Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

907 բանաձեւը, որով որոշակի սահմանափակումներ էր դրվում միջազգային հանրության կողմից Ադրբեջանին ցուցաբ

Դեկտեմբեր 01,2001 00:00

907 ԲԱՆԱՁԵՎՆ ՈՒ ՄԵՆՔ 907 բանաձեւը, որով որոշակի սահմանափակումներ էր դրվում միջազգային հանրության կողմից Ադրբեջանին ցուցաբերվող օգնության հարցում, արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ հանվել է: Բայց Հայաստանում միայն ուշացումով սկսեցին անդրադառնալ դրա բուն պատճառներին: Հիմնականում նշվում է, թե ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին արված այդ մեծ զիջումը պայմանավորված է նավթային գործոնով եւ սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչության հետ: Այդ համատեսքստում «Արմատ» կազմակերպության ներկայացուցիչ Ստեփան Գրիգորյանը նկատեց, որ ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունից ի վեր Հայաստանը, բացի կատարվածի դատապարտումից եւ ԱՄՆ իշխանություններին հայտնած ցավակցությունից, որեւէ գործնական քայլ չարեց՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցում միջազգային հանրությանն օժանդակելու համար: «Որքանով էր Հայաստանն անկեղծ իր այդ եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցում միջազգային հանրությանն օժանդակելու մասին հայտարարություններում՝ պետք էր ցույց տալ գործնական քայլերով: Ուզբեկստանն ու Տաջիկստանն, իմ կարծիքով, ավելի անկեղծ էին, որովհետեւ ահաբեկչության դեմ պայքարելու մասին հայտարարություններին զուգահեռ հայտարարեցին նաեւ իրենց երկրներում Հյուսիսային ալյանսի ռազմաբազաների տեղակայման մասին: Այդպես վարվեց նաեւ Ադրբեջանը: Հայտնի է, որ Ադրբեջանը, Թուրքիան եւ ԱՄՆ-ը համատեղ բազաներ են ստեղծում՝ հատուկ հակաահաբեկչական կենտրոն: Դրան զուգահեռ Ադրբեջանը մեկ այլ կոնկրետ քայլ արեց. նա իր երկրից վտարեց Եգիպտոսի մի քաղաքացու, որն ընդամենը կասկածվում էր ահաբեկչության մեջ: Հայաստանն էլ կարող էր նմանօրինակ քայլեր ձեռնարկել, ասենք՝ հայտարարեր, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է ռազմաբազա տրամադրել Հյուսիսային դաշինքին»,- կարծիք հայտնեց պարոն Գրիգորյանը: Մեր այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ը դրա անհրաժեշտությունն ուներ, առավել եւս, որ Հայաստանը, ի վերջո, հայտարարեց Հյուսիսային ալյանսին օդային տարածք տրամադրելու մասին, վերջինս պատասխանեց. «Այդ քայլն անհրաժեշտ էր անել մինչեւ ԱՄՆ-ն ինքը կդիմեր նման հարցով եւ անկախ այն բանից, թե այդ գերտերությունը կօգտվե՞ր իրեն ընձեռված օժանդակությունից, թե՞ ոչ: Հարցն այն է, որ եթե ԱՄՆ-ը նման հարց բարձրացներ՝ ոչ մի երկիր, այդ թվում Հայաստանը, պարզապես չէր կարող մերժել՝ հաշվի առնելով այդ երկրի հսկայական ազդեցությունը, մասնավորապես՝ մեր տարածաշրջանում: Այդ իմաստով կարեւոր էր, որ Հայաստանն ինքը ակտիվ նախաձեռնություն ցուցաբերեր»: Մյուս կողմից, պարոն Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանը կարող էր ահաբեկչության դեմ իր անհանդուրժողականությունը դրսեւորել նաեւ Ադրբեջանի օրինակով. հայտարարել, որ ահաբեկչության գաղափարախոսության հետ աղերսներ ունեցող ուժերն ու գործիչները մեր երկրում տեղ չունեն: «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանում կան կոնկրետ քաղաքական գործիչներ, ուժեր, ովքեր միանշանակորեն չէ, որ դատապարտում են ահաբեկչությունը: Ավելին, նրանք հրապարակային հայտարարություններ են անում ահաբեկչության արդարացված լինելու մասին: Կարծում եմ, ակնարկս բոլորին հասկանալի է (խոսքը ՀՅԴ-ի եւ այդ կուսակցության Բյուրոյի անդամ Էդ.Հովհաննիսյանի մասին է-Ն.Մ.): ԱՄՆ-ը եւ միջազգային հանրությունն ընդհանրապես սիրում են գործնական քայլեր, մինչդեռ մեր դիրքորոշումը շատ մեղմ, լղոզված ու անհասկանալի էր: Հաճախ են հարցնում, իսկ ի՞նչ կարող էր դա տալ Հայաստանին: Թվարկենք, թե դա ինչ տվեց, օրինակ՝ Տաջիկստանին եւ Թուրքիային: Թուրքիան միանշանակ շահեց: Այդ երկրի 7 մլրդ դոլարի պետական պարտքը ԱՄՆ-ին՝ անմիջապես չեղյալ համարվեց, ավելին՝ Թուրքիան առաջիկայում կստանա 5 մլրդ օգնություն: Տաջիկստանում շատ լուրջ եւ կոնկրետ ներդրումներ եղան, որոնք հասնում են շուրջ կես միլիարդ դոլարի»,- կարծիք հայտնեց պարոն Գրիգորյանը: Մեր այն հարցին, թե Հայաստանն արդյո՞ք կարող էր ԱՄՆ-ին այդքան ընդառաջել, երբ հայտնի է, որ սեպտեմբերի 11-ից հետո Երեւան այցելած ռուս բարձրաստիճան սպաներից մեկը միայն ԱՄՆ-ին օդային տարածք տրամադրելու մասին Հայաստանի պատրաստակամությանը մոտավորապես այսպես արձագանքեց՝ մենք դա թույլ չենք տա, Հայաստանն ո՞վ է, որ նման հարց որոշի առանց մեր «դաբրոյի»: «Մենք դեմ չենք Ռուսաստանի հետ սերտ համագործակցությանը, բայց պետք է հասկանալ, որ աշխարհում որեւէ պետության հարգում են, երբ նա սեփական կարծիք ունի: Հասկանալի է՝ Ռուսաստանին ձեռնտու է, որ Հայաստանն ընդհանրապես իր կարծիքը չունենա: Բայց Տաջիկստանի ու Ուզբեկստանի փորձը ցույց տվեց, որ սեփական կարծիք ունենալը բոլոր դեպքերում դրական է: Փաստ է, որ Ռուսաստանը, այնուամենայնիվ, ընդունեց հիշյալ երկրներում Հյուսիսային ալյանսի ռազմաբազաների տեղակայման անհրաժեշտությունը: Իհարկե, այդ դեպքում անհրաժեշտ կլիներ լուրջ աշխատանք տանել եւ Ռուսաստանի քաղաքական էլիտային բացատրել Հայաստանի կատարած քայլերի կարեւորությունը: Ի վերջո, Ռուսաստանն ինքն այսօր որոշակի հարցերում համագործակցում է ԱՄՆ-ի եւ Հյուսիսային ալյանսի հետ: Նա իր պետության համար շատ հարցեր լուծեց հենց ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում: Հայտնի է, որ Ռուսաստանը նախկին ԽՍՀՄ-ից ժառանգած պարտքեր ուներ, մինչ օրս գործում են 74 թվականին Ջեքս Բենիկի առեւտրային սահմանափակումները, որոնք այդ համագործակցության արդյունքում կհանվեն: Այսինքն, այդ ահաբեկչությունից հետո բոլոր պետությունները հասկացան, որ պետք է ինչ-ինչ հարցեր լուծել, բացի Հայաստանից»,- եզրակացրեց պարոն Գրիգորյանը: Ի վերջո, նա հանգեց այն եզրակացության, որ 907 բանաձեւի կասեցումը՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, Հայաստանի կրավորական պահվածքի արդյունքն էր նաեւ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել