Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայտնի է, որ «Նոյյան տապան» հեռուստաընկերությունը զրկվեց եթերից այն բանից հետո, երբ հրաժարվեց ենթարկ

Դեկտեմբեր 01,2001 00:00

«ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆԻ» ՀԱՄԱՐ ԱԼԻՔՆԵՐ ՉԿԱ՞Ն Հայտնի է, որ «Նոյյան տապան» հեռուստաընկերությունը զրկվեց եթերից այն բանից հետո, երբ հրաժարվեց ենթարկվել լրատվական ծառայության եւ «5-րդ խոսափող» հաղորդման թողարկումները դադարեցնելու պահանջին։ Հրապարակվել է, որ իշխանությունների ճնշման ներքո այդ պահանջը ներկայացրել էր Հայաստանում «TV-6 Մոսկվա»-ի գործընկեր ներկայացուցիչ «Լոտոս» հեռուստաընկերությունը, որն իր ալիքը տրամադրել էր «Նոյյան տապանին»։ Սակայն ինչո՞ւ «Լոտոսի» հեռահաղորդակի աշխատանքը դադարեցնելուց հետո «Նոյյան տապանը» սեփական հաճախականություն չվերցրեց իր ծրագրերը հեռարձակելու համար։ Այս հարցի պատասխանը փորձել էին ստանալ «Խոսքի (արտահայտվելու) ազատության ապահովումը Հայաստանում» զեկույցի հեղինակները եւ հանգել բավական հետաքրքրական եզրակացության։ Սակայն մինչ այն ներկայացնելը՝ մեջբերենք հատվածներ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Նոյյան տապան» լրատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Տիգրան Հարությունյանի ուղղած նամակից. «Նոյյան տապան» լրատվական-վերլուծական կենտրոնը, որը սկսած 1995 թվականից ծավալում է հեռուստալրատվական գործունեություն, առ այսօր, անգամ ձեր նախագահության օրոք, բացարձակ անհասկանալի եւ անընդունելի պատճառներով հայրենիքում հնարավորություն չի ստանում իրագործել իր հիմնական ծրագրերից մեկը՝ այն է Հայաստանում ստեղծել Նորությունների մասնագիտացված հեռուստաալիք։ Արդեն 3-րդ տարին է, ինչ մեր բոլոր փորձերը՝ ստանալ հաճախականություն, հաջողությամբ չեն պսակվում։ Սկսած 1997 թվականից ՀՀ կապի նախարարությունը կամ անպատասխան էր թողնում մեր դիմումները, կամ մերժում ազատ կապուղիների բացակայության պատճառաբանությամբ։ Մենք մեր աղբյուրներով պարզեցինք, որ ե՛ւ 1997, ե՛ւ 1998 թվականներին ազատ կապուղիներ եղել են. ավելին, կապուղիներ են տրամադրվել մեզանից շատ ավելի ուշ բացված եւ կապուղի ստանալու համար ավելի ուշ դիմած բազմաթիվ այլ հեռուստաընկերությունների։ Այս ամենը մեր տարակուսանքն է առաջացնում։ Ազատ կապուղիների առկայությունը հաստատվեց նաեւ ՀՀ կառավարության մամլո ծառայության վերջերս տարածած հաղորդագրությամբ (հաստատվեց, որ առկա են երկու ազատ կապուղի)։ Սակայն կրկին անհասկանալի պատճառներով այս երկու ազատ հաճախականությունից եւ ոչ մեկը մեզ չտրվեց. այս անգամ նոր պատճառաբանությամբ՝ հաճախականությունները պետք է բաշխվեն մրցույթով։ Խնդրում ենք Ձեր միջնորդությունը «Նո յյան տապան» լրատվական կենտրոնին՝ Նորությունների հեռուստաալիք ստեղծման համար նախատեսվող մրցույթից դուրս հաճախականություն տրամադրելու հարցում, քանի որ ա) մենք դրվում ենք ոչ հավասար պայմանների մեջ գործող հեռուստաընկերությունների համեմատությամբ, որոնք հաճախականություն ստացել են առանց որեւէ մրցույթի, բ) հաճախականություն ստանալու համար մեր դիմումների առաջին պաշտոնական պատասխանը ստացվել է վերոհիշյալ որոշումն ընդունելուց առնվազն 7 ամիս առաջ (ավելի վաղ արված մեր դիմումները նախարարությունը չի պահպանել)։ Ավելին, պարզվում է, որ հուլիսից մինչեւ այսօր ընկած ժամանակահատվածում առկա են եղել ազատ կապուղիներ, գ) հաճախականություն մեզ չտրամադրելու, ինչպես նաեւ մրցույթի պայմանների եւ ժամկետների դեռեւս չհայտարարելու պայմաններում յուրաքանչյուր օր մեծ վնաս է հասցվում մեր Կենտրոնին, որն արդեն երրորդ տարին է, ինչ իր կազմում եւ բացառապես իր միջոցներով պահում է լուրջ կառույց՝ Նորությունների հեռուստատեսություն։ Հաճախականության բացակայության ամեն մի նոր օրը վերջիվերջո կհանգեցնի արդեն իսկ գործող կառույցի փլուզմանը»։ Այժմ անդրադառնանք այն պատճառաբանություններին, որոնցով «Նոյյան տապանին» մերժել են տրամադրել հաճախականություն։ Զեկույցի հեղինակների եզրակացության համաձայն. «Այդ պատասխանները բացարձակ կեղծ են եւ «Նոյյան տապանի» նկատմամբ կիրառվել են երկակի չափանիշներ. «Նոյյան տապանից» շատ ավելի ուշ դիմած թվով 7 հեռուստաընկերությունների տրվել են դեցիմետրային ալիքներ, ի դեպ, առանց մրցույթի։ Բոլոր այդ հեռուստաընկերությունները պատկանում են իշխանությունների կողմից հեշտությամբ վերահսկելի գործարարներին կամ կազմակերպություններին»։ Թվարկենք, թե որոնք են այդ հեռուստաընկերությունները, որոնք արտոնագրի համար դիմել էին «Նոյյան տապանի» դիմումից հետո եւ ի տարբերություն վերջինիս՝ ստացել իրենց հաղորդումները սեփական դեցիմետրային ալիքով հեռասփռելու հնարավորություն։ 1997-ից հետո դեցիմետրային ալիքներ են տրամադրվել «Արմենիա» ու «Սինեմաքս» հեռուստաընկերություններին, OPT-ին ու CNN-ին։ 4-ի հեռարձակումն էլ առնչվում է, ըստ զեկույցի հեղինակների՝ Սարգսյանների ընտանիքին (խոսքը Բագրատ, Արտեմ եւ Վահագն Սարգսյանների մասին է)։ «Նոյյան տապանից» հետո դիմելով առավել հաջողակ գտնվեց Արմեն Ամիրյանն իր «Արմեն- Ակոբ»-ով, «Շանթ-պաղպաղակը»՝ իր «Երեւան» հեռուստաընկերությամբ։ Նաեւ «Պարադիզը» հաջողեց դեցիմետրային ալիքով վերահեռարձակել HTB-ն, իսկ Գյումրիի «Շանթ»-ն էլ սկսեց հեռարձակվել նաեւ Երեւանում։ Այսուհանդերձ, այժմ էլ դեցիմետրային 7 ալիքներ շարունակում են մնալ ազատ՝ 33-ը, 43-49-ը եւ 53-57-ը։ Իսկ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը (այս հանձնաժողովի լիազորությունների մեջ է այժմ մասնավոր հեռուստաընկերություններին հեռարձակման արտոնագրերի տրամադրումը) հրապարակավ խոստացավ «Նոյյան տապանին» եթեր տրամադրել, եթե այս հեռուստաընկերությունը մրցույթում լավ պայմաններ առաջադրի։ Այս հարցին էլ էր անդրադարձել «Նոյյան տապանի» տնօրեն Տիգրան Հարությունյանը Ռոբերտ Քոչարյանին հղված նամակում. «Մրցույթը նախատեսում է խոշոր դրամական մուծումներ, ինչը, ներկա իրավիճակում, գրեթե անհաղթահարելի խոչընդոտ է ինչպես մեր, այնպես էլ Հայաստանի այլ անկախ զանգվածային լրատվամիջոցի համար»։ Ուստի, թեեւ տվյալ պարագայում իշխանությունների գործողությունները արտաքուստ պարուրված են օրինականության շղարշով, բայց «Նոյյան տապանի» հանդեպ այս խտրականությունը «Խոսքի ազատության ապահովումը Հայաստանում» զեկույցի հեղինակներին հիմք է տվել եզրակացնելու. «Իշխանությունները փակել են եթերն այն ԶԼՄ-ների առջեւ, որոնք չեն վերահսկվում նրանց կողմից»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Զեկույցում այլ անդրադարձեր եւս կան «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի» գործունեությանը։ Ասենք, թե ինչպես է այն փորձում միջամտել մասնավոր հեռուստաընկերությունների ֆինանսական գործունեությանը։ Կամ, թե ինչպես է հանձնաժողովի անդամներից մեկն ակնարկել իշխանությունների վերահսկողությունից դուրս գտնվող մեկ այլ հեռուստաալիք չվերալիցենզավորելու հնարավորության մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել