Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջին կորուստը Կարեն Ասրյանն է

Նոյեմբեր 30,2001 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀԻՆԳԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ Առաջին կորուստը Կարեն Ասրյանն է Մոսկվայում մեկնարկած ՖԻԴԵ-ի վարկածով շախմատի աշխարհի տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնությունը աստիճանաբար թափ է վերցնում։ Մրցակարգով նախատեսված առաջին շրջանի երկրորդ տուրը հաջող անցկացրին մեր հանրապետության վեց պատվիրակներից (4 տղամարդ եւ 2 կին) հինգը։ Ռաֆայել Վահանյանը ֆրանսիացի Սլիմ Բելկոժայի հետ երկրորդ պարտիայում բաժանեց միավորը եւ 1,5։0,5 ընդհանուր հաշվով հաղթելով, մտավ 1/32 եզրափակիչ։ Նույնպիսի արդյունքով պայքարը շարունակելու իրավունք նվաճեց նաեւ Աշոտ Անաստասյանը։ Իսկ ահա Սմբատ Լպուտյանը երկու անգամ անընդմեջ լեհ Միխալ Կրասենկովին հասկանալ տվեց, որ վերջինս անզոր է իր դեմ պայքարելու։ Կանանց պայքարում առաջին արգելքը գերազանց հաղթահարեցին Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը։ Նրանք երկրորդ օրն էլ իրենց առավելությունը համապատասխանաբար ապացուցեցին ռուսաստանցի Տատյանա Շումայկինայի եւ Մոնիկա Սոցկոյի (Լեհաստան) նկատմամբ ու անցան 1/16 եզրափակիչ։ Ինչ վերաբերում է երիտասարդ գրոսմայստեր Կարեն Ասրյանին, նա երկու անգամ միավորը բաժանեց բելառուսցի Ալեքսեյ Ֆյոդորովի հետ եւ հաղթողին որոշելու համար ստիպված էր երկու 20 րոպեանոց հանդիպում ունենալ նրա հետ։ Նույն վիճակում էր հայտնվել նաեւ Չեխիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը, որի մրցակիցը ուկրաինացի Վադիմ Մալախատկոն էր։ Եվ եթե հայրենիքից հեռու բնակվող մեր հայրենակցին, այնուամենայնիվ, դժվարությամբ հաջողվեց «բլիցում» կշեռքի նժարն իր կողմը թեքել, ավաղ, Կարեն Ասրյանը հարկադրված եղավ առաջին շրջանի ավարտից հետո հրաժեշտ տալ աշխարհի առաջնությանը։ Այսպիսով, Մոսկվայում Հայաստանի վեց պատվիրակներից հինգը շարունակում է պայքարը։ Հուսանք, որ նրանց համար հաջող կդասավորվի նաեւ երկրորդ փուլը։ Աշխարհի առաջնության անդրանիկ տուրը մի քանի սենսացիա մատուցեց։ Գլխավոր անակնկալն, անշուշտ, այն է, որ դասական շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը այս մրցաշարի թիվ 113-րդ շախմատիստ չինացի Չան Պենչանի հետ պայքարից հետո հարկադրված եղավ վերածվել հանդիսականի։ Նույն ճակատագրին արժանացավ նաեւ հողագնդի ամենատիտղոսավոր շախմատիստներից մեկը՝ Նոնա Գափրինդաշվիլին, որն անձնատուր եղավ լեհուհի Մարթա Զելինսկային։ Լավ է, որ «խայտառակությունից» փրկվեցին ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը, նրանից առաջ այդ տիտղոսը կրած Խալիֆմանը, ներկայիս ուժեղագույն գրոսմայստերներից՝ Ալեքսանդր Մորոզեւիչը։ Երեկ պայքարը շարունակելու իրավունք նվաճած 96 շախմատիստները (տղամարդիկ եւ կանայք) երկրորդ շրջանի հանդիպումներն անցկացնելու համար ստիպված էին գնալ Միխայիլ Բոտվիննիկի անվան շախմատիստի կենտրոնական տուն։ Պատճառն այն է, որ ԱՊՀ երկրների ղեկավարների հոբելյանական 10-րդ համաժողովի շրջանակներում Մոսկվա է ժամանել Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչման եւ, ինչպես կատակում են առաջնությունը լուսաբանող լրագրողները, հենց նա էլ շախմատիստներից մեկ օրով «խլել» է Կրեմլի համագումարների պալատը։ Երեկ կայացան երկրորդ տուրի առաջին հանդիպումները, որոնցում, սակայն, մեր շախմատիստների մրցակիցներն անհամեմատ ավելի ուժեղ էին։ Այսպես, Ռաֆայել Վահանյանն ուժերը չափում էր Միխայիլ Գուրեւիչի (Բելառուս) հետ, Սմբատ Լպուտյանի մրցակիցը հոլանդացի Լյուկ Վան Վելին էր, իսկ Աշոտ Անաստասյանինը՝ Հունգարիայի թիվ մեկ շախմատիստ Պետեր Լեկոն։ Չեխիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը խաղում էր Զուրաբ Ազմայփարաշվիլու (Վրաստան) հետ։ Լուրջ փորձություն էր սպասվում նաեւ մեր երկու աղջիկներին։ Լիլիթ Մկրտչյանը սեւերով հանդիպելու էր ռուսաստանցի Եկատերինա Կովալեւսկայայի հետ, իսկ Էլինա Դանիելյանը նույնպես սեւ խաղաքարերով խաղալու էր չինուհի Հու Յուհուայի հետ։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել