Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Որ թալիբները պարտություն կկրեն հակաահաբեկչական կոալիցիայից եւ Հյուսիսային ալյանսից, ոչ ոք առանձնապես

Դեկտեմբեր 01,2001 00:00

Աֆղանական կարգավորման փխրուն սառույցը Որ թալիբները պարտություն կկրեն հակաահաբեկչական կոալիցիայից եւ Հյուսիսային ալյանսից, ոչ ոք առանձնապես չէր կասկածում։ Թալիբները՝ նույնպես։ Դրա ապացույցն է Քաբուլի եւ Մազարի-Շարիֆի, փաստորեն, առանց մարտի հանձնումը։ Բեն Լադենի եւ թալիբների հիմնական հույսը այն էր, որ աշխարհի հզոր տերությունները լեզու չեն գտնի իրար հետ եւ չեն կարողանա կազմակերպված հակահարված տալ։ Սակայն այդ երկրները (առաջին հերթին՝ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը) կարողացան վեր կանգնել իրենց տարաձայնություններից, ինչը եւ որոշեց իրադարձությունների ընթացքը։ Կունդուզում եւ Կանդագարում թալիբները եւ նրանց վարձկանները լուրջ դիմադրություն ցուցաբերեցին, քանզի այս դեպքում խոսքը գնում էր արդեն սեփական կաշին փրկելու մասին։ Այժմ առաջին պլան է մղվում Աֆղանստանում քաղաքական կարգավորման խնդիրը։ Եթե առաջարկվող լուծումները ձեռնտու լինեն ժողովրդի ճնշող մեծամասնությանը եւ բոլոր էթնիկ խմբերի համար, ապա կարող է խոսք գնալ կայունության հաստատման մասին։ Եթե ոչ՝ հասարակությունը նորից կպառակտվի, եւ թալիբները բարենպաստ հիմք կունենան պարտիզանական պատերազմ վարելու։ Այդ տեսանկյունից Կանդագարի մոտ ամերիկյան խոշոր դեսանտի տեղակայումը նպաստավոր չի թվում՝ այդ քայլն, իհարկե, կբարդացնի ռազմական գործողությունների արդյունավետությունը, բայց անզգուշության դեպքում կարող է կոտրել աֆղանների փխրուն վստահությունը։ Էլ չասած հնարավոր սեփական կորուստների մասին։ Զուտ քաղաքական կարգավորման գործընթացը առայժմ համարյա անթերի է՝ Բոննում հավաքված Աֆղանստանի քաղաքական ուժերի եւ էթնիկ խմբերի ներկայացուցիչները ավարտում են ժամանակավոր գործադիր մարմնի ձեւավորումը, այն պայմանով, որ երկրի կառավարությունը կստեղծվի Աֆղանստանում՝ Ավագների խորհրդի (ջիրգայի) կողմից։ Ալյանսը կարծես թե չի փորձում ճնշում գործադրել, ՄԱԿ-ը եւ միջնորդները չեն խառնվում միջաֆղանական երկխոսությանը։ Սակայն իշխանության խնդրի կարգավորումը միայն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Աֆղանստանի տնտեսությունը գտնվում է ծայրահեղ քայքայված վիճակում։ Վերջին տարիներին դրամ վաստակելու միակ հնարավորություններն էին թմրաբիզնեսը եւ ռազմական գործողություններին մասնակցությունը։ Եվ եթե մոտակա հեռանկարում չսկսվի ազնիվ աշխատելու պայմանների ստեղծման գործընթացը, ապա վերոնշյալ երկու «փեշակը» աստիճանաբար նորից կդառնան հիմնական։ Ուստի զարգացած երկրները պետք է առաջին հերթին այս ձմռանը Աֆղանստանին ցուցաբերեն լուրջ հումանիտար օգնություն, հակառակ դեպքում, հազարավոր մարդիկ ուղղակիորեն սովամահ կլինեն։ Զարմանալի է, որ առայժմ միայն Ռուսաստանն է ջանասիրաբար աշխատում այդ ուղղությամբ. երկիր է առաքվել 2000 տոննայից ավելի հումանիտար բեռ, Քաբուլում բացվել է անվճար շարժական հիվանդանոց։ Իսկ գարնանը պետք է սկսել տնտեսության վերականգնման գործընթացը։ Ակնհայտ է, որ ահաբեկչությունը Աֆղանստանում, ինչպես եւ ամբողջ աշխարհում, չի դադարի, եթե չփակվեն նրանց ֆինանսավորման աղբյուրները։ Այսօր հայտնի է դարձել, որ ահաբեկիչների գումարների (մոտ 5 մլրդ դոլար) մեծ մասը գտնվում է եվրոպական բանկերում, որոնք շարունակում են կատարել տերերի համար բոլոր անհրաժեշտ ֆինանսական գործողությունները։ Բայց այդ երկրների օրենսդրությունը չի թույլատրում պետությանը ինչ-որ բան ձեռնարկել այդ իրողության դեմ։ Աբսուրդային վիճակ է՝ մասնավոր կապիտալի շահերը փաստորեն վեր են դասվում ազգային անվտանգությունից։ Հուսանք, որ մոտակա ժամանակ, գիտակցելով դրության լրջությունը, եվրոպական իրավաբանները ելք կգտնեն այդ ազատական լաբիրինթոսից։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել