալական զարգացմանը։ Այն, որ բյուջեի մուտքերի ապահովումը հնարավոր է միայն վարչարարության խստացման ճանապարհով, մեր երկրի պարագայում թերեւս հասկանալի է. դեռեւս չկայացած տնտեսական նոր իրավահարաբերություններ, հարկային եւ մաքսային օրենսդրության անկատարություն եւ այլն։ Բայց որ կառավարությունը 4 ամիս անընդմեջ հարկային պարտավորությունները ձախողելուց հետո է գալիս նույն ելակետին, իրոք մտահոգիչ է։ Զարմանալին, թերեւս, այն է, որ նույն ինքը՝ վարչապետն է խոսում վարչարարության խստացման անհրաժեշտությունից, այն դեպքում, երբ ամիսներ առաջ հրապարակավ դժգոհություն էր հայտնում հարկային մարմինների խիստ վարչարարության դեմ, որն, իր իսկ խոսքերով, խոչընդոտում էր գործարար մթնոլորտի աշխուժացմանը։ Պետեկամուտների նախկին նախարար Ա. Մանուկյանն էլ հենց այդ պատճառաբանությամբ տեղափոխվեց այլ գերատեսչություն։ Կադրային, այնուամենայնիվ, չարդարացված փոփոխությունն ուղեկցվեց առավել չպատճառաբանված կառուցվածքային փոփոխությամբ, այն էլ՝ տարեկեսին, այն էլ՝ այնպիսի մի շտապողականությամբ, կարծես տվյալ պահին պետության համար (կամ վարչապետի) այլ խնդիր գոյություն չուներ։ Եվ սա այն դեպքում, երբ համակարգը առերեւույթ գոնե նորմալ լուծում էր իր առջեւ դրված խնդիրները՝ ապահովելով բյուջեի հարկային մուտքերը, ինչն այսօր ոչ մի կերպ հնարավոր չի լինում։ Կարելի է ենթադրել՝ կառուցվածքային փոփոխությո՞ւնն էլ կադրային «սահուն» անցումներ կատարելու տրամաբանությունից էր բխում։ Գուցե պե՞տք էր, ասենք, Արմեն Ավետիսյանին «տեղավորել» մաքսավորների գլխավոր, իսկ գուցե պետք էր կառույցը երկփեղկելով կանխե՞լ դրա այսպես կոչված տնտեսական «ուժային» դառնալու վտանգը՝ «կիսիր, որ տիրես» սկզբունքով։ Եվ այստեղ, հավանաբար, ամենաքիչը տեղ ունի պաշտոնապես շրջանառվող տարբերակը՝ ելնելով գործարարության աջակցման անհրաժեշտությունից։ Ուստի հարցը հռետորական է՝ ի՞նչ ստացավ կառավարությունը (իմա՝ վարչապետը) այդ ամենին ի տրիտուր։ Թերեւս այն, որ տնտեսական մոտ 10% աճի պայմաններում (իսկ մենք մեր իշխանություններին ուզում ենք հավատալ) հուլիս ամսից (կառուցվածքային եւ կադրային փոփոխությունները եղան հենց այդ ամսում) հարկային մուտքերը չեն ապահովվում, իսկ ԱՄՀ-ն «թարսի պես» այս անգամ համառ է, ու վարչապետը ստիպված հայտարարում է, թե ձեռքներդ լվացեք SAC-4-ի երրորդ եւ չորրորդ «տրանշներից», այս տարի չի ստացվելու։ Իսկ մեղավո՞ր են վարչապետի էքսպերիմենտների համար հազարավոր թոշակառուներն ու նպաստառուները, բյուջետային հիմնարկների աշխատողները։ Ունի՞ պատասխան այս կապակցությամբ ՀՀ վարչապետը, եթե ոչ հասարակության, գոնե նախագահի առջեւ, բացի այն վանկարկումը, որ հաջողությամբ կրկնում են ֆինանսների եւ պետեկամուտների նախարարները, թե՝ էներգետիկներին ենք խնայել… ԽԱՉԱՏՈՒՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել