Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այսպիսով,

Դեկտեմբեր 01,2001 00:00

ԵՐԲ «ՍՏՎԵՐԸ» ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ՀՆԱ-ԻՆ Այսպիսով, ՀՀ պետական վիճակագրությունը երկրի տնտեսության զարգացման մեջ արձանագրեց եւս մի ռեկորդ, համաձայն որի, 2001թ. 9 ամիսների ընթացքում ՀՆԱ-ի աճը 2000թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատած, կազմել է 9,9%։ Այս թվերին չհավատալու ոչ մի հիմք չունենք։ Առաջին հերթին գոնե այն պատճառով, որ Հայաստանում պաշտոնականից բացի որեւէ այլ վիճակագրություն չկա եւ, երկրորդ, ՀՆԱ-ի այդպիսի աճի մասին վկայում են այլ տնտեսական ցուցանիշներ։ Օրինակ, համեմատվող նույն ժամանակահատվածի ընթացքում արտահանման ծավալն աճել է 11,6%-ով, գյուղատնտեսական արտադրանքը՝ 11,8%-ով, մանրածախ շրջանառությունը՝ 15,2%-ով եւ այլն։ Այլ բան է զարմացնում. ՀՆԱ-ի այդպիսի մեծ աճի պարագայում ՀՀ բյուջեն ինչո՞ւ չի հավաքում նախատեսված գումարը։ Համաձայն ԱԺ կողմից ընդունված 2001թ. բյուջեի, ՀՆԱ-ի 6,5% աճի տեմպի դեպքում, 12 ամիսների ընթացքում պետք է կազմեն 164,9 մլրդ դրամ։ Այսինքն, 2001թ. 9 ամիսների ընթացքում հարկային մուտքերը պետք է կազմեին 123,6 մլրդ դրամ։ Բայց ՀՆԱ-ի աճը կազմել է 9,9%։ Այս դեպքում հարկային մուտքերը պետք է կազմեին 127,3 մլրդ դրամ։ Սակայն իրականում մենք ունենք հակառակ պատկերը։ 2001թ. անցած 9 ամիսների ընթացքում, չնայած ՀՆԱ-ի ռեկորդային աճին, ընդամենը 108,2 մլրդ դրամի հարկեր են հավաքագրվել բյուջե։ Այլ կերպ ասած, բյուջեն թերհավաքագրվել է 19,1 մլրդ դրամով։ Ինչո՞ւ։ Ո՞րն է պատճառը։ Այստեղ կարող է լինել միայն 2 պատճառ։ Առաջինը, որ ՀՆԱ-ի ոչ մի աճ էլ չկա, այլ ընդհակառակը։ Աճի այս 9,9%-ները բլեֆ են։ Երկրորդ՝ այդ աճը իրական փաստ է, բայց այն ամբողջովին ստվեր է անցել եւ չի հարկվել։ Բայց ինչպես ցույց տվեցինք վերը, մեր պաշտոնական վիճակագրությունը չի ստում։ Նշանակում է՝ ՀՆԱ-ի ռեկորդային աճին զուգահեռ, մենք գործ ունենք ստվերային տնտեսության աննախադեպ աճի հետ։ Հիմա տեսնենք, թե 2001թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ-ում որքան է աճել ստվերային տնտեսությունը։ Հարկային մուտքերի պարամետրերի միջոցով այս աճի հաշվարկման մեթոդիկան շատ պարզ է։ Հայաստանում, ինչպես ցույց է տալիս վերջին տարիների պրակտիկան, հարկային մուտքերի ծավալը կազմում է ՀՆԱ-ի ծավալի մոտ 14%-ը։ Այլ կերպ ասած, ՀՆԱ-ի 1%-ին համապատասխանում է հարկային մուտքերի միջինը 0,14% աճ։ Այլ երկրներում այս համապատասխանությունը մի փոքր այլ է։ Օրինակ, սկանդինավյան երկրներում ՀՆԱ-ի 1% աճին համապատասխանում է հարկային մուտքերի միջինը 0,4-0,5% աճ։ Այսպիսով, ՀՀ-ում ՀՆԱ-ի եւ հարկային մուտքերի հարաբերակցությունը հետեւյալն է՝ 1։0,14։ Այլ կերպ ասած, 19,1 մլրդ դրամի հարկային մուտքերի թերհավաքագրումը նշանակում է, որ 2001թ. 9 ամիսների ընթացքում ստվերային տնտեսությունը Հայաստանում աճել է 136,4 մլրդ դրամ (19,1 մլրդ դրամ։0,14) գումարով։ Այսինքն, ստվերային տնտեսությունը նշված ժամանակահատվածում աճել է 17,6%-ով (2001թ. 9 ամիսների ընթացքում ՀՆԱ-ն կազմել է 773,3 մլրդ դրամ), գերազանցելով ՀՆԱ-ի (9,9%) աճի տեմպը։ Հարց է ծագում. իսկ 2001թ. սկզբին Հայաստանում ինչպիսին էին ստվերային տնտեսության ծավալները։ Դա մենք չգիտենք։ Դա առանձին ուսումնասիրության խնդիր է։ Բայց մի բան մեզ հաստատ հայտնի է։ ՀՀ-ում ստվերային տնտեսությունը միշտ էլ ունեցել է պատկառելի ծավալներ։ Օրինակ, հետազոտությունները, որ անցկացվել են 1996թ., ցույց են տվել, որ 1995թ. դրա ծավալները զանազան հաշվարկներով կազմել են ՀՆԱ-ի 40-53%-ը (որը ԱՊՀ-ում ամենացածր ցուցանիշն էր)։ Այսպիսով, այստեղ մենք գործ ունենք զուտ հայկական տնտեսական ֆենոմենի հետ, որը բնորոշվում է նրանով, որ երկրում 9,9% ՀՆԱ-ի աճի պարագայում ստվերային տնտեսությունն աճել է 17,6%։ Եվ հատկապես այդ ֆենոմենն էլ պատճառ է հանդիսանում, որ ՀՀ հիմնական բնակչությունը ոչ մի կերպ չի կարողանում իր եւ իր նյութական վիճակի վրա զգալ այդ աճը։ Ճիշտ է, համենայնդեպս, բնակչության ինչ-որ, թեկուզեւ ոչ մեծ, մասն, իհարկե, զգում է։ Բայց որպեսզի այդ տնտեսական աճը զգա նաեւ Հայաստանի հիմնական բնակչությունը, անհրաժեշտ է, որպեսզի ստվերային աճի տեմպերը գոնե զիջեն ՀՆԱ-ի աճի տեմպերին։ ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել