Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սա է հիմնահարցերի հիմնահարցը, որն այսօր Հայաստանի պետականության ու նրա ժողովրդի ապագայի համար ամենակ

Դեկտեմբեր 01,2001 00:00

ՊԱՌԼԱՄԵՆՏԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ Սա է հիմնահարցերի հիմնահարցը, որն այսօր Հայաստանի պետականության ու նրա ժողովրդի ապագայի համար ամենակարեւորն է ու բախտորոշը։ Հարցի քաղաքական լուծման լավագույն տարբերակի ընտրությունը կանխորոշվում է բազմաթիվ գործոնների համակարգային եւ սթափ վերլուծության ճանապարհով, որի հիմքում առավելագույն դեր պիտի ունենան մեր ժողովրդի պատմության ու ներկայի, նրա մենթալիտետի յուրահատկությունները։ Այդ առումով առանձնահատուկ զգոնության պետք է արժանանան այն տեսակետները, որոնց հեղինակներն ու ջատագովները հաճախ կորպորատիվ շահերի դրդապատճառներով չարամտորեն, թե կարճամտորեն համանմանություններ են անցկացնում մեր եւ ժամանակակից քաղաքակրթության ու ժողովրդավարության բարձրունքներին հասած արեւմտյան երկրների միջեւ, մեխանիկորեն համապատասխանեցվելով ու գրկախառնվելով համաշխարհային փորձին։ Իհարկե, նորմալ բարոյաքաղաքական ու ժողովրդավարականության, ինչպես նաեւ բարենպաստ իրավական դաշտի առկայության պայմաններում այս կամ այն տարբերակի առավելությունները կամ թերություններն այնքան շոշափելի չեն կարող լինել հասարակական կյանքում, որքան դա բախտորոշ կարող է լինել մեր այսօրվա իրականության պայմաններում։ Այդ առումով, եթե առաջին դեպքում ստույգ կողմնորոշվելը դժվար է՝ ակնառու տարբերությունների կամ առավելությունների հստակեցման իմաստով, ապա երկրորդ՝ մեր դեպքում, առկա է, թեկուզ եւ կարճ ժամանակահատվածում, բայց եւ այնպես միանշանակ ու որոշակի ընդգծվածությամբ ձեւավորված դառը, բայց ուսանելի փորձը։ Եվ այսպես, ի՞նչ եզրակացություններ կարող են արվել անցած տասնամյակի նախագահական կառավարման արդյունքներից։ 1991-ը։ Սա մի եզակի բացառություն էր, երբ նորածին ազատության էյֆորիան դեռ թարմ էր ու խոստումնալից, իրականությունը դեռ զերծ էր այլասերվածություններից, որի շնորհիվ հասարակությունը ընթանում էր որոշակի բարոյաքաղաքական ֆարվատերում։ 1996-ը։ Նախորդ 5 տարիներում հասարակական զարգացումների բեւեռացումներն ու պղտորումները պատճառ դարձան մի կողմից ընտրությունների թափանցիկության ու արդյունքների հստակության խարխլման, մյուս կողմից՝ ընդդիմադիր հավակնորդների աղաղակող սանձարձակությունների, որի հետեւանքով պախարակվեցինք միջազգովի, ինչպես նաեւ միջազգային հանրության շրջաններում: «Գնացքից ժամանակին թռչելու» գաղափարախոս Վազգեն Մանուկյանը եւ այլք խորհրդարանում կազմակերպված ջարդուխուրդ իրականացնելով, նախադեպ ստեղծեցին ու սկիզբ դրեցին բռնությունների եւ արյունահեղությունների ճանապարհով իշխանավորման հարցեր լուծելու հանցագործ գործելակերպի: 1998-ը (փետրվար)։ Տարբեր պատճառաբանություններով քողարկված ճնշումների գործադրմամբ, գործող նախագահը գահընկեց արվեց։ Միայն հետագայում պարզ դարձավ, թե այդ իրադարձություններում որքան էր պատճառաբանությունների ու խարդավանքների համամասնությունը, ովքեր էին, իրականում, բարձրաստիճան խաբողներն ու խաբվողները։ 1998-ը (մարտ-մայիս)։ Ոչ միայն ոտնահարվեցին Սահմանադրության հիմնական դրույթները թեկնածուի գրանցման փուլում, այլ նաեւ ժողովրդավարական արդար ընտրությունները փոխարինվեցին «արջի ծառայություններ» մատուցողների եւ նրանց խրախուսողների ու հովանավորների համատեղ անբարոյական ու անօրինական արշավանքի։ Անարդարությունների ու կեղծիքների հետեւանքով բորբոքված ժողովրդական լայն զանգվածների դժգոհությունն ու ցասումը հասել էր իր սահմանագծին։ Եթե չլիներ պայծառահիշատակ Կ.Դեմիրճյանի անարատ հայրենասիրությունն ու ժողովրդասիրությունը, հասարակությանը զսպվածության կոչելով, ապա «խելագարված ամբոխները» վաղուց հողմացրիվ արած կլինեին անօրինականությունների ճանապարհով «հաղթանակի» հասածների աճյունները… 1999-ը։ Մինչ հաջորդ նախագահական ընտրությունները դեռ 4 տարի կար։ Սակայն քաղաքական բեմահարթակում հայտնված, հասարակության ամենալայն զանգվածներում ու ժողովրդի մեջ ամենաբարձր հեղինակություն ու համակրանք վայելող, հետեւաբար եւ ապագա նախագահական ընտրություններում ամենահավանական շանս ունեցողներ Կ.Դեմիրճյանի եւ Վ.Սարգսյանի առկայությունը հանգիստ չէր տալիս նրանց, ում անցանկալի էր այդ առկայությունն ու հնարավոր մրցակցությունը նրանց հետ։ Եվ կատարվեց դարի ամենամեծ ոճրագործությունը սեփական ժողովրդի նկատմամբ՝ երջանկահիշատակ Կ.Դեմիրճյանը եւ Վ.Սարգսյանը տեռորիստաբար ու ուխտադրուժ կերպով դաժանորեն սպանվեցին։ Այս դավադրության կազմակերպիչները մինչ օրս չեն բացահայտվել իրավաբանորեն։ Սակայն, օրեցօր ընդլայնվում է այն կարծիքի շրջանառությունը, որի հիմքում ոճրագործության կենտրոնը համատեղվում է իշխանական բարձր ատյանների հետ։ Թե որքանով է արդարացված նման կարծիքի առկայությունը՝ իրավաբանական տեսակետից անվիճելի չէ։ Սակայն, միանշանակ պարզ է, որ վատթարացող սոցիալական պայմանների հետ մեկտեղ, վերջին տարիների, ընդհուպ մինչեւ վերջին օրերս «Առագաստում» կատարված աղաղակող սպանություններն ու նրանց մասին անհամոզիչ ու անհեթեթ բացատրությունները հանրապետությունում խորացրել են իշխանությունների նկատմամբ նողկանքն ու անվստահությունը (որոնց մասշտաբները, ի դեպ, ոչ մի ընդհանրություն չունեն Ահարոն Ադիբեկյանի հասարակական կարծիքի մասին թվածնությունների հետ)։ Ներկայումս մարդկանց մեջ գերակշռում է այն կարծիքը, որ «…ով էլ մասնակցի նախագահական ընտրություններին, միեւնույն է՝ Ռ.Քոչարյանը չի զիջելու իր աթոռը։ Եթե անգամ որեւէ մեկին հաջողվի հաղթահարել «արջերի ծառայություններն» ու իշխանական ռեսուրսների դիմադրությունն ու խոչընդոտները եւ ինչ-որ հրաշքով կարողանա ընտրվել ու իրավաբանորեն ճանաչվել որպես նախագահ, միեւնույն է, հիմա էլ նրա գլուխը կուտեն»… Սա զարհուրելի ու անարգական իրողություն է, երբ մարդկանց թերահավատությունը մի կողմից՝ իրենց սահմանադրական իրավունքների, մյուս կողմից իշխանավորների նկատմամբ, կապված նրանց թողտվությունների ու անօրինականությունների հետ, հասել է իր գագաթնակետին։ Վախի զգացումը սկսում է համաճարակային բնույթ կրել։ Այժմ ոչ միայն գործարարները, շատ ու շատ պատգամավորներ ու քաղաքական գործիչներ, այլ նաեւ հասարակ ու շարքային քաղաքացիներ վախենում եւ չեն համարձակվում իրենց կամքն արտահայտել «ազատ ու անկախ» Հայաստանում, որի համար տարիներ շարունակ ահավոր զրկանքներ են տարել։ Դրա թարմ ապացույցներից է նաեւ այն, որ ընթացող, նախագահի հրաժարականին ուղղված ստորագրահավաքների ժամանակ իրենց կամքը հայտնած քաղաքացիներից շատերը երկյուղ են արտահայտում՝ «արդյոք հաշվեհարդար չի՞ իրականացվի իրենց նկատմամբ վերեւների կողմից»։ Եվ դա այն դեպքում, երբ, ինչպես հայտնի է, ցուցակներում չի պահանջվում նշել ոչ հասցեն, ոչ էլ անձնագրային տվյալները, ըստ երեւույթին, ստորագրողների անվտանգությունը ապահովելու համար։ Մի՞թե սա չէ 37-ի արհավիրքների ուրվականը, մի՞թե սա չէ «Ստալին-Բերիա» կլիկի վերակենդանացման, տոտալիտարիզմի բռնատիրական համակարգի արմատավորեցման սկիզբը։ Փառք աստծո, որ դեռ միայն սկիզբն է (չնայած անդառնալի ու անփոխարինելի կորուստների սահմաններն արդեն անծայրածիր են), եւ քանի ուշ չէ, այս ամենի դեմը համազգովի պիտի առնվի ու իշխանական հրեշը վնասազերծվի։ Ստեղծված իրավիճակներում այս կործանարար ու գարշելի ճահճից դուրս գալու, տարածված վախը փարատելու, մարդու իրավունքները, ազատությունն ու անկախությունը հաստատելու, եւ, ի վերջո, իշխանությունից անօրեն ու անարժան կառչած պնդերես այրերից ազատվելու ճանապարհներից մեկը պառլամենտական կառավարման համակարգի անցնելն է։ Սա, իհարկե, լավագույն տարբերակը չէ, Հայաստանի ժողովրդի կադրային գանձարանում ոչ բազմաթիվ, բայց եւ այնպես ժողովրդին առաջնորդելու բազմակողմանի ու բարձր պահանջներին բավարարող համընդհանուր հատկանիշներով օժտված պատվարժան թեկնածուների առկայության պայմաններում (անվտանգության նկատառումներով խուսափում եմ մասնավորապես անձնավորել)։ Սակայն, սա չարիքների փոքրագույնն է մեր ռեալության պայմաններում, ժողովրդի սերուցքի հերթական արյունահեղությունից առավելագույնս խուսափելու, նախագահական գայթակղիչ պտուղներից օգտվելու հնարավորությունները երկարաձգելուն ձգտողներից բազմաչարչար ժողովրդին ազատագրելու համար։ ՍԵՎԱԿ ԱՅՎԱԶՅԱՆ Տնտ. գիտ. թեկնածու, թոշակառու Հ. Գ. Ինչպես ասում են, «ձեռքի հետ էլ» 1,5-2,0 մլրդ դրամ կտնտեսվի, որը թույլ կտա վերջապես կիրառել նախագահի կողմից արգելված՝ թոշակառուներին անվճար էլեկտրական տրանսպորտով երթեւեկելու օրենքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել