Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հենց որ պատերազմը դառնում է իրողություն, ցանկացած կարծիք, որն

Դեկտեմբեր 01,2001 00:00

«ՏԵՌՈՐԻ ԴԵՄ ՄԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ» «Հենց որ պատերազմը դառնում է իրողություն, ցանկացած կարծիք, որն այն հաշվի չի առնում, սկսում է հնչել սխալ»: Ա. ԿԱՄՅՈՒ Վերջերս «Թեքեյան» կենտրոնում կայացավ մի քննարկում՝ նվիրված ահաբեկչության հիմնահարցին, որը կազմակերպել էր Քրիստոնեա-Դեմոկրատական Միության «Ալիք» հասարակական-քաղաքական կենտրոնը: Այնտեղ հնչեցին տարաբնույթ կարծիքներ, որոնցից առանձնացավ այն տեսակետը, ըստ որի՝ տեռորիզմը որակվեց որպես բացարձակ չարիք, որի դեմ հարկավոր է տանել համառ եւ հետեւողական պայքար: Եղան եւ ահաբեկչությունը արդարացնողներ, որոնք հաղորդեցին դրան «ազգային-ազատագրական» երանգներ: Սակայն «կլոր սեղանի» արդյունքները հույս են ներշնչում, որ Հայաստանում դեռեւս կան առողջ եւ համախմբման ընդունակ ուժեր, հիմնականում՝ երիտասարդներ, որոնք իրենց պատասխանատու են զգում սեփական երկրի համար եւ կարողանում են դիտել Հայաստանը ամբողջ աշխարհի հեռանկարում: Սույն հրապարակումը հանդիսանում է այդ քննարկման ժամանակ հնչած բանական եւ հիմնավորված տեսակետների մի ամփոփում: Վերջերս մոդայիկ է դարձել ասել, որ սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի դեմ կատարված տեռորիստական գրոհը ազդարարեց նոր ժամանակների սկզբի մասին: Իսկ այդ ժամանակներն իրականում կսկսվեն, եթե վերջին իրադարձություններից որոշակի դասեր քաղվեն: Առաջին դասն այն է, որ ահաբեկչությունը իրոք դարձել է XXI դարի առաջին լուրջ ու վտանգավոր մարտահրավերը: Այդ մարտահրավերի էությունն այն է, որ 20 հոգուց բաղկացած տեռորիստների մի խումբ կարող էր մեկ ժամվա ընթացքում անպաշտպան դարձնել աշխարհի միակ գերտերությանը, որի դեմ անզոր էին մյուս բոլոր տերությունները: Որ ահաբեկչությունը օգտագործվեց որպես նոր տեսակի զենք եւ պետությունները այլեւս չեն հանդիսանում համաշխարհային խաղի կամ պայքարի միակ խաղացողները, որ ի հայտ են եկել նոր՝ դաժան ու գիշատիչ խաղացողներ: Եվ որպես սեպտեմբերի 11-ի հետեւանք, պետք է արձանագրել հենց այդ համաշխարհային երաշխավորի հանդեպ տածած հոգեբանական հավատի կորուստը: Պարզվեց, որ բոլորը խոցելի են: Սեպտեմբերի 11-ը ցույց տվեց, թե ինչպես հեշտ է 20-30 րոպեում փոխել ամբողջ աշխարհակարգը, դադարեցնել բոլոր «խոշոր» եւ «մանր» խաղերը։ Այս առումով կարելի է համաձայնել ամերիկյան քաղաքագետ Թոնի Նեգրիի այն տեսակետին, որ ժամանակակից ահաբեկչությունը՝ խաղը եւ նրա կանոնները փոխելու եղանակ է: Դրանից էլ կարելի է եզրակացնել, որ սեպտեմբերի 11-ը համաշխարհային ապակայունացմանն ուղղված հսկայական սադրանք էր: Հաշվարկված էր, որ տեռորիստական հարձակումը Միացյալ Նահանգների վրա կառաջացնի հենց այն ռեակցիան, որը մենք դիտում ենք վերջին երկու ամսվա ընթացքում: Ինչպես նշում է իսրայելցի փորձագետ Դավիդ Ֆրոմկինը, ահաբեկչությունը նրանց զենքն է, ովքեր պատրաստ են կիրառել բռնությունը, բայց համոզված են, որ իրենք պարտություն կկրեն իսկական ուժի դեմ որեւէ պայքարում: Ահաբեկչության ռազմավարությունը կայանում է նրանում, որ հասնում է իր նպատակներին ոչ թե իր գործողությունների, այլ այդ գործողություններին պատասխանի միջոցով: Այս ռազմավարության մեջ բռնությունը սկիզբն է, իսկ ավարտը՝ այդ բռնության հետեւանքները: Փորձը վկայում է, որ պատերազմը ընդդեմ ահաբեկչության՝ այդ չարիքից փրկության միակ միջոցն է: Եվ եթե ի սկզբանե չմտնել նրա հետ գոտեմարտի, ապա հետագայում կլինեն ավելի շատ զոհեր եւ ավելի վտանգավոր հետեւանքներ: Եվ ամերիկյան, եւ այլ պետությունների պետական ղեկավարության ու անվտանգության մարմինները, պետք է ընդունել, ամենայն լրջությամբ չէին մոտենում իրենց առաքելության կատարմանը: Միացյալ Նահանգները, ինչպես եւ այլ պետություններ, այսօր հարկադրված են վերանայել եւ՛ միջազգային հարաբերությունների առկա համակարգը, եւ՛ իրենց ազգային անվտանգության համակարգերը, եւ՛, ընդհանրապես, սեփական աշխարհընկալումը: Նրանք պետք է ստեղծեն որոշումների կայացման այնպիսի արդյունավետ համակարգ, որը կհամադրի քաղաքացիական, ռազմական եւ հետախուզական գնահատականները, կմիացնի ծրագրավորումը եւ օպերատիվ գործունեությունը: Սա ճշմարտության պահն է բոլորիս համար, եւ նոր դարաշրջանը իրոք կսկսվի, եթե մարդկությունը համախմբվի չարիքի դեմ, եթե նա նորից չընկնի հին գզվռտոցների եւ բանավեճերի մեջ: Աշխարհը կարծես գիտակցեց, որ այս հարձակումներն ուղղված էին բոլորի դեմ, եւ պետք է արժանին մատուցել համաշխարհային առաջնորդներին, որոնք արդարացիորեն նշում են, որ քաղաքակիրթ աշխարհին հայտարարված է պատերազմ, եւ բռնությանը կարելի է հակադրել միայն ուժ: Նրանք նաեւ ընդունում են, որ առջեւում երկարատեւ ու ծանր պայքար է: Բոլորին արդեն այսօր պարզ է, որ հիմնահարցը չունի միանգամյա եւ արագ լուծում: Իսկ դրա լուծման համար հարկավոր է ունենալ այն լուծելու վճռականություն: Մտրակով եւ կարկանդակով քաղաքակիրթ մարդկությունը ստիպված է լինելու իր կողմը գրավել նրանց, ովքեր բացահայտ կամ գաղտնի աջակցում են ահաբեկչությանը: Տեռորիզմն ունի քաղաքական, կրոնական, էթնիկական, սոցիալ-տնտեսական բնույթի զանազան պատճառներ, եւ միայն ռմբակոծությունների միջոցով դրա դեմ պայքարել՝ անհնար է: Անհրաժեշտ է հասկանալ այդ պատճառները եւ գտնել դրանք վերացնելու ուղիները: Եվս մի էական հանգամանք: Վերջերս լրացավ «Հոկտեմբերի 27-ի» երկրորդ տարին: Ինչքան էլ նրա եւ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների միջեւ տարբերություններ լինեն, սակայն գոյություն ունեն որոշ հատկանիշներ, որոնք նոր որակ են հաղորդում ժամանակակից տեռորիզմին: Երկու դեպքում էլ ապշեցրեց ահաբեկիչների եւ նրանց կազմակերպիչների հանդգնությունը: Երկու դեպքում էլ ապացուցվեց ուժեղի մոտ զգոնության կորստի, ուժի ինքնապաստանության աղետալիությունը: Բայց ամենաէականն այն էր, որ եւ հոկտեմբերի 27-ը, եւ սեպտեմբերի 11-ը դուրս են գալիս զուտ ահաբեկչական գործողության շրջանակներից: Դրանք հարվածներ էին պետականության եւ հասարակական կյանքի, հասարակության հոգեբանության հիմքերին, հարված էր հայ եւ ամերիկյան ազգերի հույսերին: Եթե հոկտեմբերի 27-ը իր հետեւանքներով գցեց հայ ժողովրդին վախի եւ հուսալքության վիճակի մեջ, ապա սեպտեմբերի 11-ից այդ զգացումները փոխանցվեցին ամբողջ աշխարհին: Երկու դեպքում էլ պատահական չէին ընտրված տեռորիստների թիրախները, ինչը պայմանավորված էր այն դերով, որը կատարում էին «Միասնություն» դաշինքի ղեկավարները եւ ազգային խորհրդարանը Հայաստանում եւ որն ուներ ժամանակակից աշխարհում Ամերիկան: Առաջին դեպքում միայն Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի սպանությունը կարող էր բերել Հայաստանում այն ճակատագրական փոփոխություններին, որոնք մենք այսօր դիտում ենք եւ որոնց հետեւանքները դեռեւս պարզ չեն: Երկրորդ դեպքում միայն հարձակումը Միացյալ Նահանգների վրա կունենար հսկայական էֆեկտ եւ քաղաքական նշանակություն գլոբալ հետեւանքներով: Տեռորիստների ղեկավարությունն ու ուղեղային կենտրոնները այս ամենը հաշվարկել էին: Ցավոք, 1990-ականներից ի վեր Հայաստանի եթերը, հրապարակները, ընդդիմադիր, ապա՝ իշխանամետ մամուլը ողողված են հայհոյախոսությամբ, զրպարտություններով, հիստերիայով, որի նպատակն է ամեն տեսակ ահաբեկիչներին պաշտպանության տակ առնելը, հնչում էին արյունատենչ ճառեր, որոնք հնչեցին հոկտեմբերի 27-ին՝ ոճրագործների շուրթերից: Ցավալի է, որ քաղաքական ուժերի եւ մտավորականների շրջանակներում չբարձրացավ զայրույթի, ցասման, անհանդուրժողականության ալիք՝ ահաբեկչության նկատմամբ եւ երկու տարի կորսվեց երկրում հակաահաբեկչական մթնոլորտ ստեղծելու համար: Տեսե՞ք, թե ինչպես համաշխարհային առաջնորդները միահամուռ դատապարտեցին ոճրագործությունն ու հայտարարեցին, որ չարիքը պետք է պատժվի: Ցավալի է նաեւ, որ մեզանում չգտնվեցին այն պետական ու քաղաքական լիդերները, որոնք Ջ. Բուշի, Թ. Բլեյերի կամ Վ. Պուտինի պես կհայտարարեին. «Մենք սկսում ենք համընդհանուր պայքարը տեռորի դեմ եւ մենք կտրամադրենք մեր բոլոր ռեսուրսներն ու ուժերը՝ ահաբեկչության վերացման համար: Եվ բոլոր տեռորիստներին սպասում է անանուն գերեզմաններում իրենց գոյությունը ավարտելու ճակատագիրը»: Մինչդեռ մեզ մոտ տեղի է ունենում ահաբեկիչների կերպարի հերոսացում: Իսկ արդարացնելով «հանուն ազգային նպատակների», «ազգային փրկության» ահաբեկչություն իրականացրած անձանց՝ մենք շատ բանով չենք տարբերվի Պաղեստինում կամ Աֆղանստանի լեռներում «հանուն իսլամական հավատքի» կամ «անիծյալ թշնամուց արաբական ազատագրման» տեռորի կոչ անողներինց: Ոչ մի տարբերություն չկա, Ստամբո՞ւլը պետք է արյան ծով դառնա, թե՞ Նյու Յորքը: Ուստի, հասունացել է երկրում կյանքի նորմ դարձած քաղաքական տեռորիզմին արժանի հակահարված տալու, ահաբեկչությունը արմատախիլ անելու, յուրատեսակ տեղական հակաահաբեկչական դաշինք ձեւավորելու անհրաժեշտությունը, հատկապես առկա եւ արագ զարգացող աշխարհաքաղաքական պայմաններում, որոնցում գտնվում է Հայաստանը: Մեր քաղաքացիական կեցվածքը, մեր մարդկային արժանապատվությունը՝ սրանով պետք է սկսել մեր պատերազմը տեռորի դեմ, դիմագրավել այս մարտահրավերին, որպեսզի ուժեղ եւ զարգացման հեռանկար ունեցող պետությունը 3-4 տարում չվերածվի «իզգոյի»: Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ ահաբեկչությունը չարիք է իր բոլոր դրսեւորումներով եւ այն պիտի պատժվի բոլոր դեպքերում եւ ամեն տեղ: Պատժվի, ինչպես 1920-ականներին հայ վրիժառուները պատժեցին հայ ժողովրդի դեմ պետական մակարդակով տեռոր իրականացրած իթթիհատական պարագլուխներին, այլ ոչ թե պատահական եւ անմեղ թուրքերին: Հենց դա էր հակահարվածը, հատուցումը: Եվ նախքան սեփական տեղը այս նոր աշխարհում որոշելը, մենք պետք է կարգի բերենք մեր սեփական տունը: Ամենից առաջ հարկավոր է կարգի բերել սեփական ուղեղները, հավատալ նրան, ինչը պետք է արվի, վերականգնել հավատը սեփական պետության հանդեպ եւ իշխանության ղեկին բերել երկրի առջեւ ծառացած վիթխարի մարտահրավերներին դիմագրավելու ունակ համապատասխան տրամաչափի լիդերներ: Որպիսի չարդարանա 5 տարի առաջ Վազգեն Սարգսյանի արած նախազգուշացումը. «Եթե մենք թույլ տանք, որ իրադարձությունները ընթանան այն հունով, ինչպես ծրագրել է արկածախնդիրների եւ դավաճանների մի ոհմակ, ապա մենք կունենանք այն նույն իրավիճակը, ինչը եղավ Ադրբեջանում8230, ինչը հանգեցրեց ադրբեջանական վեց-յոթ շրջանների կորստի, ինչը կա այսօր Աֆղանստանում, ինչը կա այսօր Արեւելքի մի շարք երկրներում»: ՍՈՒՐԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Պատմական գիտ. թեկնածու ՀՔԴՄ «Ալիք» հասարակական-քաղաքական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել