Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իսկ

Նոյեմբեր 30,2001 00:00

«ՄԱՍՆԱԳԻՏՈՐԵՆ» ՓՈՐՎԱԾ ՀԻՄՔԸ «ԾԽՈՒՄ Է» Իսկ մյուս օրերին՝ գարշահոտում Երեւանի Ֆիրդուսի փողոցի թիվ 70 տան բնակչուհի Հայկանուշ Սիրոյանը ներկա քաղաքապետին ուղղված իր երրորդ դիմումի մեջ գրում է. «Մասնագիտական մեծ փորձ անհրաժեշտ չէ հասկանալու համար, որ սույն որոշմամբ խախտվել են ճարտարապետական նորմերը եւ կարեւորը՝ այդ տարածքին մոտ ապրող բնակիչների սեփականատիրական եւ մարդկային իրավունքները»։ Խոսքը բնակելի շենք կառուցելու նպատակով ՀՀ Շախմատի ֆեդերացիային Չայկովսկու փողոցում հողատարածք հատկացնելու մասին Երեւանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի 1998թ. հոկտեմբերի 6-ի թիվ 764 որոշման մասին է։ Նախատեսվող շինարարությանը հարակից տների բնակիչները գտնում են, որ հաշվի չեն առնվել մոտակա տներից պահանջվող հեռավորությունը, կոմունիկացիաների անխափանությունը եւ այլն։ «Շենքի կառուցման նպատակով կառուցողը տարածքը պարսպապատել է, որով փակվել է մեր ավտոտնակի եւ հետիոտնի ճանապարհը»,- գրում է Հ. Սիրոյանը։ Բնակիչների պնդմամբ, հաճախ շտապօգնության մեքենաները հրաժարվում են մտնել այդ «ծակուռը»՝ Ֆիրդուսի փողոց։ Սկզբում նրանց հանգստացրել են՝ ասելով, որ շինարարությունը կարճ է տեւելու, որից հետո ճանապարհը կբացվի։ Այդ «կարճատեւ» շինարարության միայն հիմքը փորելը տեւել է 10 ամիս։ Մարտից շինարարությունը դադարեցվել է, տեխնիկան՝ հանվել։ Պարիսպն, իհարկե, տեղում է, «իսկ հիմքի փոսն օրեցօր փոքրանում է լցվող կենցաղային աղբով»։ Հիմքի փոս ասվածը մոտավորապես 8 մետր խորություն ունի, պահանջվող 1,5-ի փոխարեն։ Սրա պատճառն, ըստ բնակիչների, այն է, որ այդքան փորելուց հետո էլ շինարարները չեն հասել գրունտին, քանի որ այդ տեղում 1930-ականներին վաղեմի քարհանքից մնացած փոս է եղել, որը հետագայում փակվել է։ Հասկանալի է, որ 30 տարում էլ այն գրունտ չէր դառնա։ Համենայնդեպս, այնպես չէր ամրանա, որ վրան կարելի լիներ շենք կառուցել։ Փոսը բացի այդ «ծխում էլ է», միայն՝ ձյան շերտից հանգում։ «Ծխում է»՝ շնորհիվ «Ֆիրդուսնոց» կոչվող տոնավաճառի աղբանոցը դառնալու։ Բնակարանների անմիջական հարեւանությամբ այդ աղբանոցը առնետների, ամռանը՝ գարշահոտության անսպառ աղբյուր է։ Քաղաքապետարանից մի քանի անգամ այս անհանգստություններին գրավոր պատասխանել են, որ Շախմատի ֆեդերացիան պատրաստակամություն է հայտնել մինչեւ շինարարության ավարտը, ժամանակավորապես Հ. Սիրոյանին տրամադրել ավտոտնակ, ինչի համար առաջարկվել է հարցը քննարկել ֆեդերացիայի հետ։ Բացի այդ, Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Ս. Կոտոլիկյանի պատասխանում նշված է, որ Հ. Սիրոյանը իր կողմից ինքնակամ կառուցված ավտոտնակը գրանցել է վերոնշյալ բնակելի շենքի հողահատկացումից հետո՝ 1998թ. դեկտեմբերին։ Իսկ սեփականատիրական իրավունքները պաշտպանելու համար քաղաքացուն ցույց է տվել դատարանի ճանապարհը, հավանաբար նկատի առնելով հենց վերջին հանգամանքը։ Սա ս/թ հունիսի 25-ի գրությամբ։ Իսկ արդեն նոյեմբերի 9-ին հակարդաձելով քաղաքացու «մասնագիտական մեծ փորձ անհրաժեշտ չէ հասկանալու համար» արտահայտությունը, պրն Կոտոլիկյանը նշում է, որ հենց «մասնագիտական փորձ» է անհրաժեշտ հասկանալու համար, որ տվյալ որոշումը չի հակասում օրենսդրությանը եւ գործող նորմերին։ Միայն թե ՃՔ վարչության պետն անզգուշություն է ունեցել հենց նույն փաստաթղթում գրելու. «Բնակելի շենքի շինարարության դադարեցումը պայմանավորված է լրացուցիչ երկրաբանական հետազոտությունները կատարելու հետ, որի պատճառով անհրաժեշտություն է առաջացել կառուցապատողի կողմից կատարել նախագծային փոփոխություններ։ Կառուցապատողին առաջարկվել է հնարավորինս կարճ ժամկետներում վերահամաձայնեցնել բնակելի շենքի նախագիծը, ապահովելով հարեւան տների ինսոլյացիոն ռեժիմը, պահանջվող հակահրդեհային նորմերը եւ վերսկսել շինարարությունը»։ Սրանից կարելի է եզրակացնել, որ համենայնդեպս հիմքի փոսը փորելուց առաջ «մասնագիտական փորձը» բավարար չի եղել այս ամենը հաշվի առնելու համար։ Էլ չենք ասում նախագծի հաստատման փուլի մասին։ Եթե այն բավարար է եղել, ինչո՞ւ հանկարծ 8 մետր փորելուց հետո միայն որոշեցին երկրաբանական հետազոտություններ կատարել, վերահամաձայնեցնել եւ այլն։ Դատելով մամուլի հրապարակումներին քաղաքապետարանի օպերատիվորեն արձագանքելու վերջերս հայտնված սովորույթից, ակնկալում ենք դրա առկայությունը նաեւ այս դեպքում։ Մանավանդ հեռուստաէկրանից քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի՝ այս դեպքի համար տրված խոստումից հետո։ Բնակիչների պահանջն է՝ գոնե Ֆիրդուսի փողոցի մուտքը բացելու համար այդ հատվածում քանդել պարիսպը եւ փոսը լցնել։ Մինչեւ որեւէ լուծում։ Իսկ ՃՔ վարչության պետը, համենայնդեպս, իր գրությամբ «ապահովագրում է» այդ հնարավոր լուծման մի տարբերակը. «Միաժամանակ հայտնում եմ, որ ձեր տան եւ հարակից տարածքները ենթակա են իրացման ամբողջ թաղամասը միասնական նախագծով կառուցապատելու նպատակով»։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել