Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վերադարձի ու վերաիմաստավորման հնարավորություն քչերիս է վիճակվում, եթե ընդհանրապես վիճակվում է, որովհ

Դեկտեմբեր 01,2001 00:00

Քաղաքականությունը եւ մոդան Վերադարձի ու վերաիմաստավորման հնարավորություն քչերիս է վիճակվում, եթե ընդհանրապես վիճակվում է, որովհետեւ ցանկացած վերադարձ արդեն այլ մարդու ու այլ ժամանակի հանդիպում է: Վերաիմաստավորումը եւ վերարժեքավորումը անխուսափելի անհրաժեշտություն են, որ հնարավոր են դարձնում չափանիշների եւ արժեհամակարգերի ձեւավորումը: Եվ, այնուամենայնիվ, մենք միշտ ձգտում ենք վերադառնալ այնտեղ ու վերադարձնել այն ժամանակը, որտեղ եւ երբ մեր կարծիքով երջանիկ ենք եղել: Վերաիմաստավորման մասին քիչ ենք մտածում, որովհետեւ մեր հաջողություններին ու երջանկությանը միշտ արժանի ենք, իսկ ձախորդություններն ու դժբախտությունը հանիրավի են մեզ վիճակվում: Մարդու հոգեբանությունը շատ չնչին փոփոխություններ է կրել հազարամյակներում: Տասը տարին իր բուռն ընթացքով բավարար ժամանակ է՝ ձեռքբերածներն ու ձեռքից գնացածները գույքագրելու ու հաշվեկշռելու համար: Տասը տարին բավարար ժամանակ չէ հոգեբանական փոփոխությունների ու մտածողության նոր որակների ձեւավորման համար, այնուհանդերձ՝ հասարակարգ է փոխվել, որն ընդունել-չընդունելու խնդիր արդեն չկա… Խնդիր կա վերադարձ սկզբին: Եվ խնդիր կա հասկանալու՝ ո՞րն էր սկիզբը: Կա՞ն սկզբի մասին ստույգ տեղեկություններ: Գոնե ժամանակային: Մեզ չի հաջողվում նույնիսկ մեր ժամանակների իրադարձությունների մասին ճշմարտությունն իմանալ, ի՞նչ երաշխիք, որ հարյուրամյակների ու հազարամյակների պատմությունը մեզ իրականությունը ներկայացնում է այնպես, ինչպես ճշմարտությունն է: Մենք ունենք առասպելներ եւ պատմիչների մատյաններ: Իսկ ո՞վ է եղել այդ մատյանների պատվիրատուն եւ ինչպե՞ս է պատվերի իրողությունը ազդել պատմիչի անկողմնակալության վրա: Ոչ մի իրավունք չունենալով ժառանգորդի մեղադրանք ներկայացնել մեր նախնիներին, այնուհանդերձ իրավունք ունենք նրանց հավատալ-չհավատալու խնդիրը ինքնուրույն լուծել: Ահա եւ առաջանում են նույն իրողության օրինաչափ տարընթերցումները՝ հաստատելով, որ նույն ծաղկից մեղուն նեկտար է քամում, օձը՝ թույն: Այսինքն՝ դիրքորոշման հարց է, մեկնակետի ընտրության ու ընթացքի ուղղության՝ ի վերջո տեսնում ես այն, ինչ ուզում ես տեսնել, չես տեսնում այն, ինչ քեզ պետք չէ. սա եւս հոգեբանություն է: Համարյա աննախադեպ անկողմնակալություն ու խելամտություն պիտի ունենաս՝ ճիշտ գնահատականի համար: Իրապես ճիշտ: Եվ պիտի ունենաս իրապես ճիշտ չափանիշ ու արժեհամակարգ, որ ենթակա չէ քաղաքական, տնտեսական, իրավական ու ուժային ճնշումների: Այս խնդիրը մարդկությունը միշտ ձգտել ու երբեք չի լուծել: Բոլորն անխտիր կարող են խոսել համակարգերի անհրաժեշտության եւ կադրերի ճիշտ ընտրության մասին, պետության կարգավորիչ դերի ու իշխանությունը ժողովրդինը լինելու մասին, բոլորն էլ անխտիր նկատի են ունեցել մի վերապահություն՝ այդ ամենն իրենց չի վերաբերում, որովհետեւ իրենք… Իսկ ընդհանրապես ժողովրդի անունից խոսում են նրանք, ովքեր չունեն սեփական անուն ու իրենց ժողովրդի մաս չեն զգում՝ այդ պատճառով էլ անընդհատ «ամրագրում» են իրենց անանհրաժեշտ ներկայությունը: Սա երկուստեք դժբախտություն է՝ ժողովրդինը, որ թույլ է տալիս իր անունից խոսել ում պատահի եւ անհատինը, որ չի կարողանում կայանալ եւ իր չկայացածությունը փաթաթում է հասարակության վզին: Համակարգերը պետության կյանքում անհրաժեշտություն են, բայց մեր երկրում համակարգերի գոյությունը սպառնում է վերածվել առասպելի կապույտ թռչունի, որ տեսնում են ընտրյալները, իսկ երազում են հիմարները: Ինչու՞ հիմարները: Խելոքները կապույտ թռչունը տանը վանդակում են պահում: Անկախության անցած տասնամյակում պետական շինարարությունը ունեցել է սկիզբ ու ընթացք. այսօր էլ մենք փորձում ենք փոխել ոմանց կարծիքով՝ իրեն չարդարացրած Սահմանադրությունը, օրինաստեղծ գործունեությունը բուռն ծաղկում է ապրում, յուրաքանչյուր նոր վարչապետի նշանակում ի վերջո վերածվում է ոչ միայն կառավարության կազմի կադրային, այլեւ կառավարման համակարգի կառուցվածքային փոփոխությունների: Իհարկե՝ ամեն անգամ հաստատվում է, որ օդ ու ջրի պես այդ փոփոխություններն անհրաժեշտություն են եւ ահա-ահա խնդրո առարկա ոլորտներում ամեն ինչ կկարգավորվի: Հազիվ թե: Ինչ-որ մարդիկ աշխատանք են կորցնում, ինչ-որ մարդիկ գտնում են՝ ընդամենը: Միայն այն պահից, երբ կառուցվածքային ու կադրային փոփոխությունների տրամաբանությունը կթելադրվի ոչ թե քաղաքական պահանջներով, այլ՝ պետության ու պետականության շահերով, հնարավոր կլինի գործուն համակարգերի մասին մտածել: Հանրահայտ է, որ մոդան արագ հնանում է, բայց կա անխախտ օրինաչափություն՝ մոդան միշտ կա: Քաղաքական նորաձեւության զինանոցում երբեք չեն ժանգոտում մի քանի մոդելներ՝ ահաբեկչության դեմ պայքար, թմրամոլություն, կոռուպցիա, մարդու իրավունքներ եւ ազատություններ, ժողովրդավարություն, փախստականներ, վարկեր ու ներդրումներ, քաղաքական ու տնտեսական սահմանափակումներ… Ահա այս «մոդելները» պարբերաբար դառնում են ներքին ու արտաքին քաղաքականության զսպիչ գործոններ կամ ազդակներ: Կարեւորը ճիշտ ընտրությունն է: Իսկ ընդհանրապես կարեւորը հստակ քաղաքականություն ունենալն է ոչ միայն ընտրությունների նախաշեմին, որը, բնականաբար, պոպուլիստական ու անիրական է լինելու, այլ՝ ամեն օրվա ու գոնե առաջիկա մեկ տարվա: Դա ոչ միայն կայացած ժողովրդավարությամբ երկրների մենաշնորհն է, այլեւ իրենք իրենց քաղաքակիրթ համարող երկրների կենսագոյության ձեւը: Ուրեմն մնում է սպասել, որ քաղաքակիրթ դառնանք ըստ էության եւ բովանդակության, ոչ թե հավուր պատշաճի՝ այս ու այն միջազգային ատյանի փաստաթղթերում… ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել