Լրահոս
Օրվա լրահոսը

Լրացավ

Նոյեմբեր 30,2001 00:00

ԱՎԱՆԴԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐԸ Լրացավ Ալավերդու պետական թատրոնի հիմնադրման 70-ամյակը, որը գոյատեւեց շուրջ 21 տարի։ Վանաձորում էլ լրացավ պետթատրոնի հիմնադրման 70 տարին եւ, ինչպես ավանդապահ վանաձորցիները պահել-պաշտպանել են իրենց թատրոնը, այնպես էլ մեծ տոնակատարությամբ նշեցին թատրոնի հոբելյանը, իսկ Ալավերդիում թեեւ կազմակերպվել էր «Թատերական Լոռի» ավանդական փառատոնը, սակայն ոչ մի խոսք ու հիշատակություն չեղավ քաղաքի պետթատրոնի հոբելյանի մասին։ Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված, թվով 16-րդ «Թատերական Լոռի» փառատոնի վարագույրը բացվեց շամպայնի խցանների պայթող «համազարկերի» ներքո, որոնց պարունակությունը միայն ժյուրիի անդամների եւ հանդիսույթին ներկա մի քանի ղեկավարների որովայնը պիտի տաքացներ, իսկ հանդիսատեսը, չմասնակցելով գինարբուքին, մինչեւ երկարապոչ գավաթների դատարկվելը անմասնակից ունկնդրեց փառատոնի տոնակատարությունը։ Տարիներ առաջ փառատոնին հրավիրվում էին ոչ միայն Հայաստանի, այլեւ Վրաստանի եւ նախկին Միության հանրապետությունների թատրոններ։ Հիմա նույնիսկ հանրապետության շատ թատրոններ, արդեն քանի տարի է, ինչ համառորեն մերժում են ալավերդցի գործընկերների կարոտաբաղձ հրավերները։ Բանն այն է, որ վերջին տարիներին անցկացվող «Թատերական Լոռու» մրցանակներին արժանանում է միայն տեղի թատերախմբի անձնակազմը։ Մի խոսքով, իրենք նվագում են՝ իրենք պարում։ Մրցանակաբաշխությունը իրականացնում են մայրաքաղաքից ժամանած թատերական աշխարհի «լուսատու աստղեր»՝ փառատոնի ժյուրիի արդեն ավանդական նախագահ, Երեւանի դերասանի տան տնօրեն Հայկազ Երանոսյանը եւ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյանը։ Վերջինս խոստովանում է, որ ամեն անգամ փառատոնին մասնակցելով ապշում է, թե ինչպիսի թատերախմբի է հանդիպում Ալավերդիում, որի ազդեցությամբ ապրում է մինչեւ հաջորդ «Թատերական Լոռու» անցկացումը։ Դե, Ալավերդու դերակատարներն էլ, տիտղոսներով ոգեւորված ու թատերական մեծերի շարքը «դասված», ծառանում են քաղաքի ոչ թատերական միջավայրի կողմից չհասկացվածության դեմ։ Բայց, հուրախություն մեզ, Երվանդ Ղազանչյանը, բարեբախտաբար, միայն Ալավերդիում չէ զարմանում ու ապշում, նա Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի ռեժիսորի «ձեռքբերումներով» ու թատրոնի արտերկրային փառատոների «հաղթարշավներից» էլ է խիստ հուզվում։ Այնուամենայնիվ, Ալավերդու թատերախմբի ղեկավարը խոստովանում է, որ մի քանի տարի առաջ Ստեփանավանի թատրոնը փայլուն ելույթ է ունեցել եւ արժանավորապես չգնահատվելու արդյունքում, անպատասխան է թողել փառատոնի հրավերները։ Իսկ վերոնշյալ թատրոնը, ցավոք, այս պարագայում միակը չէ… Եվ կրկին փակվում է 4 օրով բացված «Թատերական Լոռի» փառատոնի վարագույրը, եւ կրկին թատերական «երկնակամարը» զարդարվում է դափնիների արժանացած Ալավերդու թատերախմբի անդամների անուններով, իսկ հանդիսատեսը հիասթափված մրցանակների բաշխումից, վերհիշում է հյուրընկալած խմբերի ավելի հաջող բեմադրությունները, մրցանակի չարժանացած ռեժիսորների ու դերասանների ելույթները։ Սակայն չպետք է կարծել, թե ալավերդցի բոլոր դերասաններին է հավասարապես մրցանակ բաշխվում, այստեղ էլ թատերական կլաններն են գործում։ Եթե դերասանը կամակատարն է Մշակույթի կենտրոնի տնօրեն-ռեժիսորի, ապա այդ դեպքում է միայն դափնին շնորհվում։ Մնում է միայն բարեկամաբար խորհուրդ տալ «Թատերական Լոռի» փառատոնի ժյուրիի նախագահ Հայկազ Երանոսյանին եւ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյանին, որ հաջորդ անգամ քաղցած վիճակում ամփոփեն փառատոնային ներկայացումների արդյունքները եւ հետո հյուրասիրվեն Ալավերդու թատերախմբի համեղ խոհանոցում։ ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՔԱՌՅԱՆ ՀՀ թատերական գործիչների միության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել