Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ժամանակին

Դեկտեմբեր 01,2001 00:00

«Ես պապաներ չեմ ունենալու» Ժամանակին Հմայակ Հովհաննիսյանը ցանկանում էր դառնալ ՌԴ-ում Հայաստանի դեսպան, հետո՝ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ։ Այժմ նա լրջորեն զբաղվում է գյուղատնտեսությամբ։ «Ագրոարդյունաբերողներ» խմբի ղեկավար եւ Հայաստանի քաղաքագետների միության նախագահը, երեկ հյուրընկալվելով Մամուլի ազգային ակումբին, հագուրդ տվեց իր այդ երկու նախասիրած թեմաներով խոսելու գայթակղությանը։ Խոսեց սովորականի պես երկար եւ, ինչպես միշտ՝ որեւէ մեկը չէր կարողանում ընդհատել Հմայակ Հովհաննիսյանի բառահեղեղը։ Զգացվում էր, որ նա դժգոհ է վարվող արտաքին քաղաքականությունից՝ նկարագրում էր իրավիճակներ, որոնց պարագայում անհնար կլինի կոմպլեմենտար քաղաքականությունը, դժգոհում, որ մշակված չէ արտաքին քաղաքականության հայեցակարգ եւ այլն։ Բայց երբ փորձեցինք հստակեցնել իր դիրքորոշումը, թե արդյոք սխա՞լ է համարում տարվող արտաքին քաղաքականությունը՝ այդպես էլ ուղիղ պատասխան չհնչեց։ Փոքրիշատե պարզ դարձավ, որ պրն Հովհաննիսյանը գտնում է, թե ճիշտ է ձեւակերպված արտաքին քաղաքականության մեջ նպատակների՝ «ինչ անել» հարցը, բայց «ինչպես անել»-ի առնչությամբ կան թերություններ։ Առավել հետաքրքրական եւ որոշակի էին նրա խոսքի այն հատվածները, որոնք վերաբերում էին ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության գործունեությանը։ Հիշենք, որ Հմայակ Հովհաննիսյանը դուրս էր մնացել այդ պատվիրակությունից։ Բացի այդ, տեւական շրջան է, ինչ այդ պատվիրակության ղեկավար եւ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ (նրան «Միասնությունը» ժամանակին գերադասեց Հմայակ Հովհաննիսյանից) վերջինս բռնվել է մամուլային բանավեճի։ Այժմ էլ նա «Մինսկի խմբի մանդատի հեղինակազրկում» համարեց այն, որ Ղարաբաղի հարցը դեկտեմբերի 10-ին պատրաստվում են քննարկել ԵԽ ԽՎ-ում. «Այնտեղ մեր պատվիրակության ղեկավարն ասում է՝ «Ի՜նչ անենք, թող քննարկեն, լավ ա»… Վա՛տ ա, Ադրբեջանի հաղթանակն է, որ քննարկում են այնտեղ։ Չպետք է քննարկեին։ Նման պայմանավորվածություն չի եղել ԵԽ ԽՎ-ի ղեկավարների հետ, երբ որ մենք անդամակցության պայմանների քննարկման փուլում էինք։ Պետք է բացառել։ Քանի որ շատ պարզ, հայտնի է, որ եթե մրցակցություն առաջանա՝ այն հօգուտ մեզ չի լինելու, այլ՝ ի վնաս մեզ»։ Անդրադարձ եղավ նաեւ մեկ այլ խնդրի, որ չպիտի քննարկվեր տվյալ մարմնի շրջանակում, սակայն կարծես քննարկումն անխուսափելի է։ Խոսքը Թուրք-հայկական հաշտեցման հանձնախմբի շրջանակում Ցեղասպանության խնդրի արծարծման մասին է։ «Արտաքին քաղաքականությունը 1 դերասանի թատրոն չէ»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը՝ ընդունելի համարելով, որ նման հարցերը քննարկվեն ե՛ւ հասարակական գործիչների, ե՛ւ խորհրդարանական դիվանագիտության մակարդակով։ Եվ տարակուսանք արտահայտեց, թե ինչու ՀՀՇ վարչության նախագահ Ալեքսանդր Արզումանյանը նպատակահարմար չէր գտնում, որ Ցեղասպանության ճանաչման հարցը քննարկվի այդ հանձնաժողովում. «Չէ՞ որ ժամանակին ՀՀՇ-ն ասում էր, թե պետական մակարդակով չպետք է դրվի Ցեղասպանության ճանաչման հարցը, բայց ժողովրդական դիվանագիտության, հասարակական կազմակերպությունների միջոցով ամենաակտիվ ձեւով պետք է բարձրացնել այս հարցը»։ Հմայակ Հովհաննիսյանը տվյալ ակնհայտ հակասությանն այս հարցադրմամբ արձագանքեց. «Մի՞թե փոխվել է ՀՀՇ-ի դիրքորոշումը։ Իրենք հիմա համարում են, թե այս հարցը պետք է պետակա՞ն մակարդակով դրվի»։ Նաեւ նշեց, որ հենց այս կարգի՝ ազատ կարգավիճակ ունեցող հանձնախմբերն են այն ազատ ամբիոնները, որտեղ պիտի քննարկվեն նման հարցեր։ Հմայակ Հովհաննիսյանի երկրորդ նախասիրության՝ գյուղատնտեսության շուրջ դիտարկումների թիրախն այս անգամ էլ էր նախարար Զավեն Գեւորգյանը եւ նրա Ագրարային կուսակցությունը։ Վերջինս, ըստ պրն Հովհաննիսյանի, խախտելով օրենքը, գործում է հենց նախարարության շենքում. «Նախարարությունը հանդես է գալիս այդ կուսակցության պապայի դերում։ Ես երբեք քաղաքականության մեջ պապաներ չեմ ունեցել եւ չեմ էլ ունենալու»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել