Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վրաց-ռուսական հարաբերությունները սրընթաց վատանում են։ Ընդսմին, պահվածքը, որ դրսեւորում է Մոսկվան, չի

Դեկտեմբեր 01,2001 00:00

ԹԲԻԼԻՍԻՆ ԵՎ ՄՈՍԿՎԱՆ ԴԻՐՔԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ Վրաց-ռուսական հարաբերությունները սրընթաց վատանում են։ Ընդսմին, պահվածքը, որ դրսեւորում է Մոսկվան, չի կարող ընդվզում չառաջացնել նույնիսկ կողմնակի դիտորդի մոտ։ Այդ երկրում դադարել են գիտակցելուց, որ Վրաստանն անկախ պետություն է, եւ նրա նախագահի հասցեին շաղ տրվող վիրավորանքներն ու բանսարկությունները համարժեք են պետության ու ժողովրդի հասցեին հայհոյախոսության։ Գուցե պատմությունն ու մշակույթը ոմանց ի զորու չեն հարգալից վերաբերմունք պարտադրելու, բայց դիվանագիտական էթիկետը պահպանելը մեկնաբանություններ չհանդուրժող անհրաժեշտություն է։ Մինչդեռ ռուսական լրատվամիջոցները՝ պետական ռադիոհեռուստաընկերություններից մինչեւ chatt-box վարող ինտերնետ-պրովայդերներ, ցեխ են շպրտում Էդուարդ Ամբրոսեւիչի վրա։ Նույնիսկ դատարանի դահլիճում մեղադրանքներ ձեւակերպելիս վայել չի նկատվի այնպես արտահայտվել, ինչպես ռուս զինվորականները, դիվանագետներն ու լրագրողները՝ Էդուարդ Ամբրոսեւիչի հասցեին։ Ինչ-որ գեներալ, որ Դումայի պատգամավոր է, հեռուստաէկրանից Շեւարդնաձեին անվանում էր «խաբեբա եւ կաշառակեր», որը Բաթումից ներմուծվող սպիրտի յուրաքանչյուր լիտրից X ցենտ անձնական եկամուտ ունի։ Սույն պարոնի երեւակայությունն այնքան բորբոքվեց, որ եզրակացության հանգեց, թե Շեւարդնաձեն սպիրտի վերավաճառքից յուրացվող ցենտերով ֆինանսավորում է չեչեն գրոհայիններին։ Թող ներվի, բայց ռուսաստանյան լրատվամիջոցներն ուղղակի հասել են մարազմի։ Եթե հավատ ընծայվի նրանց բանսարկություններին, ապա ստացվում է, որ Վրաստանն ավելի խիտ է պատված գրոհայինների ճամբարներով, քան նույնիսկ Աֆղանստանը կամ Պակիստանը։ Եվ միանգամայն հասկանալի է, որ համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարի առաջամարտիկ Մոսկվան պետք է պատշաճ պայքար մղի Վրաստանում տեղակայված ահաբեկչական որջերի դեմ։ Իսկ դրանք ռուսների աչքին երեւում են որտեղ ասես՝ Կախեթիայում, Մցխեթում, Մեգրելիրայում, Սվանեթիայում։ Հետաքրքիրն այն է, որ այդ գրոհայիններին տեսնում են, ձայնագրում են, ենթադրյալ կամ իրական տեղաշարժերին տեղեկանում են հատկապես «Ռուսթավի-2» հեռուստաընկերության մեկնաբանները։ Այդ ինչպե՞ս է պատահում, որ ոչ մի այլ լրատվամիջոցի նման տեղեկություններ հասու չեն դառնում։ Չի՞ մնում արդյոք կարծել, որ ռուսաստանյան հատուկ ծառայություններն են «Ռուսթավի-2»-ը վերահսկում։ Թվում է, Վրաստանի տարածքը ռմբակոծելուց եւ, իբրեւ պատասխան, Վաշինգթոնից եւ հակաահաբեկչական կոալիցիայի մյուս մայրաքաղաքներից տարակուսանքի նոտաներ ստանալուց հետո Մոսկվան կարգի կհրավիրվի։ Իմիջիայլոց, ժամանակը չէ՞, որ Մոսկվայում փոքր-ինչ խորհեն, թե մինչեւ ուր վրացիները ռուսական միջամտություն ու ստվեր կհանդուրժեն։ Երբ Զուրաբ Ժվանիան հրաժարական ներկայացրեց, ռուսներին թվում էր, թե խորհրդարանի նոր խոսնակը ռուսամետ դիրքորոշում է որդեգրելու։ Բայց չարաչար սխալվեցին, որովհետեւ նորընտիր խոսնակը հայտարարեց՝ Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքի պարբերաբար ռմբակոծվելու եւ այլ ոտնձգությունների մասին՝ օրակարգում դնելով ԱՊՀ-ի, եւ հատկապես Ռուսաստանի հետ կապերը խզելու հարցը։ Ռուսները չե՞ն մտածում արդյոք, թե ինչու Ժվանիան հրաժարական ներկայացրեց։ Գուցե նա կարծեց, որ իր անշրջահայացության արդյունքում Վրաստանի իրական անկախությունն է դրվել խաղաքարտին, հետեւաբար ելքը լռելյայն հեռանալն է, ասպարեզը թողնելով մեկի, ում չեն կաշկանդի Ռուսաստանի հետ հայտնի ու անհայտ կապվածության թելերը։ Ամեն դեպքում, Վրաստանը հարյուրամյակների պետականություն ունեցող երկիր է, եւ այնտեղ ռուսները ոչ թե փրկարարներ են, այլ ազգային պետականության կործանարարներ։ Եվ որքան ռուսները հարաբերություններ սրեն վրացիների հետ, այնքան վերջիններս կմղվեն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ եռյակ միություն եւ հակառուսական ճակատ ստեղծելու։ Հայերը դիտորդի դերում են սրվող այդ հարաբերություններում եւ տարածաշրջանային դաշինքների վերաձեւումներում, բայց միանգամայն անհաճո է, երբ ռուսները հակավրացական իրենց արշավի մեջ փորձում են ներքաշել նաեւ հայերին։ Չգիտես՝ ինչու, Մոսկվայում հանկարծ սկսել են մտահոգվել Ջավախքի հայության անվտանգության հարցերով։ Ընդսմին, արդյոք տգիտությունից, թե՞ նենգամտությունի՞ց դրդված, լուրեր են տարածում, թե, ասենք, ջավախահայությունը, ոչ ավել ոչ պակաս, «երկյուղում է ցեղասպանության կրկնությունից, ինչպիսին եղել է 1914 թվականին, երբ 1 մլն հայեր են սպանդի զոհ դարձել, իսկ մնացյալին էլ փրկել է ռուսական բանակը»։ Անտեղյակ ընթերցողը որտեղի՞ց գիտենա, որ հայերի ցեղասպանությունն իրականացնողը եղել է Թուրքիան, հայկական հողերը աջ ու ձախ նվիրաբերողը՝ Ռուսիան, իսկ Վրաստանում, ի հեճուկս ռուսների որակումների, ոչ միայն հայերը ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի չեն ենթարկվել, այլեւ, ընդհակառակը՝ ցեղասպանությունը վերապրած բազմաթիվ հայեր Վրաստանի ափերն են հասել ու այնտեղ հաստատվել։ Վրաց-ռուսական հարաբերությունները կարող են սրվել կամ կարգավորվել, բայց Մոսկվան որեւէ բարոյական իրավունք չունի իր դիվանագիտական, այն էլ՝ ոչ առանձնապես փայլուն, խաղերի մեջ հայերին ներքաշել։ ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել