Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ արտգործնախարարը էլհամակարգի արտադրանքի շուկայի խնդրով է զբաղվում։ Իր հերթին՝ ՀՀ էներգետիկայի նախա

Նոյեմբեր 30,2001 00:00

Ավելի պարզ հաշվարկ ՀՀ արտգործնախարարը էլհամակարգի արտադրանքի շուկայի խնդրով է զբաղվում։ Իր հերթին՝ ՀՀ էներգետիկայի նախարարը դիվանագիտական ելույթների փորձ է կուտակում։ Նոյեմբերի 27-29-ը Երեւանում կայացած Իրանի էլեկտրաէներգետիկային նվիրված միջոցառումն ու ցուցահանդեսը երկակի մտորումների տեղիք տվեց։ Այն պայմանավորված էր հարեւանի գործերի հանդեպ հարգանքի զգացումով եւ մեր էներգետիկ ապագայի անորոշությամբ։ Ոչ հեռավոր տարիներին խավարի մեջ գտնվող Իրանն այսօր ինքնաբավ էլարտադրություն ունի, այն դեպքում, երբ մեր էներգետիկ հաշվեկշռում սեփականը հազիվ 5% է։ Իրանի մասնագետները կոնկրետ թվեր ունեն զարգացման մոտակա եւ հեռակա տարիների համար, երբ մերոնց արածը ընդամենը զրույցներ են. 20 տարի շարունակ խոսում ենք Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ բլոկի ու 10 տարուց ավելի՝ Լոռիբերդի ու Մեղրիի ՀԷԿ-երի մասին։ Հարեւանների ծրագրերում թվերը 10-յակ միլիարդավոր կվտ/ժամերի շուրջ է, մեր պարագայում՝ 10-յակ մվտ-ների։ Այս իրավիճակում խոսել ՀՀ զարգացման հնարավորությունների մասին, նշանակում է ինքնախաբկանքի տրվել։ Այն մտայնությունը, թե Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետի ակնկալվող երկարաձգումը բարենպաստ միջավայր է երաշխավորում զարգացման համար, տնտեսվարության հանդեպ պարզունակության դրսեւորում է։ ԱԷԿ-ը ՀՀ մեկ բնակչի հաշվով օրական 1,5 կվտ/ժամ էլեկտրաէներգիա է արտադրում։ Թե ինչ ցուցանիշ է այն, կարող է հաշվել յուրաքանչյուրը։ ՋԷԿ-երը այդ թվին ավելացնում են 2 կվտ/ժ, ՀԷԿ-երը՝ մոտ 1 կվտ/ժ։ Պարզելու համար, թե ինչ թիվ է օրական 5 կվտ/ժամը, նշենք, որ զարգացող երկրներում այն մոտ է 10 կվտ/ժամի, զարգացած երկրներում՝ 20-40 կվտ/ժամերի, Ֆինլանդիայում՝ 40 կվտ/ժ է, Նորվեգիայում՝ 70 կվտ/ժ։ Երկիր մոլորակի վրա պետություն չեք նշի, ուր վերջին 10 տարիներին էլհզորություններն այնքան մաշվածության ենթարկված լինեն, ինչպիսին մերն է։ Իրանի էներգետիկայի փոխնախարար դոկտոր Ախմադիանին մի հետաքրքիր թիվ նշեց. երկիրը 2000թ. վաճառել է 6 մլրդ կվտ/ժ, ստացել՝ 30 մլն դոլար։ Պարզ թվաբանության արդյունքում ստացվում է, որ իրանյան կվտ/ժամը համարժեք է մեր 3 դրամին։ Եվ հարցը ծագում է ինքնաբերաբար. առավել նպատակահարմար չէ՞ արդյոք մեր 5 մլրդ կվտ/ժ տարեկան էլսպառումը գնել Իրանից՝ դրա դիմաց վճարելով մոտ 25 մլն դոլար։ Չէ՞ որ ՀՀ էլհամակարգը այս քանակի էլարտադրության վրա միայն 50 մլն դոլարի կորուստ է ունենում։ ՀՀ նախագահը պատրաստվում է Իրան պաշտոնական այցի։ Աշխարհի առջեւ ծնկի եկող մեր երկրի համար առավել կարեւոր խնդիր չկա, քան էլէներգետիկ ապագան. երկրի ղեկավարն այն անձամբ պետք է տիրապետի, խուսափելու համար ինքնաարդարացման ցանկացած տարբերակից։ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել