Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեր երկրում մարդկային որակների խիստ անկում կարելի է արձանագրել, որն, անշուշտ, փոխադարձ կապի մեջ է եր

Դեկտեմբեր 01,2001 00:00

Նարուշիլովկայի դրսեւորումները Մեր երկրում մարդկային որակների խիստ անկում կարելի է արձանագրել, որն, անշուշտ, փոխադարձ կապի մեջ է երկրի ընթացքի հետ։ Երկու կենսաձեւ է խիստ առանձնանում, որ բնորոշ է ե՛ւ անցյալի, ե՛ւ ներկա իշխանություններին, իշխանական փոքր-ինչ լծակ ունեցող ցանկացած պաշտոնյայի, գործարարի, թաղային կամ բակային հեղինակության։ Իշխանություն ունեցողը շատ շուտ մոռանում է իր անցյալը, անցած ուղին եւ որոշակի կեցվածք՝ պոզա է ընդունում, յուրացնում իր լսած կամ պատկերացրած «անհրաժեշտ» ատրիբուտիկան՝ հագուստից մինչեւ դեմքի «խելոք ու խիստ» կոնկրետ արտահայտություն։ Իրենցից բարձր պաշտոնյաների առջեւ սեթեւեթում է, հաճոյանում՝ բոլոր հնարավոր ձեւերով։ Օրինակ, ներկայիս մի քանի նախարարների մասին պատմում են, որ իրենցից բարձր պաշտոնյաների հետ հեռախոսով խոսելիս կանգնած են խոսում, անգամ կենացը խմելիս (երբ նույնիսկ այդ բարձր պաշտոնյան ներկա էլ չէ) դարձյալ ընդգծված ոտքի են կանգնում (անպայման այդ «բարձրի» ականջը կընկնի-կիմանա)։ Շատերի վկայությամբ՝ այսպիսին է ՀՀ ՆԳ նախարար Հայկ Հարությունյանի պահվածքը։ Հայտնի է, որ որտեղ իշխանությունն ու ուժն է, այնտեղ էլ դրանց չարաշահումն է։ Պաշտոնյաների մի մասը ուղիներ է հարթում, ֆինանսական կարողություններ կուտակում՝ իր պաշտոնի, դիրքի շնորհիվ, մյուս մասը՝ ըստ իր ունեցվածքի չափի, անվան, անվան շուրջ ստեղծված միֆի կամ իրականության։ Այդ միֆը ե՛ւ իրենք են ստեղծում, ե՛ւ իրենց շրջապատը։ Շրջապատը սնվում է իր ղեկավարի, շեֆի անգամ անունից։ Նույնիսկ կենցաղային որեւէ հարց լուծելիս շեֆի անունից բխող բարիքներից է օգտվում։ Վարորդից սկսած՝ «շեֆին» բոբո են սարքում (իսկ շեֆը գիտի եւ չի դիմադրում) եւ իբրեւ «նարուշիլովկա» օգտագործում վերջինիս անունը։ Իրականում «Նարուշիլովկան» (ժողովրդական խոսքով ասած) հատուկ մի թուղթ է, որը տրվում է ՆԳ նախարարի ստորագրությամբ՝ առանձնապես կարեւոր հանձնարարություն կատարողներին եւ պետական առանձին պաշտոնյաների՝ իրենց մասնագիտական, օպերատիվ պարտականությունները կատարելու համար։ Վերջին շրջանում հատկապես շատացել են պետավտոտեսչության ծառայողներին (գայիշչնիկներին) «նարուշիլովկաներ» ցույց տվող քաղաքացիները։ Նկատի ունենալով, թե այդ հատուկ թղթերը որ դեպքերում եւ ինչպիսի հատուկ կանոնակարգով են գործածվում, մնում է մեզ ենթադրել, թե որքան շատ օպերատիվ գործունեություն են ծավալում մեր ՆԳ եւ ԱԱ աշխատակիցները եւ չեն ցանկանում պետավտոտեսչության ծառայողների աչքին բացահայտվել։ Իսկ ամենահավանականն այն է, որ դրանք հիմնականում անօրինականության արդյունք են։ Վերադառնանք «բոբո» շեֆերին. նրանցով վախեցնում են եւ ստանում ուզած բան՝ սկսած երթեւեկության կանոնների խիստ խախտումից մինչեւ հանցագործության կոծկում։ Վախի խղճուկ դրսեւորում ստրկամտությունը դարձել է տարածված երեւույթ, ազգային եւ անհատական բնավորություն, կենսաձեւ։ Սա հատկապես բնորոշ է ՆԳ եւ ԱԱ մարմինների աշխատակիցներին։ Եվ ցավալի է, որ այս մարմիններում, որոնք պետք է ապահովեն մեր երկրի ազգային անվտանգությունը, ապօրինությունները, ընդգրկված են լղոզված բնավորությամբ, ոչ խելացի եւ ոչ սկզբունքային մարդիկ։ Շղթայաբար այսպես ապրում են գրեթե բոլորը, հները փոխվում են, նորերն են գալիս, մեկը դրանով հիվանդանում է, մյուսը՝ վարակվում։ Այլ արժեքների ու սկզբունքների մասին թերեւս խոսք լինել չի կարող։ Եվ այս երեւույթը ներթափանցում է մինչեւ մարդկային բոլոր տեսակի հարաբերություններ։ Վերջերս մի երիտասարդ տղա, այսօրվա հայ աղջիկների մասին խոսելիս, մի դեպք պատմեց։ Երբ տղան հարցրել է՝ ե՞րբ է առաջին անգամ տղամարդու հետ եղել, աղջիկը պատասխանել է, թե մեկ ամիս առաջ՝ այսինչ նախարարի եղբոր տղայի հետ։ Աղջկա համար ամենակարեւորը նախարարն էր, որի եղբոր տղայի հետ քնելը, փաստորեն, մեծ պատիվ էր իր համար։ Ամենասարսափելին նման երեւույթներն են, որոնք մեկ կամ տասը օրինակներով չեն վերջանում, այլ համատարած են: Դա էլ մեր ազգային ներկա դիմագիծն է դարձել։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել