Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երբ 2001 թ. ԱՊՀ հունիսյան գագաթաժողովը քննարկում էր «հակաահաբեկչական գործողությունները համակարգելու

Դեկտեմբեր 01,2001 00:00

ԿՈՎԿԱՍԻ ԲԱՆԱԼԻՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՁԵՌՔՈՒՄ ԷԻՆ Երբ 2001 թ. ԱՊՀ հունիսյան գագաթաժողովը քննարկում էր «հակաահաբեկչական գործողությունները համակարգելու խնդիրները», ոչ ոք չգիտեր, որ հաջորդ հավաքում (նոյեմբերի 30-ի Մոսկովյան գագաթաժողովում) նույն արտահայտությունը էապես այլ նշանակություն եւ ընկալում է ստանալու: Լավ կլիներ Շեւարդնաձեն չասեր այդ բանը Եվ իրոք, Ռուսաստանի առաջ քաշած հակաահաբեկչական բոլոր նախորդ քննարկումներն ու փաստաթղթերն ունեին հիմնականում պրակտիկ նշանակություն: Բխում էին չեչենական զինված ուժերին արտաքին բազմապիսի ներարկում-օգնություններից զրկելու պահանջից: Կոչված էին հակաահաբեկչական գործողություններին կցելու հատկապես այն երկրներին (մեր տարածաշրջանում` Վրաստանին, Ադրբեջանին), որոնք դարձել էին Չեչնիան աշխարհագրորեն արտաքին աշխարհի հետ կապող ամենամատչելի օղակները: Եվ ոչ միայն աշխարհագրորեն: Ռուսաստան-Վրաստան, Ռուսաստան-Ադրբեջան փոխհարաբերությունների մինչեւ վերջերս դիտարկվող վայրիվերումները հիմնականում պատճառաբանվում էին չեչենական գործոնով: Թբիլիսիում ու Բաքվում Չեչնիայի ներկայացուցչությունների առկայություն, ժամանակին Ասլան Մասխադովի գրեթե պաշտոնական ընդունելություններ, հետագայում չեչեն գրոհայինների թափանցումներ Վրաստան, չեչենական զորքերում նաեւ ադրբեջանցիների մասնակցություն, այս հոկտեմբերին Վրաստանի Պանկիսի ու Կոդորի կիրճերում վրաց-չեչենական ջոկատների համատեղ գործողություններ: Վրաստանի ու Ադրբեջանի կողմից չեչենական գործոնը Ռուսաստանի դեմ կիրառելու այս դրսեւորումները կարելի է թվարկել ավելի երկար: Քայլեր, որ ցույց են տալիս` «Այնտեղ (Չեչնիայում – Լ.Բ.) եւս պետք է կարգուկանոն հաստատվի, սակայն ժողովրդի կամքի ազատ արտահայտման հիման վրա, ժողովուրդ, որը 300 տարի մարտնչել է իր անկախության համար: Մի շփոթեք չեչենական խնդիրը ղարաբաղյան խնդրի հետ: Հայերն ունեն իրենց հայրենիք-հանրապետությունը»,- վերջերս հայտարարեց Ադրբեջանի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն: «Թեեւ Ռուսլան Գելաեւին անձամբ չեմ ճանաչում, բայց նա ամենեւին էլ վայրենու տպավորություն չի թողնում, կիրթ մարդ է»,- հոկտեմբերյան իրադարձությունների օրերին ասաց Շեւարդնաձեն: Անշուշտ, Գուլուզադեի ու Վրաստանի նախագահի արտահայտությունները միանգամայն տարբեր պաշտոնականություն ունեն, սակայն լավագույնս ցույց են տալիս չեչենական հարցում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի դիրքորոշումների մինչեւ վերջերս զգացվող տարբերությունը: Տարբերություն, որ իր հերթին, շղթայական ռեակցիայի տրամաբանությամբ անջրպետում էր նաեւ Վրաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանից: Սեպտեմբերի 11-ին հաջորդած քննարկումներից հետո ռուսական դիվանագետները գոհունակությամբ հայտարարեցին, որ այժմ ԱՄՆ-ում չեչենական խնդիրը դիտարկում են միանգամայն այլ կերպ, հասկացել են միջազգային ահաբեկչության դեմ նաեւ Չեչնիայում պայքարելու անհրաժեշտությունը: Դեռ հայտնի չէ, թե իսկապե՞ս դա կարձակի Ռուսաստանի ձեռքերը Չեչնիայում իր ուզածին հասնելու համար: Բայց արդեն այսօր Վրաստանի խորհրդարանի նոր խոսնակ Նինո Բուրջանաձեն «Իզվեստիայի» թղթակցին խոստովանում է` «Լավ կլիներ նա չասեր այդ բանը (Շեւարդնաձեն չաներ Գելաեւի մասին վերը բերված արտահայտությունը- Լ.Բ.)»: Ահաբեկչության դեմ պայքարը՝ գաղափարախոսություն ԱՄՆ-ն իր հակաահաբեկչական գործողությունները ծավալում է հիմնականում երկու ուղղություններով: Մի կողմից պայքար է կոնկրետ թշնամու` Բին Լադենի դեմ, մյուս կողմից` «միջազգային կազմակերպված ահաբեկչություն» հավաքական հասկացության (հետեւաբար` աբստրակտ երեւույթի) դեմ: Եվ որովհետեւ աբստրակցիան չի հանդուրժում մտքի ու ընկալումների կոնկրետություն, կարող ենք վստահաբար ասել, որ այսօր կանգնած չենք աշխարհի բացառիկ համախմբման, նախորդ բոլոր հակասությունները մոռանալու փաստի առաջ: Ինչպես շտապեցին հավաստել վերլուծաբաններից ու քաղաքական գործիչներից շատերը (այդ թվում նաեւ՝ հայաստանյան): Ճիշտ հակառակը, վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, հրապարակած հայտարարություններն ու իբր թե պատահականորեն հրապարակ սպրդած կոմբինացիաները ցույց են տալիս՝ այսօր գործ ունենք «արա, ինչ ուզում ես» ամենաթողության, ահաբեկիչների դեմ պայքարի հարթություն սեփական խնդիրները քարշ տալու վտանգավոր ձգտման հետ: Ահա ինչու առայժմ ոչ ոքի պետքը չէ, որ «թալիբական Աֆղանստան» արտահայտությունը միայն նշանակում է այս երկրում տիրող ուժ, եւ հետեւաբար` թալիբներին ծնկի բերելու համար չի կարելի հողին հավասարեցրել Աֆղանստանի խոշոր բնակավայրերը, ոչնչացնել այս ամենի հետ կապ չունեցող խաղաղ բնակիչներին: Բոլորին է հարմար մեծաթիվ զոհերին հակաահաբեկչական միջոցին զուգորդող «կողմնակի երեւույթ» համարելը: Ահա նաեւ ինչու է ավելի ու ավելի շոշափելի ուրվագծվում «վհուկների համատարած որսի» վտանգն ինչպես առանձին երկրների ներսում, այնպես էլ մի քանի տարածաշրջաններում: Կոսովոյի ժամանակ՝ ցեղասպանություն, այժմ` ահաբեկչություն 1999-ին հարավսլավական պատերազմի ընթացքում Վրաստանում ու Ադրբեջանում հնչում էին աբխազների ու ղարաբաղցիների նկատմամբ էլ «խաղաղության պարտադրանքը» կիրառելու պահանջները: Ամենեւին էլ չհասկանալով, որ եթե մեր տարածաշրջանում պատճենվեր ՆԱՏՕ-ի հարավսլավական գործողությունը, այդ դեպքում ռմբահարվելու էին Բաքուն ու Թբիլիսին, ինչպես արեցին Բելգրադի հետ: Այն ժամանակ վրացական ու ադրբեջանական ստորաբաժանումների մասնակցությունը հարավսլավական գործողություններին իսկապես զուտ քաղաքական ժեստ էր, ՆԱՏՕ-ին անվերապահորեն ընդունելու ցուցադրում: Այսօր ադրբեջանական գործիչները գոհունակությամբ արձանագրում են, որ իրենց երկնքում սավառնում են ՆԱՏՕ-ական ինքնաթիռները, իսկ իրենց հողում հնարավոր է հետագայում ամրագրվեն ՆԱՏՕ-ի ռազմակայանները, որ լրջորեն մտածում են Աֆղանստան՝ ադրբեջանական ջոկատներ ուղարկելու մասին: Այս երանելի սցենարը կարող է իրականություն դառնալ, եթե, իհարկե, մինչ այդ կարողանան ապացուցել հակաահաբեկչական պայքարում Ադրբեջանի արդյունավետ մասնակցությունը: Ցանկացած ճանապարհներով, նույնիսկ՝ ամենաանհեթեթ («Բին Լադենի շրջակայքում բազմաթիվ հայեր կան» պնդումները ոչինչ են այն բանի համեմատ, եթե, օրինակ, Ադրբեջանում ուսումնասիրեին նրա նախնիների ազգային պատկանելությունն ու նրանց մեջ հայ «հայտնաբերեին»): Կամ՝ եթե 907 բանաձեւի մասնակի վերացումը արվել է Ադրբեջանում բացառապես հակաահաբեկչական միջոցառումներ կազմակերպելու նպատակով, ուրեմն ո՞վ ասաց, որ հայկական համայնքներն էլ ահաբեկչական օջախներ չեն կարող համարվել: Գրեթե նույն տրամաբանությամբ խոսեց Շեւարդնաձեն ԱՊՀ այս գագաթաժողովի նախօրեին: Վերջին ռադիոհարցազրույցում նա հայտարարեց իր մի մտադրության մասին: Այն, որ հակաահաբեկչական գործողությունների արդյունավետության համար անհրաժեշտ է ստեղծել գլոբալ Խարտիա, որտեղ առաջին հերթին պետք է քննարկել «անջատողականությունն ահաբեկչության օրգանական բաղադրիչն է» թեզը: «Անջատողականությունն այն վտանգավոր երեւույթն է, որի մետաստազները կարող են տարածվել ամենուրեք, նաեւ ահաբեկչության տեսքով»,- ասաց նա: Ամերիկյան քաղաքականության դեմ սեպտեմբերի 11-ին աննախադեպ քայլեր ձեռնարկած Բին Լադենը, պարզվում է, իր կամքից անկախ կարող է օգնել նաեւ այն երկրներին, որոնք ակնհայտորեն ձգտում են դեպի նույն այդ ԱՄՆ-ն ու նույն այդ ՆԱՏՕ-ն: Վրաստանում ու Ադրբեջանում այժմ լրջորեն մտածում են Բին Լադենից առավելագույնս շահ ունենալու տարբերակների մասին: (շարունակելի) ԼԱՈՒՐԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ «Ռեգիոն» կենտրոն Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ Հետաքննող լրագրողների ընկերակցության home.media.am/hetq էջում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել