Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բոլորին

Դեկտեմբեր 01,2001 00:00

ՆԱԽԱԳԱՀԻ ԹՎՈՎ 18 ՆՈՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Բոլորին հայտնի է Հանրապետության գործող նախագահի նախընտրական խոստումները սահմանադրական բարեփոխումների առնչությամբ: Դրանցում ընդգծվում էր Նախագահի լիազորությունների նվազեցման անհրաժեշտությունը: Մինչդեռ Նախագահի նախագծի վերլուծությունը բերում է այն համոզման, որ ոչ միայն չեն նվազել նրա լիազորությունները, այլ դրանց թիվը գրեթե կրկնապատկվել է` հավելվել է ավելի քան մեկ ու կես տասնյակ նոր լիազորություններով: Նախագահի նախընտրական խոստումներից մեկն էլ սեփական հայեցողությամբ Ազգային ժողովը վաղաժամկետ արձակելու լիազորությունից հրաժարվելն էր: Ինչպես ակնհայտ կդառնա նախագծում այս խնդրին վերաբերող դրույթների վերլուծությունից, նման հրաժարումը փոխարինվել է սահմանադրական ճգնաժամի առաջացման նախապայմանների կարուսել հիշեցնող համալիրով, որի համեմատությամբ Ազգային ժողովը պարզապես արձակելու լիազորությունը կարող է թվալ փրկություն, հենց թեկուզ այն պատճառով, որ արձակվելու դեպքում ժողովուրդը գոնե հնարավորություն է ստանում կրկին ընտրելու իր օրենսդիր մարմինը: Սակայն դա արդեն առանձին հոդվածի նյութ է: Այժմ անդրադառնանք նախագծում ամրագրված նախագահի նոր լիազորություններին: Ահա դրանց շարքը` 1. Հանրապետության նախագահին տրամադրվում է նոր լիազորություն` Սահմանադրական դատարանում բողոքարկելու Ազգային ժողովի կողմից վերստին հաստատված օրենքը (55 հոդված, կետ 2): Արդյունքում ստացվում է հետեւյալ իրավիճակը: Հանրապետության նախագահը, օգտվելով նախագծի նույն հոդվածի նույն կետում ամրագրված ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքն իր առարկություններով կամ առաջարկներով Ազգային ժողով վերադարձնելու եւ նոր քննարկում պահանջելու իրավունքից, այժմ նոր լիազորություն է ձեռք բերում վերստին ընդունված օրենքը հնգօրյա ժամկետում ստորագրելու եւ հրապարակելու փոխարեն, ինչպես նախատեսված է գործող Սահմանադրության մեջ, նա ազատ է դիմելու Սահմանադրական դատարան` պարզելու համար իր կողմից չստորագրված եւ չհրապարակված օրենքի սահմանադրականության հարցը: Ինչ խոսք, սփոփիչ է, որ Նախագահի այս լիազորությունն անտեսվել է Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանող 100 հոդվածում, ինչպես նաեւ 101 հոդվածում, որը վերաբերում է այդ դատարան դիմող սուբյեկտներին: Սակայն այդ սփոփանքը երեւութական է, քանի որ գործող Սահմանադրությունից հանվել է Սահմանադրական դատարանում դիմումների քննության մեկամսյա ժամկետը սահմանող դրույթը եւ Հանրապետության նախագահը հնարավորություն է ձեռք բերել անորոշ ժամկետով խոչընդոտելու Ազգային ժողովի կողմից վերստին ընդունված օրենքի հրապարակումը: 2 – 3. Գործող Սահմանադրության 55 հոդվածի 5 – րդ կետում կատարված է առաջին հայացքից աննշան թվացող փոփոխություն` 8220քաղաքացիական8221 բառը փոխարինվել է 8220պետական8221 բառով, որի ուժով Հանրապետության նախագահը ձեռք է բերել նոր լիազորություն` նշանակել Սահմանադրությամբ չնախատեսված ինչ-որ պետական պաշտոններում: Այդ 8220աննշան8221 փոփոխությունը սերտորեն առնչվում է նախագծի 85 հոդվածում կատարված բոլորովին էլ ոչ աննշան փոփոխության հետ, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությունը իրականացնում է ոչ միայն կառավարությունը, այլեւ 8220օրենքով սահմանված գործադիր իշխանության գործառույթներ իրականացնող այլ մարմիններ: Կատարված փոփոխությունից, թերեւս, կարելի է ենթադրել, որ օրենքը կարող է սահմանել գործադիր իշխանության ինչ172որ գործառույթներ: Օրինակ, նման գործառույթներից են Հանրային հեռուստատեսության կողմից իրականացվող հասարակական կարծիքը համակողմանիորեն ներկայացնելու գործառույթը կամ անբարեխիղճ մրցակցության դեմ ուղղված գործառույթները եւ այլն: Սակայն առավել կարեւոր նշանակություն ունի այն հանգամանքը, թե ինչպե՞ս պետք է ստեղծվեն եւ ո՞վ պետք է ստեղծի նման գործառույթներ իրականացնող մարմինները ու ո՞վ պետք է նշանակի այդ մարմինների ղեկավար կազմը: Քանի որ նախագծի 62 հոդվածի 3-րդ մասի համաձայն 8220Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ8221, իսկ Սահմանադրությունն Ազգային ժողովին իրավունք չի վերապահել ստեղծելու նման գործառույթներ իրականացնող մարմիններ եւ նշանակելու դրանց ղեկավար կազմը, ուստի վճռորոշ նշանակություն է ձեռք բերում նախագծի 55 հոդվածի 5-րդ կետում կատարված այս 8220աննշան8221 փոփոխությունը: Ակնհայտ է, որ այդ մարմինների ղեկավար կազմին նշանակելու է միանձնյա Հանրապետության նախագահը, քանի որ հենց նա իրավունք ունի նշանակելու պետական պաշտոններում: Ինչ խոսք, անկեղծությունը պահանջում էր, որպեսզի 55 հոդվածի 5-րդ կետում ուղղակի նշվեր, որ Հանրապետության նախագահը նշանակում է Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության գործառույթներ իրականացնող այլ մարմինների ղեկավարներին: Հետեւաբար, այս կետում արված 8220աննշան փոփոխությունը8221 Հանրապետության նախագահին տրամադրում է երկու նոր լիազորություն` ա) ընդհանրապես նշանակելու պետական պաշտոններում. բ) նշանակելու գործադիր իշխանության գործառույթներ իրականացնող այլ մարմինների ղեկավարներին: 4. 55 հոդվածի 7-րդ կետի ուժով Հանրապետության նախագահը ձեռք է բերել նոր լիազորություն` Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնել միջազգային պայմանագրերը։ 5. Հանրապետության նախագահը լիազորություն է ձեռք բերել ինքնուրույն, առանց վարչապետի առաջարկի, նշանակելու եւ ազատելու Գլխավոր դատախազին (կետ 9): 6 – 8. 55 հոդվածի 12 – րդ կետը Հանրապետության նախագահին միանգամից տրամադրում է երեք նոր լիազորություն: Նա` ա) համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում. բ) նշանակում է այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմին. գ) ազատում է զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմին: Նշենք նաեւ, որ Հանրապետության նախագահը, նախագծի համաձայն, ճանաչվում է որպես զինված ուժերի ոչ թե սոսկ գլխավոր, ինչպիսին է գործող Սահմանադրությամբ, այլ գերագույն գլխավոր հրամանատար: 9 – 10. Նույն հոդվածի 13 – րդ կետը Հանրապետության նախագահին տրամադրում է եւս երկու նոր լիազորություն: Նա` ա) զինված ուժերը եւ այլ զորքերը դնում է պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի օպերատիվ կառավարման ենթակայության տակ. բ) նշանակում եւ ազատում է զինված ուժերի գլխավոր հրամանատարին: 11 – 12. 70 հոդվածի ուժով Հանրապետության նախագահը ձեռք բերել էլի երկու նոր լիազորություն: Նա` ա) սեփական նախաձեռնությամբ գումարում է ԱԺ արտահերթ նիստ (որի իրավունքը նա չունի գործող Սահմանադրությամբ), բ) սեփական նախաձեռնությամբ գումարում է արտահերթ նստաշրջան (որի իրավունքը նա գործող Սահմանադրությամբ ունի միայն պատգամավորների առնվազն մեկ երրորդի կամ կառավարության նախաձեռնությամբ): Անհասկանալի է, թե ինչու Հանրապետության նախագահը սեփական նախաձեռնությամբ եւ իր կողմից սահմանված օրակարգով կարող է ԱԺ արտահերթ նիստ կամ նստաշրջան գումարել, մինչդեռ, ասենք, ԱԺ նախագահը նման լիազորություն չունի: 13. 75 հոդվածում Հանրապետության նախագահին տրված է միանգամայն նոր լիազորություն: Նա ձեռք է բերել օրենսդրական նախաձեռնության իրավունք: 14. 81 հոդվածում Հանրապետության նախագահը ձեռք է բերել նոր լիազորություն, այն է` պատերազմ հայտարարել Ազգային ժողովի նիստ գումարելու անհնարինության դեպքում: 15. 85. 1 հոդվածում նախատեսված դեպքում Հանրապետության նախագահը նոր լիազորություն է ձեռք բերում` առանց վարչապետի առաջարկության պաշտոնից ազատելու պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներին: 16 – 17. 86 հոդվածը Հանրապետության նախագահին տրամադրում է երկու նոր լիազորություն: Այն է` ա) կասեցնելու կառավարության որոշումները, բ) դիմելու Սահմանադրական դատարան` պարզելու համար իր կողմից կասեցված կառավարության որոշումների համապատասխանությունը Սահմանադրությանը եւ օրենքներին: Հիշենք Սահմանադրական դատարանում նման դիմումների քննության համար ժամկետի բացակայությունը նախագծում: 18. 88. 1 հոդվածում Հանրապետության նախագահն իրավունք է ստանում վարչապետի առաջարկությամբ նշանակելու եւ ազատելու մարզպետներին: Եվ այս ամենը, չգիտես ինչու, կոչվում է բարեփոխում: Ուշագրավ է նաեւ, որ նախագծում ամրագրված Նախագահի նոր լիազորությունների զգալի մասն ուղղակիորեն վկայում է դրա հեղինակի` Հանրապետության գործող նախագահի կողմից այսօրվա դրությամբ առանց այդ լիազորությունների իրականացվող գործունեության հակասահմանադրական լինելու մասին: Սակայն դա նույնպես ուրիշ հոդվածի նյութ է: Ակնհայտ է, որ սեփական լիազորությունները նվազեցնելու նախագահի նախընտրական խոստումները նման են քառասուն հազար աշխատատեղ բացելու խոստմանը, այսինքն դրանք, հենց նախագծի հեղինակի բնորոշմամբ, ունեն սոսկ 8220իմպուլսային8221 բնույթ: Միաժամանակ, դրվատանքի արժանի է նաեւ իր նախագիծը չհրապարակելու նախագահի գործելակերպը, քանի որ կարելի է հուսալ, որ Ազգային ժողովի ներկայիս պատգամավորները հազիվ թե նկատեն այս ամենը: Նախագահի հաղթանակը հանրաքվեում որեւէ կասկածից դուրս է, քանի որ նրա նախագիծը, կարծում ենք, հանրաքվեի կդրվի փակ ծրարով` գաղտնի: ՎԼԱԴԻՄԻՐ ՆԱԶԱՐՅԱՆ իրավագիտության դոկտոր ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ քաղաքագիտության մագիստրոս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել