Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բուռնաշն իր խաչը կտանի

Դեկտեմբեր 01,2001 00:00

Բուռնաշն իր խաչը կտանի Քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակի «սիմվոլը»՝ Հանրապետության հրապարակի մետաղյա կոնստրուկցիաներով պատրաստված խաչը, պարզվում է, այսուհետ դառնալու է «հուշարձան»։ Անցած շաբաթ քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը Կենտրոն համայնքին գրություն է ուղարկել՝ հանձնարարելով վերջինիս ապամոնտաժել այն։ Սակայն շոումեն Նազարյանն իր գրության մեջ չի նշել, թե համայնքը այն որտեղ պիտի ապամոնտաժի կամ որպես ինչ ապամոնտաժի։ Ըստ մեր տվյալների, Կենտրոն համայնքի աշխատակիցները մի բոլ ծիծաղել են այդ գրության վրա ու հայտնվել շատ անհեթեթ վիճակում։ Ի՞նչ անեն այդ խաչը, որտե՞ղ ապամոնտաժեն։ Անգամ այսպիսի խոսակցություն կա՝ ով տեղադրել է, թող նա էլ ապամոնտաժի ու ինքն էլ հոգա բոլոր ծախսերը։ Սակայն մինչ Կենտրոն համայնքը կողմնորոշվի, թե ինչ անի Խոսրով Մելիքիչի «գլուխգործոցի» հետ, քաղաքապետարանը կողմնորոշվել է։ Պարզվում է՝ այդ խաչի համար, որը շատերի գնահատականներով ավելի շատ կաթոլիկ եկեղեցու խաչի է նման, քան առաքելական եկեղեցու, քաղաքապետարանում լա՜վ հերթ է գոյացել։ Հերթի կանգնածներից մեկը, քաղաքապետարանից ունեցած մեր տվյալների համաձայն, «Հրազդան» տոնավաճառի տնօրեն Աշոտ Աղաբաբյանն է (Բուռնաշ մականունով)։ Եվ, ամենայն հավանականությամբ, ըստ նույն աղբյուրի, հենց նա էլ կարժանանա այդ «պատվին»։ Աշոտ Աղաբաբյանը խնդրել է այդ խաչը տնօրինելու իրավունքը իրեն տալ, որի ապամոնտաժման բոլոր ծախսերը վերջինս կվերցնի իր վրա։ Եվ քանի որ այդ խաչի պատրաստման եւ տեղադրման ծախսերն էլ է ինքն արել, եւ Խոսրով Մելիքիչը՝ զուտ 1700-ամյակի կազմակերպչական մասով խաչի «գաղափարական» միտքն է եղել, քաղաքապետարանը հենց նրան էլ «կվերադարձնի» այն։ Սակայն ամենահետաքրքիրն այն է, թե Ա. Աղաբաբյանն ի՞նչ է անելու այդ խաչը։ Պարզվում է, նա որոշել է Գագիկ Ծառուկյանից եւ Ռուբեն Գեւորգյանից ետ չմնալ, իր անունն էլ «անմահացնել» ու եկեղեցուն առնչվող մի ինչ-որ «հուշարձան» էլ ինքն իր անունով ունենալ։ Սակայն ոչ այնքան մե՜ծ գումարներ ներդնելով, ինչպես դա արեցին վերջիններս՝ մի-մի եկեղեցի կառուցելով։ Ա. Աղաբաբյանը որոշել է դա անել «էժան» ծախսերով։ Այսպիսով, նա այդ խաչը հրապարակից կտեղափոխի «Հրազդան» տոնավաճառից դեպի համալիր տանող ճանապարհին գտնվող բենզալցակայաններից մեկի մոտ եւ այն «կհավերժացնի» այնտեղ։ Անգամ այս առիթով քաղաքում արդեն անեկդոտ է պտտվում, թե՝ քրիստոնեության 1700-ամյակը այս տարի ավարտեցինք, 2002 թ. ազգովի նշելու ենք հեթանոսական շրջանին հրաժեշտ տալու տոնակատարությունը։ Եվ Ա. Աղաբաբյանը հենց դրան էլ այսօրվանից արդեն պատրաստվում է։ Այնպես որ, մինչ շատերը հույսեր էին փայփայում, թե վերջապես այդ «բոլտուգայկաներով» պատրաստված խաչը շուտով այլեւս չեն տեսնի, քանի որ Խոսրով Մելիքիչի միսիան՝ 1700-ամյակի տոնակատարությունը, ավարտվեց, քաղաքապետ Նազարյանի «գերփայլատակված» միտքը այն հավերժացնելու որոշում կայացրեց։ ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել